Սահմանից այն կողմ 4.5 մլն.-ի հայություն կա, որի գենոֆոնդն ինձ համար շատ ավելի թանկ է, քան տնտեսականը. Արագած Ախոյանը՝ սահմանի բացումից

Սահմանից այն կողմ 4.5 մլն.-ի հայություն կա, որի գենոֆոնդն ինձ համար  շատ ավելի  թանկ է, քան տնտեսականը. Արագած Ախոյանը՝ սահմանի բացումից

«Մեր պահանջները չպետք է լինեն վիրտուալ, այլ իրատեսական: Գոյություն ունեն միջազգային իրավունքներ, որի սահմաններում պիտի դատական գործընթացներում Թուրքիայից պահանջենք և  վերականգնենք մեր  կորցրած իրավունքները՝ նյութական և հոգևոր: Հեշտ է  էժան պոպուլիզմով հերոսանալ՝ ամեն ինչ կամ ոչինչ»,-Times.am-ի     հետ զրույցում ասաց Արևմտահայոց համագումարի  Հայաստանի լիազոր ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր  Արագած Ախոյանը՝ հավելելով, որ ՀՀ-ի և Թուրքիայի դիվանագիտական կորպուսը պիտի հասկանա, որ  առանց  քաղաքացիական հասարակության պատրաստման անհնար է  ինչ-որ բանի հասնել:

Ըստ նրա՝ նախ պիտի ունենանք հստակ պահանջագիր, թե ինչ ենք ուզում, երբ պետք է դատարան դիմենք, որից հետո դատական գործընթացներ հենց  Թուրքիայում: Իհարկե, գուցե հաջողության չհասնենք այսօրվա Թուրքիայի վարած քաղաքականության պատճառով,  բայց կա Եվրոպական դատարան:

«Արևմտահայոց համագումարի խորհրդի անդամ եմ, ունենք իրավաբանների խումբ,  թուրքական կողմից ՍԴ որոշումները վեր են հանում և  մեզ մատուցում, որ ճիշտ թղթածրար կազմենք: Հերիք է զոհի կարգավիճակում  մնանք, որով անհնար է առաջ գնալ»,- շեշտեց պատգամավորը:

Դիտարկմանը, թե որքանով  է թուրքական կողմը պատրաստ ձեր ասած՝ ողջամիտ պահանջների բավարարմանը, Արագած Ախոյանն արձագանքեց. «Հարցերը պիտի այնպես դասավորենք, որ բերի դրան»:

Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացմանը, պատգամավորը պնդեց, որ դրանից հայկական կողմը մեծապես շահելու է:

Հակադարձմանը, որ  որոշ փորձագետների  կարծիքով  տեղական արտադրանքը կվնասվի, որ այսօրվա ՀՀ ժողովրդագրական պատկերի դեպքում սահմանի բացումը լուրջ խնդիրներ կառաջացնի մեզ համար,  Ախոյանն ընդգծեց. «Նախ՝  սահմանից այն կողմ 4.5 մլն.-ի հայություն կա, որի գենոֆոնդն ինձ համար  շատ թանկ է, քան տնտեսականը, թեպետ չի վնասվի: Ուսումնասիրեք հայի տեսակը. 100 տարի առաջ Թուրքիայի կապիտալի 40 տոկոսը  հայերի շնորհիվ է եղել»:

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում