Մայր Աթոռում կատարվել է վարդապետական մասնավոր աստիճանի տվչություն

Մայր Աթոռում կատարվել է վարդապետական մասնավոր աստիճանի տվչություն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում ապրիլի 17-ին տեղի ունեցավ Իտալիայի հայոց հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Թովմա աբեղա Խաչատրյանի «Իտալիայի հայազգի սուրբերը. Իտալիայում հայկական պատմական եկեղեցիները. Իտալիայի նշանավոր հայերը» թեմայով վարդապետական թեզի պաշտպանությունը:

Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից, բանավոր պաշտպանության ներկայացված թեզի ընդդիմախոսն էր Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի պատասխանատու Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, իսկ գրախոսը՝ Գևորգյան հոգևոր ճեմարանի դասախոս փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Պարգև Բարսեղյանը:

Հավարտ բանավոր պաշտպանության քննիչ հանձնախումբը դրական եզրակացություն տվեց վարդապետական թեզի պաշտպանությանը և արժանի համարեց Հոգեշնորհ Տ. Թովմա աբեղա Խաչատրյանին ներկայացնելու մասնավոր վարդապետության աստիճանի տվչության:

Ապրիլի 18-ին, ձևավորված ավանդության համաձայն, Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում ձեռամբ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի Տ. Թովմա աբեղա Խաչատրյանն ստացավ Հայ Եկեղեցու մասնավոր վարդապետության չորս աստիճանները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում