Պուտինը և Օլանդը Երևանում քննարկել են միջազգային հրատապ հարցեր

Պուտինը և Օլանդը Երևանում քննարկել են միջազգային հրատապ հարցեր

Երևանում տեղի է ունեցել Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ` Վլադիմիր Պուտինի և Ֆրանսուա Օլանդի հանդիպումը, ովքեր Հայաստան են ժամանել՝ մասնակցելու համար Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը, հանդիպմանը քննարկվել են երկկողմ օրակարգի հրատապ հարցեր, Ռուսաստանի և Եվրամիության փոխգործակցությունը, Ուկրաինայի հարցով մինսկյան պայմանավորվածությունների իրականացումը:

Վլադիմիր Պուտինը նշել է, որ ուրախ է սգո արարողությունների շրջանակում Օլանդի հետ հանդիպելու հնարավորության համար, խոսել երկկողմ հարաբերությունների և, ընդհանրապես, ՌԴ-ի ու Եվրամիության միջև առկա կապերի զարգացման մասին: «Ցավոք, մեր հարաբերությունները գտնվում են ոչ լավ վիճակում, առևտրաշրջանառությունը կրճատվում է, այդ թվում՝ Ֆրանսիայի հետ, ինչը միայն ցավ է առաջացնում: Իմ կարծիքով` մենք պետք է գտնենք մեր հարաբերությունների վերականգնման ուղիներ, և կարծում եմ, դրանում բոլորը շահագրգիռ են: Իհարկե, կխոսենք նաև մինսկյան պայմանավորվածությունների մասին, որոնք վերաբերում են Ուկրաինայի արևելքում առկա իրավիճակին: Գիտեմ, որ դուք շատ բան եք արել, որպեսզի այդ պայմանավորվածությունները կյանքի կոչվեն, և մշտապես դրան անձնական ուշադրություն եք ցուցաբերում»,- ասել է Պուտինը:

 Իր հերթին, Ֆրանսուա Օլանդը նշել է, որ չնայած ողբերգական իրավիճակին, իրեն ևս հաճելի է հանդիպել ՌԴ Նախագահին և քննարկել երկկողմ հարաբերությունները: «Իհարկե, մենք կքննարկենք նաև ՌԴ-ի և ԵՄ-ի հարաբերությունները, որոնք, Դուք լիովին ճիշտ եք, վերջին ժամանակներս շատ են վատացել: Դա տեղի է ունեցել ուկրաինական ճգնաժամի հետևանքով: Իմ կարծիքով, մենք ապացուցել ենք, որ մենք չենք կարող հաշտվել ոչ ուկրաինական ճգնաժամի և ոչ էլ ՌԴ-ի ու ԵՄ-ի, հատկապես Ֆրանսիայի հարաբերությունների վատացման հետ: Իհարկե, որպեսզի լավագույնս դուրս գանք այս իրավիճակից, անհրաժեշտ է շարժվել մինսկյան պայմանավորվածությունների իրականացման ճանապարհով: Մենք երկուսս էլ ձգտում ենք այդ պայմանավորվածություններին, աշխատում դրանց ուղղությամբ, գործադրում բոլոր ջանքերը, որպեսզի այդ ամենը կյանքի կոչվի: Կարծում եմ, որ մենք այժմ կքննարկենք այդ աշխատանքների շարունակումն աշխատանքային խմբերի շրջանակում»,- նշել է Օլանդը:

Ֆրանսիայի Նախագահը, դիմելով Պուտինին, նշել է, որ ևս ունի մի քանի այլ հարցեր, որոնք կարող են քննարկել, քանի որ դժվար, մասնավորապես, Սիրիայի, Իրանի, Իրաքի և Լիբիայի հարցերի շուրջ իրենց անհրաժեշտ է և Ռուսաստանի և Ֆրանսիայի դերակատարությունը: «Մենք բոլորս աշխատում ենք այդ ուղղությամբ, դրա համար էլ անհրաժեշտ էր հանդիպել այստեղ` Երևանում»,- ընդգծել է Օլանդը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում