Թուրքիայում պատրաստվում են դատի տալ Հայաստանին

Թուրքիայում պատրաստվում են դատի տալ Հայաստանին

Թուրքական Իզմիր-Էրզրում մշակույթի եւ համերաշխության հիմնադրամը որոշել է դատի տալ Հայաստանին` Թուրքիային ցեղասպանության մեջ մեղադրելու համար, եւ դատական գործընթացով ցույց տալ, որ 1915 թվականին «իրականում հայերն են կոտորել թուրքերին»:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Իհլաս» լրատվական գործակալությունը, հիմնադրամի տնօրեն Ջոշքուն Ըշըքը հայտարարել է, որ իրենց նպատակը դատական գործընթացով պարզելն է, թե հայերից եւ թուրքերից ովքեր են «իսկական ջարդարարները, եւ ովքեր՞ կոտորվածները»:

Նա ասել է, որ 100 տարվա ընթացքում այս թեմայի շուրջ իրավական որեւէ գործընթաց չի եղել, եւ իրենք ցանկանում են տալ դրա մեկնարկը: Ըշըքն ասել է, որ իրենք Հայաստանից, Ռուսաստանից, Անգլիայից եւ ԱՄՆ-ից պահանջելու են բացել թեմայի հետ կապված արխիվները:

«Մենք ԱՄՆ-ից պահանջելու ենք փաստաթղթեր տրամադրել «Դաշնակցություն» եւ Հնչակյան կուսակցությունների արխիվներից: Պահանջելու ենք ներկայացնել այդ ժամանակաշրջանում ԱՄՆ-ի դեսպանների եւ հյուպատոսների զեկույցները», -ասել է նա:

Թուրքական հիմնադրամի տնօրենը չի նշել, թե կոնկրետ որ դատական ատյանում են մտադիր Հայաստանի դեմ «ցեղասպանության» հայց ներկայացնել: Նա հայտնել է, որ դատական գործընթացը սկսելու վրա, որը նախատեսվում է սկսել առաջիկա մայիսին, արդեն 160 իրավաբան է աշխատում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում