Սերժ Թանկյան.«Եթե տեղի ունենա ճանաչում, պետք է արդարության ճամփան էլ հետը լինի»

Սերժ Թանկյան.«Եթե տեղի ունենա ճանաչում, պետք է արդարության ճամփան էլ հետը լինի»

System of a Down-ի մեներգիչ Սերժ Թանկյանի համար խմբի երևանյան համերգը յուրահատուկ և եզակի փորձ էր: «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում ապրիլի 25-ին Թանկյանն ընդգծեց, որ խմբի տղաները չէին ակնկալում, որ հանրությունն անգլերենով իրենց հետ կերգի:

«Նրանց տպավորությունները շատ լավ էին, նույնիսկ նրանցից մեկը փոխել էր իր թռիչքի օրը, որպեսզի այստեղ ավելի շատ մնա: Ես ամենաանգրագետ երաժիշտն եմ, ոչ ռոք եմ սովորել, նույնիսկ դաշնամուրի դաս չեմ անցել: Շատ կարևոր է երաժշտությամբ դաստիարակվել: Կոմիտասի երաժշտական դպրոցը կարող է Ջուլիարդի նման լինի, որպեսզի օտարները գան Հայաստան և սովորեն: Երբ ես սկսեցի երաժշտությամբ զբաղվելլ՝  ինձ համար դա ընտրություն չէր, 15-20 տարեկան էի, եզրակացրի, որ դա է իմ կյանքի ճամփան»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Սերժ Թանկ յանը:

Անդրադառնալով Ցեղասպանության ճանաչման հարցին՝ երգիչը նշեց, որ, ճանաչում ասելով, հասկանում ենք, որ թուրքական կառավարությունը ճանաչի Ցեղասպանությունը և դրան համեմատ արդարության ճամփան բացվի:

«Եթե տեղի ունենա ճանաչում, պետք է արդարության ճամփան էլ հետը լինի, քանի որ ինձ համար ճանաչումը չէ առաջնահերթը: Ճանաչումը լավ կլինի ոչ միայն զոհերի, այլև հայ երիտասարդության համար, որպեսզի իրապես սկսենք բացահայտել մեր հարստությունները»,-ընդգծեց երգիչը:

Նրա խոսքով՝ System of a Down-ի հետ Թուրքիայում հանդես գալու ցանկություն են ունեցել, սակայն պատասխան չեն ստացել:

Հարցին, թե վերջին երկու տարիներին Հայաստանում ինչ է փոխվել՝ Թանկյանը պատասխանեց. «Այդ դուք ինձ պետք է ասեք, ես վերջին երկու տարիներին այստեղ չէի: Եկել եմ ստուգելու: Որքան կարող եմ հետևում եմ, ինչ է կատարվում»:

Երգչուհի Լիլիթ Պիպոյանն էլ հավելեց, որ ներկա էր System of a Down-ի երևանյան համերգին: «Ես տեսա ազնիվ դեմքեր, տեսա այդ ոգևորությունը և բոլորին միավորող էներգիան: Ինձ համար շատ հաճելի էր տեսնել այդ երիտասարդությունը»,- նշեց նա:

System of a Down խումբն աննկարագրելի համերգ պարգևեց հայ հանդիսատեսին: Հանրապետության հրապարակում ապրիլի 23-ին տեղի ունեցավ խմբի՝ Հայոց ցեղասպանության իրազեկմանը նվիրված «Արթնացրեք հոգիները» (Wake Up the Souls) խորագրով շրջագայության երևանյան համերգը:

Համերգի ընթացքում խումբը կատարել է յուրահատուկ ստեղծագործություններ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում