Թուրքիայում սաստկանում են հայերից ներողություն խնդրելու կոչերը

Թուրքիայում սաստկանում են հայերից ներողություն խնդրելու կոչերը

Անկարայից եւ Ստամբուլից բացի, ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հիշատակման արարողություններ են տեղի ունենում Թուրքիայի շատ այլ նահանգներում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ն` այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողություններ են տեղի ունեցել նաեւ Մերսինում եւ Դիարբեքիրում:

Թուրքական Demokrataber կայքի փոխանցմամբ` «Մերսին 68-ականներ» եւ Քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDK) քաղաքային կազմակերպությունների առաջնորդությամբ Մերսինում անցկացված հիշատակի արարողության մասնակիցները Թուրքիայի իշխանություններին կոչ են արել առարեսվել սեփական երկրի պատմությանը եւ ներողություն խնդրել հայ ժողովրդից:

Արարողության ժամանակ հիշյալ կազմակերպությունների կողմից համատեղ արված հայտարարության մեջ ասվում է. «Պետություն, առերեսվիր Ցեղասպանության հետ: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին հիշում ենք մեր կորուստները»: Արարողության մասնակիցները «Հայ ժողովուրդը մենակ չէ», «Մի մոռացիր եւ մոռացնել մի տուր 1915-ը» բովանդակությամբ պաստառներ են պարզել:

Մասնակիցների անունից ունեցած ելույթում «Մերսին 68-ականներ» կազմակերպության ղեկավար Հասան Քափըքըրանն ասել է. «Իշխանությունը կրողները, չցանկանալով առերեսվել սեփական պատմությանը, շարունակում են պատմության ընթացքում պետության կատարած հանցագործությունները ժխտելու ջանքեր գործադրել: Ժխտելու փոխարեն արժանապատիվ ապագա կառուցելու համար պետությունը պետք է առերեսվի Հայոց ցեղասպանության հետ եւ վերջ դնի հարյուրամյա ամոթին»:

Ելույթում նա ընգծել է, որ հարյուրամյա ամոթից ձերբազատվելու եւ հավասար իրավունքներով քաղաքացիության համար պետությունը պետք է ներողություն խնդրի ցեղասպանության ենթարկված հայ ժողովրդից:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակության արարողություն է կատարվել նաեւ Դիարբեքիրի ասորական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում, որին մեծ թվով մարդիկ են մասնակցել: Արարողությունից հետո եկեղեցու զանգերը 100 անգամ ղողանջել են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում