Դիդիե Ռեյնդերսն այցելել է Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի շինհրապարակ

Դիդիե Ռեյնդերսն այցելել է Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի շինհրապարակ

ԵԽ նախարարների խորհրդի նախագահ, Բելգիայի փոխվարչապետ, արտաքին գործերի, արտաքին առևտրի և եվրոպական հարցերի նախարար Դիդիե Ռեյնդերսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի շինհրապարակ՝ Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, նախարար Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ պատվիրակությունը շրջել է կենտրոնի շինհրապարակում: Ռադիոիզոտոպերի արտադրության և մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Յաղջյանը ներկայացրել է կատարված աշխատանքները:

Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի շինարարությունն արդեն ավարտական փուլում է: Մարտին այստեղ տեղադրվել է բելգիական IBA Molecular ընկերության արտադրության «ՑԻԿԼՈՆ 18/18» ցիկլոտրոնային արագացուցիչը: Դիդիե Ռեյնդերսը բարձր է գնահատել կատարված աշխատանքը: Այցի ընթացքում կարևորվել է կենտրոնի ոչ միայն բուժական, այլև գիտական և արտադրական ներուժի օգտագործումը:

Այս ծրագիրն իրականացվում է երեք փուլով՝ ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման, արտահիվանդանոցային ծառայություններ մատուցող ճառագայթային բուժման և քիմիաթերապիայի ու վիրաբուժական կենտրոնների ստեղծում: Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնում նախատեսվում է կատարել ուռուցքաբանական հիվանդությունների կանխարգելում ու վաղ հայտնաբերում: Կենտրոնը հագեցվելու է ռադիոլոգիական և ռադիոիզոտոպային ախտորոշման ժամանակակից սարքավորումներով: Նախատեսվում է, որ այն կսպասարկի ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի բնակչությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում