Միջազգային կառույցները չեն հավատում Հայաստանի տնտեսական աճին

Միջազգային կառույցները չեն հավատում Հայաստանի տնտեսական աճին

Ծաղկաձորում ապրիլի 17-19-ին կայացած «Հայաստանի Հանրապետության տնտեսական համակարգը. նորարարություն, զարգացում, իրագործում» խորագրով միջբուհական ուսանողական գիտաժողովի աշխատանքներին ներկա էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետն անդրադարձել էր նաև տնտեսության զարգացման հեռանկարներին, այդ ուղղությամբ իրականացվող քայլերին: «Ես հուսով եմ և համոզված, որ այն ծրագրերը, որոնք կյանքի են կոչվում և ընթացքի մեջ են՝ 2015 թվականի երկրորդ կիսամյակից կտան իրենց արդյունքները: Չնայած կան բազմաթիվ կանխատեսումներ, որ մենք ունենալու ենք տնտեսական անկում՝ հաշվի առնելով տարածաշրջանի լարվածությունը, Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունները և այն պատժամիջոցները, որոնք կիրառվում են Ռուսաստանի նկատմամբ, սակայն ես համոզված եմ, որ մենք 2015 թվականին արձանագրելու ենք տնտեսական աճ»,- նշել է վարչապետը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ ոչ ոք չէր կարող ծրագրել, որ 2015 թվականին կարձանագրվի ռուսական ռուբլու արժեզրկում, ինչը նաև իր բացասական ազդեցությունն է ունենում Հայաստանի տնտեսության վրա:

Չնայած դրան, Հովիկ Աբրահամյանն փաստել է, որ այս տարվա հունվար-փետրվար ամիսներին ՀՀ-ում արձանագրվել է 1,8 տոկոսի տնտեսական աճ՝ նշելով, որ առաջին եռամսյակում դրական տեղաշարժն ակնհայտ կլինի: «Առաջիկա օրերին տվյալները կհրապարակվեն և կարծում եմ, որ մենք կունենանք 2,5-3 տոկոսի տնտեսական աճ, և ես համոզված եմ, որ մեր միասնական ուժերով 2015 թ. իրականացվող բոլոր ծրագրերն իրենց դրական արդյունքները կտան մեր տնտեսության զարգացման գործում», – նշել է վարչապետը, հավելելով նաև, որ քննադատությունները, կանխատեսումները նաև զգոնություն են հաղորդում կառավարությանը:

«Մենք դեռ շատ անելիքներ ունենք, և ես կարևորում եմ նաև երիտասարդության աջակցությունը», – նշել է կառավարության ղեկավարը:

Մինչդեռ միջազգային ֆինանսական կառույցները չեն հավատում Հայաստանի տնտեսական աճին: Արժույթի Միջազգային հիմնադրամը հոռետեսական կանխատեսումներ է արել դրա վերաբերյալ՝ մինչև 0%, չբացառելով ինչպես դրական, այնպես էլ բացասական աննշան դինամիկա: Ավելի վաղ արված կանխատեսումների համաձայն տնտեսական աճը 2015-2016 թվականներին պետք է կազմեր 4.5-5%: Ըստ ԱՄՀ-ի կանխատեսումները պայմանավորված են Ռուսաստանի տնտեսական աճի անկման, արտահանումների նվազման, տրանսֆերտների կրճատման, ինչպես նաև պետական պարտքի ավելացման հետ:

Սակայն էկոնոմիկայի նախարարի դիտարկմամբ միջազգային ֆինանսական կառույցների կանխատեսմամբ տնտեսական աճի ցուցանիշները միշտ ավելի ցածր են լինում, քան իրականում արձանագրվում է: Նրա խոսքերով, այդպես է եղել 2014 թվականին և 2015 նույնպես բացառություն չի կազմի, քանի որ առաջին երկու ամիսներին՝ տնտեսության համար ամենա ծանր, արդեն արձանագրվել է տնտեսական ակտիվության աճ:

Իրավիճակը դժվարին է, բայց ելքեր միշտ էլ կան: Անհրաժեշտ է համալիր միջոցառումների ձեռնարկում՝ հարկաբյուջետային քաղաքականության հարմարեցում ստեղծված իրավիճակին, աշխատանքներ շուկաների դիվերսիֆիկացիաի՝ վերադասավորման ուղղությամբ, ներդրումային ծրագրերի իրականացում: Այս միջոցառումները կարող են «բարձիկների» դեր խաղալ ստեղծված գեոքաղաքական զարգացումներին դիմակայելու համար: ԱՄՀ-ն տնտեսական աճի խթանման համար նպատակահարմար է գտնում նաև ավելացնել կապիտալ ծախսերի մասնաբաժինը արտաքին աղբյուրներից ներգրավված միջոցների հաշվին, որը հեռանկարային զարգացման հնարավորություն կապահովի:

Հիշեցնեմ, վերջերս կառավարությունը ստորագրել է Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարության (տրանշ 4)» նախագծի ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը, որի շրջանակում ՀՀ-ին տրամադրվում է 150 մլն ԱՄՆ դոլարին համարժեք վարկ: Ծրագրի իրականացումը դիտվում է ՀՀ կառավարության «Գյումրին տեխնոքաղաքի վերակառուցման», «Տաթև զբոսաշրջային կենտրոն», «Ջերմուկ քաղաքի զարգացման» և «Զվարթնոցի ազատ տնտեսական գոտու» ծրագրերի համատեքստում: Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագրի իրականացումը էապես կնպաստի նշված ծրագրերի արդյունավետությանը և նպատակների ձեռքբերմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում