Դավութօղլուն «Հայոց ցեղասպանություն» եզրույթը որակել է որպես պատասխանատվությունը թուրք ժողովրդի վրա բարդելու միջոց

Դավութօղլուն «Հայոց ցեղասպանություն» եզրույթը որակել է որպես պատասխանատվությունը թուրք ժողովրդի վրա բարդելու միջոց

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կրկնել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի 2014 թ. ապրիլի քայլը և ցավակցություն է հայտնել Առաջին աշխարհամարտի ընթացքում զոհված օսմանահպատակ հայերի ժառանգներին: Թուրքական կառավարության ղեկավարը միևնույն ժամանակ հայտարարել է, թե նույնպիսի ցավ են ապրել «տարբեր էթնիկ ու կրոնական ենթախորք ունեցող օսմանյան քաղաքացիները»՝ նշելով, թե «ցեղասպանություն» եզրույթի հնչեցումը պատասխանատվության ընդհանրացման ձև է: Դավութօղլուն նաև ակնարկել է, որ Անկարան պատրաստ չէ գնալ ցեղասպանության ճանաչման ճանապարհով: Թուրքիայի կառավարության ղեկավարի գրավոր հայտարարությունը նախօրեին երեկոյան տեղադրվել է այդ երկրի վարչապետի գրասենյակի կայքում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Թուրքիայի վարչապետի գրասենյակի կայքը, հայտարարությունում նշված է. «Առաջին աշխարհամարտի դժվարություններն ապրած տարբեր էթնիկ ու կրոնական արմատների պատկանող ազգերի թոռներս մեր ցավակցությունն ենք հայտնում կյանքից զրկված անմեղ օսմանահպատակ հայերի ժառանգներին»:

Թուրքիայի կառավարության ղեկավարը հայերին և թուրքերին կոչ է արել «ազատվել անցած դարի ցավերից ու վերակառուցել ազգամիջյան մարդկային կապը»: Դավութօղլուն հայտարարել է, թե հայկական պատմական և կրոնական ժառանգության պահպանումը Թուրքիայի հանձնառությունն է և այդ համատեքստում նշել է, որ ապրիլի 24-ին Պոլսի Հայկական պատրիարքարանում կկազմակերպվի պատարագ:

Հայտարարությունում Անկարայի կառավարության ղեկավարը վկայակոչել է Էրդողանի՝ նախորդ տարի հրապարակած հայտարարությունը, հավելելով նաև, թե պատմությունը պետք է չքաղաքականացվի: Դավութօղլուն վերահաստատել է նաև, որ Թուրքիան պատրաստ չէ 1915թ. Հայոց ցեղասպանությունը կոչել իր անունով. «Ամենը մեկ եզրույթով արտահայտելը և պատասխանատվությունն ընդհանրացման միջոցով միայն թուրք ժողովրդի վրա բարդելը խնդիր է և խղճի, և իրավունքի տեսանկյունից»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում