Համոզված եմ, որ մենք 2015 թվականին արձանագրելու ենք տնտեսական աճ. ՀՀ վարչապետ

Համոզված եմ, որ մենք 2015 թվականին արձանագրելու ենք տնտեսական աճ. ՀՀ վարչապետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Ծաղկաձորում ապրիլի 17-19-ն անցկացվող «Հայաստանի Հանրապետության տնտեսական համակարգը. նորարարություն, զարգացում, իրագործում» խորագրով միջբուհական ուսանողական գիտաժողովի աշխատանքներին:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ արդի աշխարհում երիտասարդության մտավոր և ֆիզիկական կարողությունների նպատակային կիրառումը պետության և հասարակության կայուն զարգացման կարևոր նախապայմաններից է: Այդ իսկ պատճառով Հայաստանի Հանրապետության կառավարությունը երիտասարդության՝ հասարակության մեջ ակտիվ ներգրավման և սոցիալական ապահովման հետ կապված խնդիրները հայտարարել է պետական սոցիալական քաղաքականության ռազմավարական ուղղություն:

«Մենք մի շարք ծրագրեր ենք իրականացնում՝ ուղղված երիտասարդության զբաղվածության և սոցիալական խնդիրների լուծմանը: Մասնավորապես՝ հիպոթեքային համակարգից օգտվելու հնարավորությունների ընձեռումն այնպիսի ծրագրի միջոցով, ինչպիսին է երիտասարդ գիտնականներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագիրը: Խթանման մեխանիզմներ են սահմանվել նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում սկսնակ գործարարների համար: Սակայն խնդիրները բազմաբնույթ են, և դեռևս շատ անելիքներ ունենք: Վստահ եմ, որ երկրի տնտեսական վերելքին զուգահեռ մենք ի վիճակի կլինենք զգալիորեն բարելավել իրավիճակը»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ այսօր մեր ամենալուրջ խնդիրներից  մեկը զբաղվածության հարցն  է: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ գործազրկության մակարդակի նվազեցման եղանակներից մեկը մասնագիտական հմտությունների բարձրացումն է և երիտասարդության ներգրավումը ձեռնարկատիրական գործունեության մեջ: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ, գիտակցելով տնտեսության հետագա զարգացման համար նորարարության կարևորությունը, կառավարությունը որդեգրել է գիտելիքահեն տնտեսություն կառուցելու ուղին, որի նպատակով հստակ քայլեր են ձեռնարկվել, և արդյունքները արդեն իսկ տեսանելի են:

  «Այս համատեքստում,  ուրախալի է, որ Հայաստանի տնտեսության առաջընթացի մասին մտածում են նաև երիտասարդները, ուսանողները, որոնց նորարարական մոտեցումները, հիմնավոր առաջարկներն ու արժեքավոր հետազոտությունները կարող են գործուն նշանակություն ունենալ տնտեսության զարգացման համար»,- նշել է վարչապետը:

Հովիկ Աբրահամյանը նաև գովելի է համարել, որ համաժողովի մասնակիցները մեծ ուշադրություն են հատկացնում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին: Գիտաժողովն ունի հատուկ բաժին, որտեղ ներկայացվելու են «Ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի կրած նյութական կորուստները և դրանց փոխհատուցման հնարավորությունները» թեմայով զեկույցներ:

Վարչապետի խոսքով, այս քայլը ոչ միայն վկայում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման և հիշատակի միջոցառումներին երիտասարդների մասնակցության մասին, այլև յուրօրինակ կոչ է համաշխարհային երիտասարդ ությանն անտարբեր չգտնվելու և նպաստելու նմանատիպ ոճրագործությունների կանխարգելմանը:

Այս գիտաժողովն անցկացվում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հիմնադրման 85-ամյակի շրջանակում:

«Այն Հայաստանի բուհական հաստատությունների շարքում իր առանձնահատուկ տեղն ու դերն ունի, և ես, որպես համալսարանի խորհրդի նախագահ, բուհի հաջողություններով հպարտանալու շատ առիթներ եմ ունենում»,– նշել է Հովիկ Աբրահամյանը և շնորհավորել համալսարանի ողջ պրոֆեսորադասախոսական անձնակազմին և ուսանողներին հոբելյանի առթիվ, մաղթել նորանոր հաջողություններ և գիտական նվաճումներ:

Վարչապետն անդրադարձել է նաև տնտեսության զարգացման հեռանկարներին, այդ ուղղությամբ իրականացվող քայլերին:

«Ես հուսով եմ և համոզված, որ այն ծրագրերը, որոնք կյանքի են կոչվում և ընթացքի մեջ են՝ 2015 թվականի երկրորդ կիսամյակից կտան իրենց արդյունքները:  Չնայած կան բազմաթիվ կանխատեսումներ, որ մենք ունենալու ենք տնտեսական անկում՝ հաշվի առնելով տարածաշրջանի լարվածությունը, Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունները և այն պատժամիջոցները, որոնք կիրառվում են Ռուսաստանի նկատմամբ,  սակայն ես համոզված եմ, որ մենք 2015 թվականին արձանագրելու ենք տնտեսական աճ»,- նշել է վարչապետը:

Կառավարության ղեկավարըի խոսքով՝ ոչ ոք չէր կարող ծրագրել, որ 2015 թվականին կարձանագրվի ռուսական ռուբլու արժեզրկում, ինչը նաև իր բացասական ազդեցությունն է ունենում Հայաստանի տնտեսության վրա: Չնայած դրան, Հովիկ Աբրահամյանն փաստել է, որ այս տարվա հունվար-փետրվար ամիսներին ՀՀ-ում արձանագրվել է 1,8 տոկոսի տնտեսական աճ՝ նշելով, որ առաջին եռամսյակում  դրական տեղաշարժն ակնհայտ կլինի:

«Առաջիկա օրերին տվյալները կհրապարակվեն և կարծում եմ, որ մենք կունենանք 2,5-3 տոկոսի տնտեսական աճ, և ես համոզված եմ, որ մեր միասնական ուժերով 2015 թ. իրականացվող բոլոր ծրագրերն իրենց դրական արդյունքները կտան մեր տնտեսության զարգացման գործում»,-նշել է վարչապետը, հավելելով նաև, որ քննադատությունները, կանխատեսումները նաև զգոնություն են հաղորդում կառավարությանը: 

«Մենք դեռ շատ անելիքներ ունենք, և ես կարևորում եմ նաև երիտասարդության աջակցությունը»,– նշել է կառավարության ղեկավարը:   

Հետևեք մեզ նաև Telegram-ում