«Հրապարակ». Թուրքական ԶԼՄ-ներն ուռճացրել են Գալիպոլիի միջոցառմանը մասնակցող նախագահների և վարչապետների թիվը

«Հրապարակ». Թուրքական ԶԼՄ-ներն ուռճացրել են Գալիպոլիի միջոցառմանը մասնակցող նախագահների և վարչապետների թիվը

«Հրապարակ»-ում կարդում ենք. «Թուրքիայի լրատվամիջոցներն ուռճացրել են Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին մասնակցող պետությունների նախագահների և վարչապետների թիվը առնվազն 2-ով։ Նախօրեին թմբկահարվող հայտարարությունը, թե միջոցառումներին մասնակցելու են 17 երկրների նախագահներ և 5 երկրների վարչապետեր, իրականությանը չի համապատասխանում։

Դեռ առավոտյան թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը հաղորդում էր, որ մասնակիցների թվում են լինելու Սլովենիայի նախագահ Բորուտ Պահորը և Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտան։ Հատկանշական է, որ նյութը գործակալության կայքէջը հրապարակել էր առավոտյան ժամը 10։38-ին և խմբագրվել 12։29-ին, որից հետո անգամ եվրոպական 2 երկրների առաջնորդների անունները եղել են նյութում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրեսի» թղթակիցը Բուխարեստից, Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտան երեկ Կրայովա քաղաքում ընդունել է Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովին և սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչին։

Քիչ հավանական է, որ Պոնտան թողել է հյուրերին և մեկնել Գալիպոլի։ Ինչ վերաբերում է Սլովենիայի նախագահին, նա ընդհանրապես նախընտրել է օրն անցկացնել մշակութային միջավայրում և մտավոր սեփականության խնդիրների քննարկման համար ընդունել է երաժշտական էլիտայի ներկայացուցիչներին։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ կարելի է եզրակացնել, որ Գալիպոլիի միջոցառումների ներկաների թվի արհեստական ուռճացումը եղել է ընդամենը ինքնանպատակ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում