Ցեղասպանություն եզրույթը նենգաբար շահարկվում է քաղաքական մանրախնդիր շահերի համար. Սերբիայի նախագահ

Ցեղասպանություն եզրույթը նենգաբար շահարկվում է քաղաքական մանրախնդիր շահերի համար. Սերբիայի նախագահ

Սերբիայի նախագահ Տիմոսլավ Նիկոլիչը համոզված է, որ սերբերն ավելի քան հասկանում ու կիսում են հայերի ցավը: Այս մասին նա նշեց Ծիծեռնակաբերդի բարձունքում` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի` «Հիշում եմ և պահանջում» խորագրով հիշատակի արարողության ժամանակ: «Ես եկել եմ Երևան` այս պատվական երկիր, որպեսզի հարգանքի տուրք մատուցեմ ահավոր ողբերգության զոհերի հիշատակին: Ողբերգություն, որն ուղղված էր հայ ժողովրդի դեմ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում: Օսմանյան կայսուրությունում հայերի հետ տեղի ունեցած դաժան իրադարձությունները հասկացող մեկ ժողովուրդ, եթե կա, դա սերբ ժողովուրդն է: Սերբիան մարդկային կյանքերի շատ մեծ կորուստներ է կրել այլ պետությունների համեմատությամբ: 1915-1918 թվականներին Սերբիայում մահացածների ընդհանուր թիվը հասավ ահասարսուռ ցուցանիշի` 1 միլիոն 247 հազար 435-ի, որն այդ ժամանակվա ընդհանուր բնակչության մոտ 28 տոկոսն էր: Այդ մարդկանցից 402 հազար 435-ը սպանված զինվորներն էին, իսկ 845 հազարը` քաղաքացիական բնակչությունը: Մեծ պատերազմում զոհված ու սպանված սերբերի մասունքներն այսօր հանգչում են 1815 գերեզմաններում` 18 պետություններում: Շատերի գերեզմանները չեն էլ գտնվել: Մենք այս թվերով չենք հպարտանում, բնավ: Այս թվերը մարմնավորում են մեր սուրբ զոհերի հիշատակը, ովքեր զոհ գնացին համաշխարհային հակամարտությանը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Տիմոսլավ Նիկոլիչը:

Նրա խոսքով` թեև մարդկությունը կարծում էր, որ մարդկային կյանքերով սնվող պատերազմներն ու ցեղապանությունները չեն կրկնվելու, բայց ընդամենը մի քանի տասնամյակ հետո, կրկին մարդկային կյանքի ահասարսուռ, զանգվածային կորուստների ականատեսը եղավ համաշխարհային հանրությունը: «Տեղի ունեցավ ևս մեկ հրեշավոր ցեղասպանություն: Հռոմի պապը Ֆրանցիսկոս Առաջինը վերջերս օգտագործել է ներկայիս իրավիճակը նկարագրող մի արտահայտություն` կտոր-կտոր տեղի ունեցող երրորդ համաշխարհային պատարեզմ: Կրկին հարյուր հազարավոր մարդիկ զոհվում են, զրկվում գույքից, արժանապատվությունից: Այս անմեղ մարդիկ զոհ են դառնում ծայրահեղական գաղափարախոսությանը և քաղաքականության ցինիկ շահերին: Ուստի հարց է ծագում, թե մենք բարոյական իրավունք ունենք 100 տարի առաջ նահատակված հայերին չհիշելու: Արդյոք, մենք բարոյական իրավունք ունենք թույլ տալու, որ անցյալի ցնցող փաստերը մոռացության մատնվեն: Պատմական ճշմարտության ժխտումը կամ նենգափոխումը բացասաբար է ազդում իրազեկման մակարդակի վրա»,-ընդգծեց Սերբիայի նախագահը:

Նա մեջբերեց Նոբելյան մրցանակակիր, սերբ մեծ հեղինակ Իվո Անդրիչի խոսքերը` Բալկանյան սպանությունների մասին. «Տառապանքն ինքնին ամենադժվարը չէ, որովհետև ցավալին ու դժվարը քո մերձավորների` դրա մասին չխոսելու պատրաստակամությունն է»: Տիմոսլավ Նիկոլիչը նշեց, որ մարդկությունն ապրում է մի դարաշրջանում, երբ իրերն ու երևույթներն իրենց անուններով անվանելու պատրաստակամությունը կախված է տարաբնույթ շահերից:

«Եկել ենք, որ այստեղ համեստորեն, բայց վճռաբար կանգնենք ձեր կողքին, որ այլևս երբեք տեղի չունենան նման ոճրագործություններ: Այս դարաշրջանում, երբ «ցեղասպանություն» եզրույթն անգամ նենգաբար շահարկվում է քաղաքական մանրախնդիր շահերի համար, իրավական ակտերը նենգորեն կիրառվում են երկակի իմաստով և նույնիսկ ցեղասպանության զոհերը ներկայացվում են որպես ոճրագործներ, ինչպես կարող ենք մենք` սերբ ժողովրդի ներկայացուցիչներս, ովքեր զանգվածային կորուստներ ենք կրել վերջին դարաշրջանի պատերազմներում զուտ սերբ ազգություն ունենալու համար, այսօր այստեղ չլինել: Ինչպես կարող ենք դավաճանել միլինավոր զոհերի հիշատակը և չճանաչել ճշմարտությունը: Ինչպես չսովորենք այն դասերը, որոնք մարդկությունն ավանդել է դեռ վաղուց: Մեզ համար չգալու տարբերակը չկար»,- ընդգծեց Սերբիայի նախագահ Տիմոսլավ Նիկոլիչը` կոչ անելով` «Եկեք մարդ լինենք»:

Նրա դիտարկմամբ` յուրաքանչյուրը պետք է իրեն զգա որպես աշխարհի քաղաքացի ու գիտակցի, որ միայն միասնական ջանքերի արդյունքում կարելի է հակադարձել համամոլորակային մարտահրավերներին:

Աշխարհասփյուռ հայության մայրաքաղաք Երեւանում` Ծիծեռնակաբերդի բարձունքում, «Հիշում եմ եւ պահանջում» կոչով հիշատակի արարողություն է:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին հայ ժողովրդի կողքին են 60 երկրների պաշտոնական պատվիրակություններ, որոնցից 4-ը՝ նախագահի մակարդակով: Երեւանում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը, Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում