Ռումինիայի վարչապետին ու Սլովենիայի նախագահին Գալիպոլիում ոչ ոք չի տեսել

Ռումինիայի վարչապետին ու Սլովենիայի նախագահին Գալիպոլիում ոչ ոք չի տեսել

Թուրքական լրատվամիջոցները ուռճացրել են Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին մասնակցող պետությունների նախագահների և վարչապետների թիվը` առնվազն երկուսով: Նախօրեին թմբկահարվող հայտարարությունը, թե միջոցառումներին մասնակցելու են 17 երկրների նախագահներ և 5 երկրների վարչապետներ, իրականությանը չի համապատասխանում: Դեռ առավոտյան թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը հաղորդում էր, որ մասնակիցների թվում են լինելու Սլովենիա յի նախագահ Բորուտ Պահորը և Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտան: Հատկանշական է, որ նյութը գործակալության կայքէջում հրապարակվել է առավոտյան ժամը 10:38-ին և խմբագրվել 12:29-ին, որից հետո անգամ եվրոպական երկու երկրների առաջնորդների անունները եղել են նյութում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Բուխարեստից, Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտան այսօր Կրայովա քաղաքում ընդունել է Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովին և Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչին: Քիչ հավանական է, որ Պոնտան թողել է հյուրերին և մեկնել Գալիպոլի, մանավանդ, որ վերջիններիս քննարկման օրակարգում Գալիպոլիի տոնակատարությունների հարցն ընդհանրապես կարելի է բացառել:

Ինչ վերաբերում է Սլովենիայի նախագահ Բորուտ Պահորին, նա ընդհանրապես նախընտրել է օրն անցկացնել մշակութային միջավայրում և մտավոր սեփականության խնդիրների քննարկման համար ընդունել է երկրի երաժշտական էլիտայի ներկայացուցիչներին:

Հաշվի առնելով այս հանգամանքը՝ կարելի է եզրակացնել, որ Գալիպոլիի միջացառումների ներկաների թվի արհեստական ուռճացումը Թուրքիայի համար եղել է ընդամենը ինքնանպատակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում