ՄԽ-ի համանագահող երկրներն Արցախի անկախության ճանաչման դեմ են աշխատում. Կիրո Մանոյան

ՄԽ-ի համանագահող երկրներն Արցախի անկախության ճանաչման դեմ են աշխատում. Կիրո Մանոյան

Այս օրերին որոշ փորձագիտական շրջանակներից տեսակետներ եղան, թե Հայոց ցեղասպանության ակտիվ ճանաչումները և միջազգային կառույցների բանաձևերը  նվազեցրեցին  Թուրքիայի  հնարավորությունները միջամտել ԼՂ հարցին՝ հօգուտ Ադրբեջանի: Օրերս, մասնավորապես, նման կարծիք հայտնել էր թուրքագետ  Հակոբ Չաքրյանը:

Times.am-ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի  Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը հակառակ կարծիքը հայտնեց.

«ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին Թուրքիայի միջամտելու հնարավորությունը  չի նվազել, իհարկե, այդ ուղղությամբ կա ճնշում, բայց կարծում եմ՝  եթե այս  օրերին ինչ-որ չափով  նվազել է, ապա  ընդհանուր առմամբ՝ ոչ:  Դեռ  չենք լսել այն տեսակետը, թե հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն անկախ ԼՂ հարցից: Ավելին՝ չենք տեսել Արևմուտքից (ԱՄՆ, ԵՄ) մոտեցում, թե նախ պետք է հայ-թուրքական հարաբերությունները  կարգավորվեն,  որից  հետո  ԼՂ խնդիրը: Ասում են՝ Ղարաբաղի հարցը լուծվի, հայ-թուրքականն էլ կլինի, այս դեպքում ինչներիս են պետք հայ-թուրքական արձանագրությունները, դրանցից պետք է  ամբողջությամբ  ձերբազատվել»:

Ինչ վերաբերում է Արցախի  անկախության միջազգային ճանաչման գործընթացին, Կիրո Մանոյանը շեշտեց, որ այն շատ բարդ և դժվար խնդիր է.

«Մինսկի խմբի համանագահող երկրները դեմ  են  աշխատում դրան,  ոչ թե պարզապես դեմ դիրքորոշում ունեն: Աշխատում են, որ հանկարծ չլինի մեկը, որ ճանաչի: Ինչ վերաբերում է հայկական կողմի անելիքներին այս ուղղությամբ, իհարկե,  ամեն  չէ, որ արված է՝ կան բաներ, որ պիտի արված լինեին, կան  բաներ, որ սրանից հետո կարելի է անել: Մենք այլընտրանք չունենք»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում