Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի տարածքում ջուր և սնունդ չի վաճառվի, իսկ ծաղիկները միայն հատուկ սահմանված տեղերում

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի տարածքում ջուր և սնունդ չի վաճառվի, իսկ 
ծաղիկները միայն հատուկ սահմանված տեղերում

Այս տարի ապրիլի 24-ին չի լինի այն տհաճ տեսարանը, որին ամեն տարի ստիպված ականատես ենք լինում.  Ծիծեռնակաբերդի տարածքում արգելվելու է առևտուրը` ջուր, սնունդ,  կթույլատրվի միայն ծաղիկների վաճառքը, բայց միայն սահմանված վայրերում՝ Հալաբյան փողոցում, հարակից ստորգետնյա անցումներում, Բարեկամությունից մինչև Օրբելի հատվածում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը՝ հավելելով,  որ հուշամալիրի  տարածքը բարեկարգվել է` տեղադրվել են  նստարաններ, աղբամաններ և  21 ցայտաղբյուր:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների  շրջանակում Ծիծեռնակաբերդի ամբողջ  ճեմուղին  նաև  ձայնաֆիկացվել է. եթե մինչ այս ապրիլի 24-ին  տարածքում ձայնագրություններ էին միացվում, ապա այս տարի տեղադրվելու է  4 հարթակ, որտեղ լավագույն երաժիշտներն ու կատարողներն հանդես են գալու համապատասպան  կատարումներով,  ինչը լսելի է  լինելու   ամբողջ  հուշահամալիրով: Ի դեպ, ապրիլի 24-ին ժամը 20:15-ին Հանրապետության հրապարակում տեղի ունենալիք «Վերածնունդ» խորագրով համերգային միջոցառումն էկրանների միջոցով կցուցադրվի նաև Ծիծեռնակաբերդի  հուշահամալիրի տարածքում:

«Տեսաշարեր են պատրաստված և կցուցադրվեն իրավամբ բացառիկ նյութեր, որոնք նոր են բերվել Հայաստան: Նույնիսկ մտածում էինք` արժե արդյոք դաժան տեսարանները ներկայացնել, բայց, հաշվի առնելով, որ ծրագիրը բաղկացած է 4 խորագրից՝ Հիշողություն, Երախտագիտություն, Միջազգային պայքար և Վերածնունդ, որոշեցինք  «Հիշողություն» հատվածում դրանք ցուցադրել»,-լրացրեց Արամ Սուքիասյանը:

Ինչ վերաբերում է այս օրերին տրանսպորտային և տեղափոխման խնդիրներին,  Արամ Սուքիասյանը  տեղեկացրեց, որ ապրիլի 23-ին, 24-ին Մետրոպոլիտենը  կաշխատի մինչև գիշերվա ժամը 1-ը. «Ինչ վերաբերում է հասարակական տրանսպորտին, ապա այն երթուղիները, որոնք չեն  անցնում քաղաքի կենտրոնով, կգործեն սովորական ռեժիմով, իսկ կենտրոնով  անցնող տրանսպորտը կգործի սահմանափակ ռեժիմով` շրջանցելով մի շարք փողոցներ»:

Փոխքաղաքապետը հավելեց, որ ապրիլի 24-ին` ժամը 13-ին, Բրազիլիայի հրապարակից կկազմակերպվի անվճար երթուղի դեպի Ծիծեռնակաբերդ: Այնուհետև ավտոբուսները ուղևորներին Ծիծեռնակաբերդից կտեղափոխեն երկու ուղղությամբ` մետրոյի «Զորավար Անդրանիկ» և «Բարեկամություն» կայարաններ:

Հանդիպմանը Երևանի փոխքաղաքապետը տեղեկացրեց, որ Հայաստան են ժամանելու  Սանկտ Պետերբուրգի նահանգապետը  և Ամանի քաղաքապետը:

 

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում