Ցեղասպանության կամ դրա սպառնալիքի կրկնությունը շրջված էջ չէ մարդկության համար.ՀՀ արտգործնախարարի հարցազրույցը «Politique Internationale»-ում

Ցեղասպանության կամ դրա սպառնալիքի կրկնությունը շրջված էջ չէ մարդկության համար.ՀՀ արտգործնախարարի հարցազրույցը «Politique Internationale»-ում

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հոդված է հրապարակել «Politique Internationale» հանդեսի հատուկ համարում: Ստորեւ ներկայացնում ենք հոդվածը:

«Շրջադարձային փոփոխությունների ժամանակակից աշխարհում միջազգային հանրությունը եւ առանձին պետություններ հաճախ չեն կարողանում լուծում տալ այնպիսի խնդիրների, որոնք առաջին հայացքից թեեւ ոչ հրատապ են թվում, սակայն դրանց լուծմանը խիստ կարեւոր նշանակություն է տրվում:

Ցեղասպանության կանխարգելումը նման խնդիրներից մեկն է: 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած հայ ազգը բարոյական պատասխանատվություն է զգում մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային ջանքերում իր ներդրումն ունենալու հարցում: Մենք շարունակելու ենք գործադրել մեր առավելագույն ջանքերն այդ նպատակով:

Ցեղասպանության կամ դրա սպառնալիքի կրկնությունը շրջված էջ չէ մարդկության համար: Ցեղասպանության կանխարգելումը մշտապես պահանջում է քաղաքակիրթ աշխարհի հետեւողական ուշադրությունը եւ առավելագույն ջանքերը՝ առանց ստորադասելու այդ վեհ մարդասիրական խնդիրը որեւէ աշխարհաքաղաքական հաշվարկի:

Ոչ ոք չի կարող ապահով զգալ, քանի դեռ աշխարհի ինչ-որ վայրում մի ամբողջ էթնիկ խմբի բնաջնջման փորձեր են արվում: Պետք է նախապես ձեռնարկվեն բոլոր միջոցները՝ առաջին հերթին կանխելու ցեղասպան միջավայրի վերաճումը բռնության անդառնալի գործողությունների:

Հայոց ցեղասպանության մասին վկայություններ կարելի է գտնել աշխարհի ցանկացած անկյունում, մասնավորապես այնտեղ, որտեղ հայեր են ապրում: Հայ ժողովուրդն անցավ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած այդ ողբերգության սարսափների միջով: Փորձ արվեց միլիոնավոր հայերի զրկել ինչպես կյանքից, այնպես էլ՝ անցյալից` ավերելով հազարավոր մշակութային եւ կրոնական հուշարձաններ: Ցեղասպանությունից փրկվածները արտաքսվեցին դարեր շարունակ իրենց կողմից բնակեցված հողերից:

Հայոց ցեղասպանությանը ներհատուկ կողմերից մեկը Օսմանյան կայսրության կողմից գերտերությունների հանդեպ ուղղակի ստանձնած միջազգային պարտավորությունների առկայությունն էր. «առանց հետագա հապաղման իրագործելու հայաբնակ մարզերում տեղական կարիքներից բխող բարելավումներն ու բարեփոխումները եւ ապահովելու հայերի անվտանգությունը», որն ամրագրվել էր 1878թ. Բեռլինի կոնֆերանսում: Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ շարունակական հալածանքների պայմաններում հայերի դրությունը բարելավելու փոխարեն՝ աշխարհն ականատես եղավ հայերի հալածանքներին եւ ջարդերին: Ցեղասպանությունից առաջ ամենալայնամասշտաբ կոտորածը տեղի ունեցավ օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի օրոք՝ 1894-1896թթ., երբ շուրջ 300.000 հայեր սպանվեցին, ինչպես նաեւ 1909թ. երիտթուրքերի իրականացրած Ադանայի ջարդի ընթացքում, երբ շուրջ 30.000 հայեր կոտորվեցին:

Այն ժամանակ ոչ մի արդյունավետ միջոց չկիրառվեց՝ կոտորածներն իրականացնողներին արդարադատության առջեւ կանգնեցնելու համար: Անպատժելիության մթնոլորտը հանգեցրեց սարսափելի՝ շուրջ 1.5 միլիոն հայերի կոտորածին, ինչի իրականացումը քողարկելու նպատակով Առաջին համաշխարհային պատերազմը «հարմար առիթ» հանդիսացավ: Այսպիսով, Օսմանյան կայսրության ցեղասպան քաղաքականությունը շարունակվեց ավելի քան քառորդ դար եւ իր գագաթնակետին հասավ հայերի կողմից «Մեծ Եղեռն» կոչված աղետի ժամանակ:

Առաջին անգամ մեծ տերությունները միասնական հայտարարությամբ կոտորածներին անդրադարձան 1915թ. մայիսի 24-ին, երբ Անտանտի տերությունները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան, հատուկ հռչակագիր ընդունեցին, որով զգուշացնում էին հայերի նկատմամբ վայրագություններ իրականացնողներին, որ նրանք անհատական պատասխանատվություն կկրեն «մարդկության եւ քաղաքակրթության դեմ Թուրքիայի իրագործած այս նոր հանցագործությունների համար»: Սա առաջին դեպքերից էր, երբ միջազգային մակարդակով օգտագործվեց «մարդկության դեմ հանցագործություն» եզրույթը՝ հանգեցնելով վերջինիս հետագա լրամշակմանը՝ որպես ժամանակակից իրավական համակարգի անբաժան հասկացություն: 1929թ. Ուինսթոն Չերչիլը բնութագրեց հայերի կոտորածը՝ որպես «հոլոքոստ»՝ հավելելով, որ «այս հանցագործությունը պլանավորվել եւ իրականացվել էր քաղաքական նպատակներով. ի հայտ էր եկել հնարավորություն՝ մաքրելու թուրքական հողը քրիստոնյա ռասայից»:

Ներկայումս թուրքական պաշտոնական պատմությունն իր ընկալումը ներկայացնում է որպես «արդար հիշողություն», որին պետք է համապատասխանեն մյուս ժողովուրդների հիշողությունները: Սա ոտնձգություն է ընդդեմ թե՛ հիշողության, թե՛ պատմության: Պատմության ուսումնասիրությունը տուժում է, երբ հիշողությունն ընտրովի է ներկայացվում, երբ «հայկական ռասայի կազմակերպված սպանությունը» ներկայացվում է որպես վերապրածների ժառանգների երեւակայական հիշողություն: Փաստացի, Հայոց ցեղասպանությունը հայ ժողովրդի եւ, ընդհանուր առմամբ, մարդկության պատմության, ներառյալ՝ մահմեդական աշխարհի, հիշողության մի մասն է: Հայոց ցեղասպանության ամենավաղ հիշատակումներից մեկը պատկանում է մահմեդական ականատես Ֆայեզ Էլ-Ղոսեյնին, ով 1916թ. հրապարակեց «Կոտորածներ Հայաստանում» վերնագրով իր աշխատությունը: Մեքքայի շարիֆ Հուսեյն Իբն Ալի ալ Հաշիմին այն ճանաչված իսլամական առաջնորդներից էր, ով դեմ էր հայերի բնաջնջմանը եւ իր ենթականերին կոչ էր անում պաշտպանել հայերին այնպես, ինչպես կպաշտպանեին իրենք իրենց եւ իրենց երեխաներին: 1919-1921թթ. այնպիսի թուրք հասարակական գործիչներ, ինչպիսիք էին՝ Րեֆի Ջեւաթը, Ահմեդ Րեֆիք Ալթընայը եւ շատ ուրիշներ, անդրադարձան հայերի լայնածավալ կոտորածներին: Մուսուլման բազմաթիվ պատմաբաններ հայերի կոտորածը բնութագրում են որպես ցեղասպանություն, իսկ արաբ պատմաբան Մուսա Բրենսը օգտագործել է «Արմենոցիդ» եզրույթը՝ բնութագրելով այն որպես «ամենացեղասպան ցեղասպանություն»:

Արաբ հեղինակներ Ֆուադ Հասան Հաֆիզը, Սամիր Արբաշը եւ ուրիշներ բնութագրել են Հայոց ցեղասպանությունը՝ որպես «20-րդ դարի մարդկության պատմության արյունալի էջ»:

Հայոց ցեղասպանության անվերապահ դատապարտման եւ հետեւանքների վերացման բացակայությունը դրդեց երիտասարդ լեզվաբան Ռաֆայել Լեմկինին՝ 1921թ. հարցնելու իր դասախոսից, թե ինչու պատասխանատվության չեն ենթարկվել հայոց ողբերգությունն իրագործողների պարագլուխները: Դասախոսն այս հարցին պատասխանեց, որ չկա որեւէ օրենք, որով նրանց կարելի լինի հանձնել արդարադատությանը: Հետագայում Լեմկինը որոշեց մասնագիտանալ միջազգային իրավունքի մեջ՝ իր կյանքը նվիրելով մարդկության դեմ հանցագործությունների ուսումնասիրությանը, ինչը, ի թիվս այլոց, ճանապարհ հարթեց 1948թ. Կոնվենցիայի ընդունման համար:

Լեմկինը նշում էր, որ նա «ցեղասպանություն» եզրույթը սահմանել է՝ նկատի ունենալով նաեւ հայերի նկատմամբ իրագործված զանգվածային բնաջնջումը: Շոան էր, որ դրդեց միջազգային հանրությանը՝ կոդիֆիկացնելու ցեղասպանության հանցագործությունը՝ 1948թ. ընդունված Ցեղասպանություն հանցագործության կանխարգելման եւ պատժի մասին կոնվենցիայի միջոցով: Հետագա յոթ տասնամյակները ցույց տվեցին, որ միայն բարի կամքը բավարար չէ՝ նոր ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների իրականացումը բացառելու համար:

20-րդ դարի ցեղասպանությունների մանրակրկիտ վերլուծությունը ցույց է տալիս, որ ցեղասպանություն իրականացնողները տարբեր աշխարհագրական տարածքներում եւ տարբեր պատմական ժամանակաշրջաններում «բավական հմտացել էին» իրենց մարդասպան նախորդների մարտավարությունները յուրացնելու եւ նրանցից սովորելու գործում: Երիտթուրքերի՝ Միություն եւ առաջադիմություն կոմիտեն Թուրքիայում, Գերմանական նացիոնալ-սոցիալիստական աշխատավորական կուսակցությունը Գերմանիայում, Հուտուների՝ Հանուն ժողովրդավարության ազգային հեղափոխական շարժումը Ռուանդայում, բոլորն օգտագործում էին հատուկ ռազմականացված կազմակերպությունները՝ որպես զանգվածային սպանությունների հիմնական իրականացնողներ:

Դրանք էին Թեշքիլաթ Մահսուսեն, Շուցշտաֆելը, Ինտերեհամվեն: Մարդկության դեմ իրականացված այս եւ այլ հանցագործությունները մի շարք նմանություններ ունեն: Դրանցից են զոհերի հալածանքները, նրանց ունեցվածքի բռնագրավումը, կոտորածների իրականացման ձեւերը: Էթնիկ, կրոնական փոքրամասնությունների եւ այլ խմբերի նկատմամբ բռնաճնշումները ու նրանց մշակութային ժառանգության ոչնչացումը, անհանդուրժողականությունը եւ դեմոնացումը, սահմանափակ էթնիկ զտումները կարող են հանգեցնել ցեղասպան մթնոլորտի ի հայտ գալուն, ուստի պահանջում են միջազգային հանրության կողմից անհապաղ, անվերապահ եւ համատեղ կանխարգելիչ ջանքեր:

Մի վայրում ցեղասպանության կանխարգելման ձախողումը պարարտ հող է նախապատրաստում այլ վայրերում դրա կրկնության համար: Այս համատեքստում շատերն են հղում կատարում Հիտլերի` 1939թ. օգոստոսյան արտահայտությանը, երբ նա հռետորական հարց տվեց. «Ո՞վ է այսօր հիշում հայերի բնաջնջման մասին»:

Ցեղասպանություններն ի հայտ չեն գալիս համաձայն մեկ ընդհանուր մոդելի: Ուստի կանխարգելիչ մեխանիզմներ մշակելու նպատակով մենք պետք է հստակ պատկերացում ունենանք՝ ցեղասպանությունների պատմության, նրանց պատճառների, իրագործման մեթոդների եւ հետագա զարգացումների վերաբերյալ: Միաժամանակ, մենք պետք է պատրաստ լինենք՝ դասեր քաղելու նախկին սխալներից եւ դիմագրավելու նոր մարտահրավերներին:

Ժամանակակից հիմնարար փաստաթղթերից մեկը, որն ընդգրկում է ցեղասպանության հանցագործության կանխարգելման հիմնական միջոցները, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 2013թ. մարտի 22-ի Հայաստանի նախաձեռնած բանաձեւն է, որը համահեղինակվել է 62 երկրի կողմից: Այն նախատեսում է ցեղասպանության կանխարգելման համար անհրաժեշտ միջազգային միջոցառումների` ցեղասպանության կանխարգելման երեք հենասյուների ձեռնարկում, մասնավորապես՝ վաղ նախազգուշացում, մարդու իրավունքների պաշտպանություն եւ հանրային իրազեկվածության բարձրացում: Այս հենասյուները ներառում են մի շարք բաղկացուցիչ տարրեր:

Առաջին. բանաձեւը նախատեսում է, որ միջազգային հանրությունը պետք է հնարավորինս շուտ բացահայտի ցեղասպանության վտանգը, որպեսզի արագ արձագանքի, քանի դեռ շատ ուշ չէ: Սովորաբար, ցեղասպանություն իրագործողները ձգտում են հնարավորինս երկար ժամանակ թաքցնել իրենց մտադրությունները: Այդուհանդերձ, նրանց համար բավական բարդ է նման ծանր հանցագործության նախապատրաստումը երկար ժամանակ թաքցնել: Հետեւաբար, միջազգային հանրությունը եւ, մասնավորապես, միջազգային կազմակերպությունները պետք է բացահայտեն ցեղասպան մթնոլորտի ակունքները, որոնք հանգեցնում են այս սարսափելի հանցագործությանը, եւ արդյունավետորեն գործեն՝ կանխարգելման նպատակով:

Վերջին տասնամյակի ընթացքում թե՛ Միավորված ազգերի կազմակերպությունը, թե՛ տարածաշրջանային մարմինները, ինչպես նաեւ՝ մարդու իրավունքների հարցերով զբաղվող որոշ հասարակական կազմակերպություններ, զգալի առաջընթաց են արձանագրել նախազգուշացման եւ գնահատման համակարգերի բարելավման գործում: Մենք պետք է անենք հնարավորինը՝ երաշխավորելու, որ այս առաջընթացը շարունակվի նաեւ առաջիկա տարիների ընթացքում: Վաղ հայտնաբերումը եւ նախազգուշացումն ինքնին արդյունավետ չեն լինի, քանի դեռ նրանց չեն հետեւում զսպման եւ պաշտպանության հստակ մեխանիզմներ:

Երկրորդ. ցեղասպանության կանխարգելումը մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմների համակարգի մի մասն է կազմում: Վերջինս հասարակության մեջ ցեղասպան մթնոլորտի առաջացման հնարավորությունը բացառելու հիմնական եւ ամենաարդյունավետ միջոցն է: Կայացած իրավական ավանդույթները եւ բարոյական արժեքները կանգնած են այս սարսափելի հանցագործությունների դեմ պաշտպանության ամենակարեւոր գոտում: Ցեղասպանությունն աներեւակայելի հանցագործություն է այնպիսի հասարակության համար, որը հիմնված է մարդու իրավունքների պաշտպանության, փոխադարձ հարգանքի, համերաշխության եւ խաղաղության վրա: Այլ կերպ ասած՝ մարդու իրավունքների պաշտպանության ամուր սովորույթներ ունեցող հասարակության մեջ ցեղասպանությունը մեռելածին է, եւ հակառակը՝ այնտեղ, որտեղ մարդու իրավունքների պաշտպանությունը տապալվում է, տեղի է ունենում ցեղասպանություն:

Մարդու իրավունքների պաշտպանությունն ու ցեղասպանության կանխարգելումն իրար կապող շղթան էթնիկ, կրոնական եւ այլ փոքրամասնությունների պաշտպանությունն է: Հիմնականում ցեղասպանություն իրականացնողների գլխավոր նպատակն է էթնիկ փոքրամասնության բնաջնջումը: Նման հանցագործության պատճառ կարող է լինել ցանկությունը՝ կանխելու փոքրամասնություն կազմող խմբի կողմից իր ինքնորոշման իրավունքի իրականացումը: Այսպիսի զարգացումների հավանականությունը բացառելու նպատակով միջազգային հանրությունը պետք է օժանդակություն ցուցաբերի հատկապես բազմաէթնիկ բնակչություն ունեցող պետություններին՝ մարդու իրավունքների եւ, մասնավորապես, փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն ապահովելու նպատակով:

Ավելին, այնտեղ, որտեղ անհրաժեշտ է, միջազգային հանրությունը պետք է աջակցի ժողովուրդների ինքնորոշման իրավունքի խաղաղ իրագործմանը: Ինչպես նշում է անկախ փորձագետ Ալֆրեդ-Մորիս դե Զայասը վերջերս ՄԱԿ-ի համար պատրաստված զեկույցում` ինքնորոշման իրավունքը որպես հակամարտության ակունք ընկալելու փոխարեն ավելի ճիշտ է զինված հակամարտությունը դիտել որպես ինքնորոշման իրավունքի ոտնահարման հետեւանք:

Վերջապես, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բանաձեւում տեղ գտած նպատակների երրորդ հենասյունը կրթության եւ հիշատակման միջոցով հանրային իրազեկվածության բարձրացումն է: Սերունդները պետք է հստակ գիտելիքներ ունենան նախկինում տեղի ունեցած ողբերգությունների, նախկինում իրականացված ցեղասպանությունների պատմության վերաբերյալ: Իրականացված ցեղասպանությունների լիակատար ճանաչումը եւ դատապարտումը ապագայում նրանց կրկին ի հայտ գալը կանխելու ամենաարդյունավետ միջոցներից են: Սա, մասնավորապես, կարեւոր պայման է ցեղասպանությանն անմիջապես առերեսված ժողովուրդների միջեւ արդյունավետ հաշտեցման հնարավորության համար: Ժողովուրդների հիշելու իրավունքը, նրանց իրավունքը նախկինում տեղի ունեցած ողբերգությունների պատմության իմացության նկատմամբ՝ կրթության եւ հիշատակման միջոցով, առանցքային նշանակություն ունեն ցեղասպանության կանխարգելման եւ դատապարտման ճանապարհին:

