Տնտեսական աճի ցուցանիշի վերանայման հիմքեր չկան. Կարեն Ճշմարիտյան

Տնտեսական աճի ցուցանիշի վերանայման հիմքեր չկան. Կարեն Ճշմարիտյան

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի կարծիքով՝ տնտեսության աճի վերանայման հիմքեր ընդհանրապես չկան, իսկ մեր երկրի ՀՆԱ-ի աճը շատ չի տարբերվի առաջին եռամսյակի տնտեսական ակտիվության ցուցանիշից, որը կազմել է 2,5 տոկոս, որովհետև դրանք համադրելի են: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Ճշմարիտյանն ասաց, որ ՀՀ 2015 թվականի պետբյուջեով սահմանված 4,1 տոկոսի աճն ուժի մեջ է: «Այսօր վերանայման հիմք չկա՝ մանավանդ, որ բյուջետային հավաքագրումների առումով խնդիրներ չունենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ճշմարիտյանը:

Խոսելով տնտեսության ակտիվության ցուցանիշի և առևտրի ծավալների նվազման անհամերժեքության վերաբերյալ հարցի մասին՝ նախարարն ասաց, որ դրանք մեկը մյուսին լրացնում են: Օրինակ, առևտրի ծավալների անկումը լրացվում է արդյունաբերության ծավալների և արտահանման աճի հետ: «Մեր հաշվարկներով, առանց էներգետիկայի ոլորտի, արդյունաբերության աճն առաջին եռամսյակում կազմել է 106,5 տոկոս: Դրանք մեր մոնիթորինգի տվյալներն են՝ անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի հետ համեմատ: Արտահանման աճ է եղել նաև ադամանդագործության ոլորտում, արդեն լուրջ ծավալներ է ապահովում Թեղուտի պղնձամոլիբդենային կոմբինատը: Իր արտադարությունն ավելացրել է «Գեոպրոմայնինգ»-ը: Այսինքն, առանձին վերցված, ոլորտային ակտիվացումները լրացնում են առկա պակասը: Բացի այդ, ԵՏՄ-ի հետ առևտրի ծավալները դեռևս ամբողջական չեն, նույնիսկ մեծ մասն ընդգրկված չէ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ցուցանիշներում, որովհետև էլեկտրոնային հաշվարկի համակարգը ներդրված չէ»,- նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարը: Ճշմարիտյանի դիտարկմամբ՝ այդ հաշվարկների կարգավորման դեպքում ցուցանիշներն ավելի կլավանան, իսկ առաջին եռամսյակն, ըստ էության, ամենածանրն է մի քանի առումով:

Նրա խոսքով՝ մոլիբդենի մեկ տոննայի գինը նվազել և իջել է 17 հազար դոլարի, իսկ պղնձինը՝ 5 հազար 700-ի, իսկ հայաստանյան ընկերությունները կարողանում են ծավալների ավելացման շնորհիվ այդ բացը լրացնել նաև Չինաստանի, Եվրոպական միության շուկա արտահանման միջոցով:

«Նաև դեկտեմբերին ունեցանք դրամի տատանում, որոշակի սպասումներ կային կապված ԵՏՄ-ի հետ: Ռուսաստանյան շուկայի անկումը դեևս շարունակվում է, իսկ այլ ուղղություններով շարժվելու համար մեր ընկերություններին ժամանակ է պետք: Այն միջոցառումները, որոնք իրականացվել են ժամանակին, տվել են իրենց արդյունքները: Դրամի փոխարժեքի տատանումները կարճ տևեցին, միաժամանակ, ստեղծված աշխատանքային խումբն ամենօրյա ուշադրություն է ցուցաբերում գների մոնիթորինգի, բարեփոխումների, կոնկրետ ծրագրերի իրականացման ուղղությամբ»,- ընդգծեց Ճշմարիտյանը՝ հույս հայտն ելով նաև, որ հետագայում հնարավորությունները շատ ավելի են մեծանալու:

Անդրադառնալով միջազգային կառույցների կանխատեսումներին, ըստ որոնց ընթացիկ տարում Հայաստանում կլինի տնտեսության նվազում, կամ աճը կկազմի առավելագույնը 0,8 տոկոս, նախարարը նշեց, որ միջազգային կազմակերպությունները կանխատեսումները ներկայացնում են մի փոքր վերաապահովագրելով իրենց, ավելի զգուշորեն: «Նրանք ունեն կանխատեսման հստակ մոդելներ՝ օրինակ, դիտարկում են տրանսֆերտների կրճատումը, մեր ավանդական շուկաներում գնային անկայուն վիճակը: Մեզ համար կարևոր է, որպեսզի գները մնան կայուն, որովհետև ցանկացած պարագայում բիզնեսը կարողանում է հարմարվել»,- ասաց նախարարը:

Անդրադառնալով Ռուսաստան արտահանման ծավալների էական կրճատմանը՝ Ճշմարիտյանը նկատեց, որ այդ երկրում ընկել է գնողունակությունը, կա գների անկայունություն, իրենց դիստրիբյուտորները չեն կարողանում ապահովել վճարումները: Նախարարի խոսքով, եթե որևէ մեկը կարծում է, որ այդպիսի իրավիճակում ընդհանրապես արտահանման տատանումներ չպետք է լինեն, ապա այդ կարծիքը մասնագիտական վերլուծության հետ կապ չունի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում