Այսօր աշխարհում քաղաքական շահերն ավելի բարձր են դասվում, քան քաղաքակրթությունը. ԱԺ նախագահ

Այսօր աշխարհում  քաղաքական շահերն ավելի բարձր են դասվում, քան քաղաքակրթությունը. ԱԺ նախագահ

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ապրիլի 25-ին ընդունել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Զոյի Կոնստանտոպուլուին, ով Հայաստան էր այցելել ոգեկոչման միջոցառումներին մասնկացելու նպատակով:

Ինչպես տեղեկացրին խորհրդարանի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Գալուստ Սահակյանը հյուրին շնորհակալություն է հայտնել ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու, իսկ Հունաստանի խորհրդարանին՝ Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը ճիշտ ժամանակին ընդունելու համար:Խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մասին՝ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ ապրիլի 24-ին Երեւանում տեղի ունեցած աննախադեպ միջոցառումն աշխարհում առաջինն էր իր ծավալով. այն նպաստում է ցեղասպանությունների ճանաչման միջազգային գործընթացին:

Գալուստ Սահակյանը նշել է, որ ցեղասպանությունների միջազգային ճանաչման եւ դատապարտման հարցում հայերն ու հույները՝ որպես հնագույն ազգեր, ունեն պատասխանատվության իրենց բաժինը:

Աժ նախագահը ցավով հավելել է, որ այսօր աշխարհում քաղաքականությունն ու քաղաքական շահերն ավելի բարձր են դասվում, քան քաղաքակրթությունը: Գալուստ Սահակյանը նշել է, որ մեր երկրները հիմնավոր կապեր ունեն. համագործակցում են միջազգային հարթակներում, կրթության եւ ռազմական ոլորտներում: Նա հույս է հայտնել, որ Հայաստանի եւ Հունաստանի խորհրդարանների միջեւ նույնպես կապերը կաշխուժանան եւ կզարգանան:

Խոսելով Հունաստանում տիրող տնտեսական բարդ իրավիճակի մասին՝ Գալուստ Սահակյանը բարեկամ հույն ժողովրդին մաղթել է բարեկեցություն եւ տնտեսական կայունություն:

Զոյի Կոնստանտոպուլուն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ հույներն իրենց պարտքն են համարում այս պատմական միջոցառումների օրերին հայերի կողքին լինել: Նա նշել է, որ Հայոց ցեղասպանությունը համաշխարհային պատմության ամենամութ էջերից մեկն է, քանի որ այդ հանցագործությունը կատարվել է մարդկության դեմ եւ պետք է ճանաչվի ամբողջ աշխարհի կողմից:

Հունաստանի խոհրդարանի ղեկավարը փաստել է, որ Հունաստանը կշարունակի աջակցել Հայաստանին Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացում:

Զոյի Կոնստանտոպուլուն Ազգային ժողովի նախագահին հրավիրել է Հունաստան. հրավերը սիրով ընդունվել է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում