Իրաքի Շանգալ նահանգի ղեկավարը Հայաստանում կմասնակցի Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին

Իրաքի Շանգալ նահանգի ղեկավարը Հայաստանում կմասնակցի Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին

Իրաքի Շանգալ նահանգի նահանգապետ Մայսար Հաջի Սալիխը Հայաստանում է և կմասնակցի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: Ապրիլի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը նա ընդգծեց, որ եզդիներին էլ տարբեր տարիների ենթարկվել են ցեղասպանության, և այսօր հայ ժողովրդի կողքին են: «Մեր ցավն ընդհանուր է, և այսօր ես Հայաստանում եմ, մասնակցելու եմ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: Ես եկել եմ Հայոց ցեղասպանությունը դատապարտելու և այս օրերին հայ ժողովրդի կողքին լինելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Սալիխը:

Նա նշեց, որ հիմնականում իր ծնողների պատմածով կարող է ասել, որ Հայոց ցեղասպանության տարիներին փրկված հայերին Շանգալում շատ լավ են ընդունել, և մինչ վերջերս՝ «Իսլամական պետություն» կոչվող ահաբեկչական խմբավորման կողմից Շանգալի վրա հարձակումը, այնտեղ շուրջ 145 հայկական ընտանիք է ապրել: «Թեև այս պահին մենք էլ ենք գտնվում շատ ծանր վիճակում, քանի որ Շանգալի մի մասը շարունակում է մնալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության ներքո, սակայն, ամեն ինչով պատրաստ ենք օգնել բարեկամ հայ ժողովրդին: Մենք նաև վստահ ենք, որ այդ օգնությունը փոխադարձ է լինելու»,- հայտարարեց Շանգալի նահանգապետը:

Նա ընդգծեց, որ մինչ ահաբեկիչների կողմից հարձակումը, Շանգակում բնակվում էր 400-450 հազար եզդի: Սալիխը հայտնեց, որ շուրջ 7 հազար եզդի սպանվել է ահաբեկիչների կողմից, և հազարավոր եզդիներ գտնվում են գերության մեջ: Շանգալի նահանգում ապրող մյուս եզդիները փախել են և ապաստան են գտել տարբեր շրջաններում: «Ամենացավալին այն է, որ մենք 21-րդ դարում ականատես ենք լինում ստրկավաճառության դեպքերի: Ահաբեկիչների կողմից գերեվարված եզդի կանայք և աղջիկները վաճառվում են ստրկության: Սակայն, մենք շարունակում ենք պայքարը, և մեր նպատակն է վերադարձնել Շանգալը, քանի որ բոլորը սպասում են իրենց բնօրրան վերադառնալուն»,- հավելեց Շանգալի նահանգապետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում