«Ցեղասպանությունը մշակութային ջարդն է նաև». Աշխարհի 43 երկրի երաժիշտներ արդարության կոչ արեցին աշխարհին

«Ցեղասպանությունը մշակութային ջարդն է նաև». Աշխարհի 43 երկրի երաժիշտներ արդարության կոչ արեցին աշխարհին

Ապրիլի 24-ի երեկոյան Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Վերածնունդ» վերտառությամբ համերգ-ակցիային աշխարհի 43 երկրների 123 երաժիշտներից բաղկացած «24/04» նվագախումբն արդարության կոչ ուղղեց աշխարհին՝ փաստելով, որ հայ ազգը Ցեղասպանության արհավիրքներից  հետո  կարողացել  է վերածնվել:

Չորս մեսիջ՝ Հիշողություն, Երախտագիտություն, Միջազգային պայքար, Վերածնունդ, չորս համերգային հատված՝ չորս դիրիժորի ղեկավարությամբ՝ Սերգեյ Սմբատյան, Հովհաննես Չեքիջյան, Ջանլուկա Մարչիանո, Միխայիլ Յուրովսկի: Մենակատարներ՝  ջութակահար, Եղիսաբեթ թագուհու անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր Սերգեյ Խաչատրյան, թավջութակահար, Չայկովսկու անվան, Կորեայի Geongnam, ԱՄՆ-ի Johansen երիտասարդ կատարողների և  Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթների դափնեկիր Նարեկ Հախնազարյան, դուդուկի մեծ վարպետ Ջիվան Գասպարյան,  բարիտոն, ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյան, աշխարհի լավագույն դրամատիկ սոպրանո, օպերային երգչուհի Մարիա Գուլեգինա։

Ինչ վերաբերում է «Վերածնունդ» -ի բովանդակությանը, հնչեցին Արամ Խաչատրյանի, Էդգար Հովհաննիսյանի, Ղազարոս Սարյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Մակար Եկմալյանի, Ավետ Տերտերյանի, Էդուարդ Միրզոյանի, Կոմիտասի,  Առնո  Բաբաջանյանի, Էդգար Հովհաննիսյանի, Ալան Հովհաննեսի և այլ անվանի կոմպոզիտորների գործեր: 

Երաժշտական կատարումներն ուղեկցվեցին ընտրված  անվանակարգ-հատվածին  իմաստային առումով (Հիշողություն, Երախտագիտություն, Միջազգային պայքար, Վերածնունդ) համապատասխան տեսապատկերներով՝ Հայոց ցեղասպանություն, Առաջին Հանրապետության ստեղծում, Խորհրդային ժամանակաշրջան, Արցախյան պատերազմ  և  այսօրվա  Անկախ  Հայաստան: Համերգի ավարտն ազդարարվեց ՀՀ օրհներգով՝ Միխայիլ Յուրովսկու ղեկավարությամբ:

«Ամեն ինչ արվում էր հավատքը, կամքը  կոտրելու ու այս ցեղն աշխարհից վերացնելու համար: Ցեղասպանությունը մշակութային ջարդն է նաև՝ ազգի ոչնչացումը մշակութապես: Համազգային ողբերգությունը  չկոտրեց մեզ, այն կոփեց, ուժեղացրեց, բարձրացրեց: Քրիստոնեական բարոյականությունն առավել ամրապնդվեց»,– համերգի ընթացքում  իր խոսքում նշեց Հովհաննես Չեքիջյանը:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, իրադարձության գաղափարի հեղինակ Սերգեյ Սմբատյանն էլ հիշելով  իր պապի պատմությունը՝ ընդգծեց, որ  հարյուր տարի առաջ գրվեց հայ ժողովրդի պատմության ամենամութ էջերից մեկը, բայց կարողացանք թերթել: Արդեն Times.am-ի հետ զրույցում Սմբատյանը վստահեցրեց, որ Հայոց պահանջատիրությունն այսկերպ փորձում են աշխարհին հասանելի դարձնել՝ դրան մասնակից դարձնելով օտար երաժիշտների: Մեր հարցին, թե  դրանց թվում կա՞ն թուրքեր,  արդյոք փորձ եղե՞լ է համագործակցության, Սմբատյանն ակնարկեց, որ դասական երաժշտության ոլորտում  թուրքերը շատ չեն, բայց փորձ եղել է համագործակցության.«Մշակութային մարդիկ նման խնդիր չունեն, նրանք, ովքեր իսկապես ապրում են  մշակույթով: Օսմանյան կայսրության կատարածը սովորական մարդկանց մեղքով չի եղել, այլ կառավարության»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում