Կրեմլից Թուրքիային հորդորում են Պուտինի ելույթն ուշադիր կարդալ և հասկանալ ՌԴ-ին ու ՀՀ-ին կապող փաստերը

Կրեմլից Թուրքիային հորդորում են Պուտինի ելույթն ուշադիր կարդալ և հասկանալ  ՌԴ-ին ու ՀՀ-ին կապող փաստերը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությունը Հայոց ցեղասպանության 100-րդ  տարելիցի  միջոցառումներին պատճառ չէ Թուրքիայի կողմից բացասական արձագանքի համար: Կրեմլի  կարծիքն է փոխանցել  ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։ 

«Մենք չենք կարծում, որ նախագահի մասնակցությունը հիշատակի միջոցառումներին կարող է ինչ-որ կերպ բացասաբար մեկնաբանվել Անկարայի կողմից»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, որտեղ  ռուս առաջնորդին, ով 1915թ. դեպքերը գնահատել է որպես ցեղասպանություն, խորհուրդ են տալիս իմանալ՝ «ինչ է ցեղասպանությունը և ինչպիսին են նրա իրավական սահմանները»:

Պեսկովը շեշտել է, որ Հայաստանը շատ կարևոր գործընկեր է Ռուսաստանի համար,  Եվրասիական տնտեսական միությանը  մասնակից,  Ռուսաստանի տարածքում ապրում են մեծ թվով հայեր, առհասարակ, Մոսկվան և Երևանը կապված են  խորը պատմական արմատներով։

«Բնական է, որ նախագահն  այլ պետությունների առաջնորդների հետ ներկա է եղել Երևանում հիշատակի միջոցառումներին:  Շատ կարևոր է ուշադիր ծանոթանալ Պուտինի ելույթին»,– ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Միաժամանակ Պեսկովը կարևոր է համարել,  որ Թուրքիան ՌԴ-ի ռազմավարական գործընկերն է. «Մենք կարծում ենք, որ մեր հարաբերությունների զարգացման հեռանկարները բավականին լայն են։ Մենք շատ ենք գնահատում մեր փոխհարաբերությունները  Թուրքիայի հետ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում