Բրյուսելում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված համերգին հանդես են եկել անվանի արտիստներ

Բրյուսելում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված համերգին հանդես են եկել անվանի արտիստներ

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում ապրիլի 26-ին Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված համերգը մեծ հաջողությամբ է անցել: Իրադարձությունը տեղի է ունեցել «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի կողմից իրականացվող և ցեղասպանության տարելիցին նվիրված համերգաշարի շրջանակում:

Ինչպես Բրյուսելից «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրին «Երևանյան հեռանկարներ» փառատոնի կազմակերպիչները, երեք անվանի մենակատարներ՝ ջութակահար Մաքսիմ Վենգերովը, թավջութակահար Միշա Մայսկին և շեփորահար Սերգեյ Նակարյակովը Բելգիայի ազգային նվագախմբի հետ, մաեստրո Ջորջ Փեհլիվանյանի ղեկավարությամբ, իրենց հարգանքի տուրքն են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերին:

«Համերգն անցել է լեփ-լեցուն դահլիճում: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են ցեղասպանության նահատակների հիշատակը: Համերգի ավարտին Մաքսիմ Վենգերովը կատարել է Կոմիտասի «Կռունկը», ինչը մեծ ոգևորությամբ է ընդունվել: Հանդիսատեսը տպավորված էր երաժիշտների ելույթներով»,-նշեցին փառատոնի կազմակերպիչները:

Ծրագրում հնչել են Ա. Խաչատարյանի, Ալ. Հարությունյանի, Պ. Ի. Չայկովսկու և այլ անվանի կոմպոզիտորների գործեր: Համերգի ընթացքում տեղի է ունեցել երիտասարդ հայ կոմպոզիտոր Ալեքսանդր Իրավյանի նոր՝ ցեղասպանության տարելիցին նվիրված «DNA15-15»ստեղծագործության պրեմիերան:

Ցեղասպանության տարելիցին նվիրված նախաձեռնության «Երևանյան հեռանկարներ» փառատոնի մեկնարկը տրվեց մարտի 5-ին: Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախումբը, էստոնացի հայտնի ջութակահար, դիրիժոր Անդրես Մուսթոնենի ղեկավարությամբ ներկայացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված երաժշտական ծրագրով:

«Երևանյան հեռանկարներ» փառատոնի նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ութ համերգ կկազմակերպվեն աշխարհի տարբեր երկրներում: Նախագծի շրջանակում մի շարք անվանի արտիստներ հանդես կգան նաև Սանկտ Պետերբուրգի, Լոնդոնի, Նյու Յորքի, Հռոմի և Վիեննայի հեղինակավոր բեմերում: Ծրագրին մասնակցում են Բելգիայի ազգային և Լա Սկալա ֆիլհարմոնիկ նվագախումբը, Սանկտ Պետերբուրգի արքայական ֆիլհարմոնիկ և Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբերը, դիրիժորներ Վալերի Գերգիևը, Պինկաս Ցուկերմանը, Ջորջ Փեհլիվանյանը, Ջոն Աքսելորդը, մենակատարներ Եվգենի Կիսինը, Մաքսիմ Վենգերովը, Միշա Մայսկին, Ջուլիան Ռաչլին, Սերգեյ Նակարյակովը, այլոք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում