Թուրք-ադրբեջանական դաշինքի գործողությունները հակառակ արդյունք ունեցան

Թուրք-ադրբեջանական դաշինքի գործողությունները հակառակ արդյունք ունեցան

Կաթոլիկ աշխարհի հեղինակավոր առաջնորդի խոսքը Ցեղասպանության միջազգային ճանաչաման գործընթացում հզոր դետոնատորի նշանակություն ունեցավ։ Գործընթացը ձնագնդի էֆեկտով ու սրընթաց արագությամբ է առաջ ընթանում և արդեն ապրիլի 15-ի երեկոյան Թուրքիան ցնցվեց ևս մեկ լուրով` Եվրախորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող ևս մեկ բանաձև է ընդունել` կոչ անելով եվրոպական մյուս կառույցներին ապրիլի 24-ը ողջ Եվրոպայում ճանաչել Ցեղասպանության հիշատակման օր։ Բանաձևի ընդունմանը նախորդող քննարկումներում եվրապատգամավորները, քարը քարի վրա չթողնելով, պարզապես մերկացրին Թուրքիայի ժխոտողականության քաղաքականությունը` հստակ ցույց տալով, որ Անկարային չի հաջողվի խուսափել պատասխանատվությունից։

Թուրքիան, իհարկե, լուրջ ջանքեր էր գործադրել` խուսափելու համար ստեղծված իրավիճակից։ Անցյալ տարի Հռոմի Ֆրանցիսկոս Պապն այցելել էր Թուրքիա։ Դրանից հետո թուրքական մի շարք պատվիրակություններ են եղել Սուրբ Աթոռում։ Անկարային իր աջակցությունն է բերել նաև Ադրբեջանի Հանրապետությունը, որի ղեկավար Ալիեւը նույնպես ճոխ նվերներով և հեռանկարային ծրագրերով այս տարի եղել է Վատիկանում։ Վերջին մեկ-երկու տարիների ընթացքում վատիկանյան հարթակներում դիվանագիտական իսկական պատերազմ է եղել Հայաստանի և թուրք-ադրբեջանական դաշինքի միջև։ Ամենայն հավանականությամբ, Անկարան ու Բաքուն հարցն արդեն լուծված էին համարում, բայց, ինչպես ասում են` շաբաթն ուրբաթից շուտ եկավ։

Այժմ արդեն միանգամայն պարզ է, որ Թուրքիան ու Ադրբեջանը ստիպված են լինելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի դեմ քաղաքական այլ մեթոդներով պայքարել։ Մինչ օրս Բաքուն և Անկարան ամեն ինչ անում էին, որպեսզի անցած դարասկզբի իրադարձություններին վերաբրեվող քննարկումները հանկարծ տարածաշրջանային զարգացումների հիմնական թեմա չդառնան։ Այդ խնդիրը լուծելու համար թուրք-ադրբեջանական դաշինքն ամենակեղտոտ քայլերին էր գնացել` սկսած պատմական հայտնի փաստերի աղավաղումից ու կեղծարարությունից, ինչպես օրինակ ապրիլի 24-ին Գալիպոլիի ճակատամարտի տարելիցը նշելը, վերջացնելով հայ-ադրբեջանական սահմանում նոր պատերազմ հրահրելու անթաքույց ջանքերից։ Թյուրքական պետությունների հաշվարկը պարզ էր. ո՞վ ուշադրություն կդարձնի 100 տարի առաջ եղած դեպքերին, եթե տարածաշրջանում նոր պատերազմ է հասունանում։ Վերջին հաշվով պարզ ու հստակ է, որ հենց այդ խնդրի լուծմանն էին ուղղված անցած տարվա օգոստոսին սկսած և այս տարվա սկզբից ակտիվության նոր ու աննախադեպ փուլ մտած սահմանային միջադեպերի առատությունը։

Թուրք-ադրբեջանական դաշինքի գործողությունները, սակայն, իրենց նախնական ծրագրերի ճիշտ հակառակ արդյունք ունեցան։ Ի հեճուկս նրանց, Հայոց ցեղասպանության թեման ոչ միայն մեր տարածաշրջանի, այլև համաշխարհային քաղաքականության գլխավոր թրենդը դարձավ։ Ընդ որում, Թուրքիայի ժխտողականությունն ու իր հասցեին ուղղված քննադատություններին ցինիկորեն արձագանքելու սովորությունը, Անկարայի միջազգային մեկուսացման նոր ալիք բարձրացրեց։ Հռոմի Պապի հայտարարությանը հետևած զարգացումները ցույց տվեցին, որ նույն Գալիպոլիի տոնակատարություններին թուրքերն այլևս չեն ունենա տարբեր պետությունների ղեկավարների ներկայության այնպիսի մակարդակ, որը սպասում էին դեռևս մեկ շաբաթ առաջ։ Ավելին` վերջին օրերի զարգացումները լուրջ վեճ առաջացրին նաև թուրք-ադրբեջանական հարաբերություններում։

Նյութի շարունակությանը առաջարկում ենք ծանոթանալ «Արարատ» հեռուստաընկերության եթերոմ հեռարձակվող Հրանտ Մելիք-Շահնազարյանի «Տարածաշրջան» հեղինակային հաղորդման տեսագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում