Արցախյան էկոխաղալիքները՝ աշխարհի տարբեր ծայրերում

Արցախյան էկոխաղալիքները՝ աշխարհի տարբեր ծայրերում

Հայկական արտադրության առաջին փայտե խաղալիքները ստեղծվում են Արցախում, սակայն տարածում ունեն Ավստրալիայից մինչև Բրազիլիա և ԱՄՆ։ «Woodpeckers» (թարգմ.՝ փայտփորիկներ) փայտե խաղալիքների բրենդը հիմնադրվել է 2014թ. Արցախի բնակիչ Աշոտ Մարգարյանի կողմից։ Փայտե խաղալիքներն իրենց յուրօրինակ ձևավորմամբ և բարձր որակով կարողացել են կարճ ժամանակ ահատվածում ճանաչում ձեռք բերել և հետաքրքրել նույնիսկ արտասահմանցի գնորդներին։

«Արմենպրես»-ի հետ զրույցում խաղալիքների արտադրության պատախանատու Դավիթ Խաչատրյանը պատմեց, որ «Woodpeckers»-ի խաղալիքները նախագծվում են երեխաների կողմից՝ երեխաների համար։ «Արցախի երեխաները մասնակցում են յուրաքանչյուր նոր խաղալիքի նախագծմանը, ընտրում են գույները, ապա միասին ներկում ենք։ Պատրաստի նախագիծը տրամադրում ենք անհատ վարպետների, ովքեր էլ պատրաստում են խաղալիքները։ Վերջնական փուլում դրանք հավաքում ենք Ստեփանակերտում և փաթեթավորում»,- ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ սոցիալական տարբեր ծրագրերի շրջանակներում աջակցություն է տրամադրվում մանկապարտեզներին և մանկատներին. նրանց ապահովում են խաղալիքներով։ Իսկ երբ պատվերներ են ստացվում, «Woodpeckers»-ի խաղալիքներն ուղարկվում են նաև պատվիրատու երկրներ։ «Բոլոր խաղալիքների վրա գրված է «Պատրաստված է Արցախում, Հայաստանում» («Made in Artsakh, Armenia»)։ Արդեն ունենք շուրջ 3 տասնյակ խաղալիքների տեսականի»,- նշեց Դավիթը։

Նա համոզմամբ՝ «Woodpeckers»-ն առջին հերթին սոցիալ-կրթական ծրագիր է, որտեղ երեխաների պատկերացումներով խաղալիքներ են պատրաստվում՝ այսպիսով նրանց դարձնելով գործընթացի անմիջական մասնակից: Բայց միևնույն ժամանակ նախաձեռնությունը լավ հարթակ է Արցախի տարբեր շրջաններում ապրող տաղանդավոր մարդկանց համար, ովքեր հանգամանքների բերումով հնարավորություն չունեն իրենց ձեռքի աշխատանքները վաճառքի ներկայացնելու:

Հետևեք մեզ նաև Telegram-ում