Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցուցակում

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցուցակում

Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխարհի ժառանգության նախնական ցուցակում:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը:

Կայքը նշում է, որ Վանի գլխավոր զբոսաշրջային կետերից մեկը հանդիսացող հայկական Սուրբ Խաչ եկեղեցու` ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժամանակավոր ցուցակում հայտնվելը կօժանդակի Վանը Թուրքիայի զբոսաշրջային կենտրոնի վերածվելու գործին: Կայքը հույս է հայտնում, որ այդ փաստի հետ կապված` 2009 թվականի վերանորոգումից հետո ամեն սեպտեմբերին Սուրբ Խաչում մատուցվող պատարագին ավելի շատ զբոսաշրջիկներ կմասնակցեն:

Վանի Սուրբ Խաչ եկեղեցին Հայոց Գագիկ Առաջին թագավորի հրամանով 915-921 թվականներին կառուցել է ճարտարապետ Մանվելը: Այն համարվում է միջնադարի հայկական ճարտարապետական արվեստի ամենափայլուն նմուշներից մեկը: Ըստ ավանդույթի` եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում Երուսաղեմից Իրան առեւանգվելուց հետո Քրիստոսի խաչվելու իրական խաչի մի հատվածը ապաստանելու եւ պահպանելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում