Գյուղատնտեսության նախարարությունն ու USAID-ն կմշակեն եվրոպական և ԵԱՏՄ շուկաների ուսումնասիրման նոր ռազմավարություն

Գյուղատնտեսության նախարարությունն ու USAID-ն կմշակեն եվրոպական և ԵԱՏՄ շուկաների ուսումնասիրման նոր ռազմավարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ապրիլի 20-ին ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) պատվիրակությանը, որը գլխավորել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Քարեն Հիլիարդը: Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման նպատակն էր քննարկել ԱՄՆ ՄԶԳ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը և նախարարության հետ համագործակցության հեռանկարները:

Հանդիպման սկզբում տիկին Հիլիարդը տեղեկացրել է, որ գյուղատնտեսության բնագավառում իրականացվող երկկողմ ծրագրեր շարունակական բնույթ կունենան: Այդ թվում, նա մասնավորապես կարևորել է «Աջակցություն Հայաստանում գյուղատնտեսական համատարած հաշվառմանը», «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման», «Հայաստանում մասնավոր խորհրդատվական ծառայությունների համակարգի զարգացում», «Մաքուր էներգիա և ջուր», ինչպես նաև «Աջակցություն Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնին և Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնին» ծրագրերը, որոնց իրականացումը կնպաստի կոոպերատիվների ստեղծմանը, ձկնաբուծության ոլորտում օգտագործվող ջրի խնայողատար տեխնոլոգիաների կիրառմանը, ֆերմերների մարքետինգային կարողությունների ուժեղացմանը, ինչպես նաև գյուղատնտեսական բարձրակարգ կրթության ապահովմանը:

Այս ենթատեքստում տիկին Հիլիարդը տեղեկացրել է, որ առաջիկայում ամերիկյան կողմը նպատակադրված է ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ նախաձեռնել եվրոպական և ԵՏՄ շուկաների ուսումնասիրման նոր ռազմավարություն մշակելու աշխատանքները: «Մենք շատ ենք կարևորում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը, քանի որ դրանք մեծապես նպաստում են մեր երկրում գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը», – նշել է նախարար Սերգո Կարապետյանը:

Տիկին Հիլիարդն իր հերթին վստահություն է հայտնել, որ միջազգային, այդ թվում, և ամերիկյան կողմի ծրագրերը նպաստում են Հայաստանի ագրարային ոլորտի զարգացմանը, ֆերմերների եկամուտների ավելացմանը և համայնքների բարեկեցության բարձրացմանը:

Հանդիպման ավարտին զրուցակիցները վերահաստատել են պատրաստակամությունը ընդլայնելու երկկողմ համագործակցությունն ու փոխգործակցությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում