«Հայկական Ժամանակ». Ցեղասպանները պարտվեցին՝ հայերը վերածնվեցին. Աշխարհահռչակ երաժիշտների կատարումները պայթեցրեցին դահլիճը

«Հայկական Ժամանակ». Ցեղասպանները պարտվեցին՝ հայերը վերածնվեցին. Աշխարհահռչակ երաժիշտների կատարումները պայթեցրեցին դահլիճը

«Հայկական Ժամանակ»-ը գրում է. «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պաշտոնական միջոցառումները երեկ ավարտվեցին մաժորային նոտայով՝ բառիս բուն իմաստով: Հանրապետության հրապարակում նախատեսված «Վերածնունդ» համերգ-ակցիան եղանակային պատճառներով տեղափոխվեց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն և սկսվեց նախատեսվածից ավելի քան մեկ ժամ ուշացումով: Համերգի մասշտաբների փոփոխության պատճառով ոչ բոլոր ցանկացողները հնարավորություն ունեցան ներկա գտնվել այդ իրադարձությանը: Այսուհանդերձ, վառ և գունավոր երեկո ստացվեց, որի լեյտմոտիվը հետևյալն էր. ցեղասպանները պարտվեցին՝ հայերը վերածնվեցին, ապրեցին ու իրենց ասելիքն են ասում բոլոր ոլորտներում՝ գիտությունից սկսած մինչև ռազմական գործ:

Բեմի վրա էր աշխարհի 43 երկրները ներկայացնող հարյուր երաժիշտներից կազմված նվագախումբը, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը: Դիրիժորներ Ջանլուկա Մարչիանոն (Իտալիա), Հովհաննես Չեքիջյանը, Սերգեյ Սմբատյանը, Միխայիլ Յուրովսկին (Ռուսաստան): Վերջինիս ղեկավարության ներքո՝ համերգի ավարտին երգչախումբ ու նվագախումբը կատարեցին Հայաստանի Հանրապետության օրհներգը, և ստացվեց մի կատարում, որ բոլորովին նոր կերպ ներկայացրեց այն:

Համերգին առանձնակի փայլ հաղորդեցին օպերային երգչուհի Մարիա Գուլեգինայի, Ջիվան Գասպարյանի, ջութակահար Սերգեյ Խաչատրյանի օպերային երգիչ Գևորգ Հակոբյանի, ռուսաստանահայ թավջութակահար Նարեկ Հախնազարյանի ելույթները: Հատկապես վերջին երկուսը իրենց կատարումներով պայթեցրեցին դահլիճը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում