Թուրքիայի փոխվարչապետը «արդարացել» է. մենք գիտակցված դիտավորությամբ ցեղասպանություն չենք կատարել

Թուրքիայի փոխվարչապետը «արդարացել» է. մենք գիտակցված դիտավորությամբ ցեղասպանություն չենք կատարել

Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արինչը լրացրել է վարչապետ Ահմեթ Դավութօղլուի` նախօրեին 1915 թվականի հետ կապված հայերին ուղղված «ցավակցական» ուղերձը` փորձելով ժխտել ցեղասպանության կանխամտածված բնույթը, ասելով. «մենք գիտակցված դիտավորությամբ եւ պատրաստակամությամբ ցեղասպանություն չենք կատարել»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ակոս»-ը, Արինչն այդ հայտարարությունն արել է ապրիլի 20-ի երեկոյան Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի նախագահությամբ անցկացված կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Դավութօղլուն կառավարության նիստից հետո կրկնել է Ռեջեթ Թայիփ Էրդողանի` 2014 թվականի ապրիլի 24-ին ընդառաջ կատարած քայլը եւ իբր ցավակցություն է հայտնել Առաջին աշխարհամարտի ընթացքում զոհված օսմանահպատակ հայերի ժառանգներին: Թուրքիայի վարչապետը հավելել է, թե նույնպիսի ցավ են ապրել «տարբեր էթնիկ եւ կրոնական ենթախորք ունեցող օսմանյան քաղաքացիները` նշելով, թե ցեղասպանության եզրի հնչեցումը «պատասխանատվության ընդհանրացման ձեւ» է, եւ «դրա պատասխանատվությունը թուրքերի վրա բարդելու միջոց»:

«Մենք եւս մեկ անգամ հարգալից ձեւով հիշում եւ կիսում ենք այն օսմանյան հայերի երեխաների եւ թոռների ցավը, ովքեր կորցրել են իրենց կյանքը 1915-ի բռնագաղթման ժամանակ»,- ասել էր Դավութօղլուն` այդ կերպ անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Նա նաեւ ակնարկել է, որ Անկարան պատրաստ չէ գնալ Ցեղասպանության ճանաչման ճանապարհով:

Հղում կատարելով Դավութօղլուի այդ խոսքին, եւ նշելով, որ չնայած տասնյակ խորհրդարաններ 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն են որակել, սակայն, իրենք դա այդ կերպ չեն բնութագրում, Արինչը լրագրողներին ասել է. «Մենք գիտակցաբար դիտավորությամբ ցեղասպանություն չենք արել»:

Հետաքրքիր է, որ Թուրքիայի փոխվարչապետը ճիշտ չի հասկանում ցեղասպանության մասին ՄԱԿ-ի ընդունած բանաձեւը: «Որոշ պետություններ 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն են բնութագրում, սակայն, ՄԱԿ-ի չափանիշներով այդ ցավը ցեղասպանություն որակելը սխալ է», -ասել է նա:

Հայտարարելով, թե կիսում են հայերի ցավը, Թուրքիայի ղեկավարությունն, այդուհանդերձ, իրենց բոլոր հայտարարություններում փորձում է թուրքական իշխանությունների կողմից կանխամտածված հայերի ցեղասպանությունը ներկայացնել որպես թուրքերի կողմից կրած ցավ եւս` հավասարեցնելով զոհին եւ դահճին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում