Դամասկոսի Ս. Սարգիս եկեղեցում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն

Դամասկոսի Ս. Սարգիս եկեղեցում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն

Սիրիական ՍԱՆԱ գործակալությունն անդրադարձել է Դամասկոսի Բաբ Շարկի թաղամասում գտնվող Ս. Սարգիս եկեղեցում ապրիլի 23-ին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի աղոթքին, ինչպես նաև սրբադասման արարողությանը, որն ուղիղ եթերով Էջմիածնից հեռարձակվել է եկեղեցում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, աղբյուրը նաև նշել է մեկ ու կես միլիոն զոհերի հիշատակը հարգելու լռության րոպեի, առաջնորդարանի բակում գտնվող Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի մոտ ծաղկեպսակ դնելու մասին: Միևնույն ժամանակ աղբյուրը նշել է, որ Դամասկոսի հայկական եկեղեցիների զանգերը աշխարհի ողջ հայկական եկեղեցիների հետ ղողանջել են 100 անգամ:

Հայկական եկեղեցում տեղի ունեցած աղոթքին մասնակցել են քրիստոնյա համայնքի ղեկավարներ, ներկայացուցիչներ, Դամասկոսում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը:

Աղբյուրի տեղեկացմամբ, Սիրիայի Հասաքե քաղաքում հայ համայնքի անդամները նույնպես հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Ավելի վաղ Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախօրեին Դամասկոսի քաղաքապետարանը որոշում է կայացրել մայրաքաղաքի հրապարակներից մեկն անվանել «Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների» հրապարակ: Հրապարակը գտնվում է Հին Դամասկոսում՝ քրիստոնեական Բաբ Թումա թաղամասում, հայ առաքելական Ս. Սարգիս եկեղեցու մերձակայքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում