Հիշատակի քայլերթ Հռոմում՝ ի հարգանս Ցեղասպանության Նահատակների

Հիշատակի քայլերթ Հռոմում՝ ի հարգանս Ցեղասպանության Նահատակների

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում այսօր քայլերթի են դուրս եկել տեղի հայերը: Այս կապակցությամբ «Հռոմի և Լացիոյի հայ համայնքի միության» կողմից Panorama.am-ին փոխանցված հաղորդագրության մեջ ասվում է. «Ցեղասպանության հիշատակման միջոցառումների համատեքստում ապրիլի 24-ին Հռոմ քաղաքում կազմակերպվել է քայլերթ, որի մեկնարկը տրվել է Հռոմի Պորտա Պիա հրապարակից, իսկ ավարտին միջոցառման մասնակիցները միացել են Հռոմի Սուրբ Նիկողայոսի եկեղեցում կազմակերպված Հիշատակման Պատարագին և Ցեղասպանության Զոհերի հուշարձանի մոտ մասնակցել են մոմավառության՝ ի հիշատակ Սրբադասված Նահատակների:

Քայլերթը կրում էր «Յիշատակի Քայլեր» խորագիրը և կազմակերպված էր Հայոց ցեղասպանության 100-ամյակի Հռոմի կոմիտեի կողմից: Քայլերթի երթուղու ընտրությունը պայմանավորված էր նրանով, որ Պորտա Պիայի հրապարակից դեպի Հայկական եկեղեցի տանող ճանապարհի հատվածում է գտնվում ինչպես Հայաստանի դեսպանատունը, որտեղ նախատեսված էր կանգառ, այնպես էլ Թուրքիայի դեսպանատունը:

«Յիշատակի Քայլեր» քայլարշավը չի հանդիսանում երթ Թուրքիայի դեմ (պետք է շեշտել, որ քաղաքային իշխանություններն ու ոստիկանությունն արգելել են անցնել Թուրքիայի դեսպանատան մոտով), դժվարություններով հանդերձ՝ երթն այնումանայնիվ կայացավ՝ ի նշան բնաջնջման և ժխտման բոլոր ձևերի մերժման և որպես խաղաղության համամարդկային ցանկության ամրագրման արտահայտություն:

Այսպիսով հիշատակի քայլերթը դարձավ ցույց ՀԱՆՈՒՆ, այլ ոչ թե ԴԵՄ սկզբունքի՝ ի դեմս հանդուրժողականության և գոյակցության սկզբունքների, որոնք կազմում են եվրոպական հասարակության հիմքը:

Կազմակերպչական Կոմիտեն ի սկզբանե ակնկալում էր աշխարհիկ, կրոնական, արհեստակցական և երիտասարդական միությունների մասնակցությունը՝ զորակցելու բոլոր նրանց, ովքեր ենթարկվել են և այսօր էլ ենթարկվում են ցեղասպանության, և միաժամանակ մերժելով, մեկ ազգի ենթադրյալ գերազանցությունը մյուսի նկատմամբ դավանող, վտանգավոր տեսությունները:

Նախաձեռնությունը ստացավ մեծ արձագանք և քսանից ավելի կազմակերպություններ մասնակցության ցանկություն և կամք ցուցաբերեցին՝ այդ թվում «Մատրոշկա» մշակության միությունը, «Հրանտ Նազարյանց» կենտրոնը, Սուրբ Վլասի, Բոսնիայի և Հերցոգովինայի Հռոմի Համայնքը, «Կրոնականները՝ հանուն խաղաղության» և մի շարք այլ կազմակերպություններ: Միջոցառմանը կազմակերպված կանգառներում նախատեսված էին նաև հիշատակման ընդմիջումներ, հնչեց նաև հոգևոր երաժշտություն՝ Կոմիտաս, մասնակիցների թվում էին ոչ միայն հայ, այլև իտալացի մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, այդ թվում՝ դերասանուհի Կլաուդիա Մանչինելլին:

Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին Հռոմի Պապի կողմից կազմակերպված Սուրբ Պատարագի ժամանակ հնչեցված խոսքերը և Մեծ Եղեռնի՝ ցեղասպանության որակումը ոչ միայն ահռելի արձագանք ստացավ համաշխարհային մամուլում, այլև կարողացավ կոտրել դարեր տևած կարծրատիպեր և բեկումնային հանդիսացավ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում:
Հիշում և պահանջում ենք …»

Հետևեք մեզ նաև Telegram-ում