Ցեղասպանագետները ցեղասպանության ժխտումն ընկալում են որպես ցեղասպանության փուլերից մեկը: «Genocide Watch»-ի դասակարգման համաձայն՝ ժխտումը դասակարգվում է որպես վերջին փուլ, որն իրականացվում է ցեղասպանության ընթացքում եւ շարունակվում է դրանից հետո: Այն դասվում է հետագա ցեղասպանությունների ամենաակնհայտ պատճառների շարքին, որովհետեւ ինչպես անպատժելիությունը, այնպես էլ՝ ժխտումը, ճանապարհ են հարթում մարդկության դեմ նոր հանցագործությունների կրկնության համար: Ապագա ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված իրենց ջանքերում միջազգային հանրությունը՝ անկախ աշխարհաքաղաքական կամ այլ շահերից, պետք է միասնական գործի՝ նախկինում իրագործված ցեղասպանությունների ճանաչման, դատապարտման եւ պատժման հարցերում` հատկապես հաշվի առնելով Վաղեմության ժամկետ չկիրառելու մասին 1968թ. կոնվենցիան: Ինչպես նշվում է վերոհիշյալ բանաձեւի նախաբանում` ցեղասպանությունների, պատերազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների անպատժելիությունը խրախուսում է նրանց կրկնությունը եւ հիմնական խոչընդոտ է հանդիսանում ժողովուրդների միջեւ համագործակցության խորացմանը եւ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանն աջակցմանը, իսկ նման հանցագործությունների անպատժելիության դեմ պայքարը կարեւոր գործոն է՝ դրանցից խուսափելու գործում: Ցեղասպանության հիշատակի օրերը պետք է լինեն սգո օրեր ոչ միայն զոհերի ժառանգների, այլեւ՝ իրականացնողների ժառանգների համար: Այդ օրերին պետք է վերաբերվել ճանաչման եւ հաշտեցման ձգտումով: Իրական հաշտեցման հնարավոր չէ հասնել՝ անցյալը մոռանալով եւ երիտասարդ սերունդներին ժխտողական հեքիաթներով սնուցելով:

Ժամանակակից գլոբալացված աշխարհում ավելի ու ավելի անհնար է դառնում պետության համար սեփական հասարակությունից նախկին ողբերգական իրադարձությունների վերաբերյալ փաստերի թաքցնումը: Հետեւաբար, ժխտման եւ փաստերի աղավաղման քաղաքականության շարունակումը պարզապես ավելացնում է անդունդը կառավարության եւ հասարակության միջեւ այնպիսի պետության մեջ, որը կամ որի նախնիները իրականացրել են ցեղասպանություն:

Քաղաքակիրթ աշխարհը պետք է վճռականորեն մերժի խոսքի ազատության իրավունքի իրականացման պատրվակով ատելության հրահրման, ռասիզմի եւ անհանդուրժողականության տարածման, ցեղասպանության ու մարդկության դեմ հանցագործությունների ժխտողականության քողարկման փորձերը: Այսօր ժխտողականության գործիքներից մեկը զոհերի զրկանքների նվազեցման, կորուստների մասշտաբների կրճատման եւ զոհերի ու հանցագործների հավասարեցման փորձերն են: Վերջերս մենք հաճախ ենք ականատես լինում այս նոր «փափուկ ժխտման» մարտավարությանը:

Սրանք են այն հիմնական միջոցները, որոնք նախատեսված են ցեղասպանության կրկնությունը կանխելու համար: Սակայն ինչպիսի միջոց էլ որ ձեռնարկվի, մենք չենք կարող ակնկալել դրական արդյունքներ, քանի դեռ չկա հստակ գիտակցում այն բանի, թե որքան կարեւոր է կանխել ցեղասպանության որեւէ դրսեւորում, եւ անհրաժեշտության դեպքում իրականացնել գործնական քայլեր՝ ցեղասպանությունների կանխարգելման նպատակով: Ձեռնարկվելիք ջանքերը հաջողությամբ կպսակվեն, եթե մենք պահպանենք, կատարելագործենք եւ կիրառենք կանխարգելման համար բոլոր միջոցները: Ականատես լինելով ցեղասպանությունների նոր փորձերին եւ դրանց ժխտման նոր մարտավարություններին՝ կարող ենք արձանագրել, որ, ինչպես ուղիղ հարյուր տարի առաջ, այնպես էլ՝ այսօր, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման խնդիրը շարունակում է մնալ հրամայական»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում