Նեպալի երկրաշարժը 8 մլն մարդու կյանք է խաթարել. ՄԱԿ

Նեպալի երկրաշարժը 8 մլն մարդու կյանք է խաթարել. ՄԱԿ

Նեպալում տեղի ունեցած երկրաշարժը 8 մլն մարդու կյանք է խաթարել երկրի 39 շրջաններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 28-ին հաղորդել է Reuters գործակալությունը՝ հղում անելով ՄԱԿ-ին:

«Նախնական գնահատումների համաձայն՝ նրանցից մոտավորապես 2 մլն մարդ բնակվում է 11 առավել տուժած շրջաններում»,- նշել են ՄԱԿ-ում: Նեպալի մայրաքաղաք Կատմանդուում կազմակերպվել է 21 վրանային ճամբար, որտեղ տուժածները կարող են անհրաժեշտ օգնություն ստանալ:

Կազմակերպության տվյալներով՝ տարածաշրջանում պարենամթերքի, խմելու ջրի, ինչպես նաեւ առաջին անհրաժեշտության իրերի պակաս է զգացվում: Ավտոլցակայաններում հերթեր են գոյացել: Բացի այդ, շատ բանկեր փակվել են, ինչի հետեւանքով մարդիկ չեն կարողանում փող ստանալ բանկոմատներում:

Նեպալում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4310-ի, տուժել է ավելի քան 8 հազար մարդ: Այդ մասին այսօր հաղորդել է երկրի ներքին գործերի նախարարությունը:

Ամբողջ գիշեր շարունակվել են մինչեւ 5,2 մագնիտուդով ստորգետնյա ցնցումները: Մարդիկ, արդեն երրորդ օրն է՝ գիշերում են բաց երկնքի տակ, գործնականում նույն պայմաններում է ցուցաբերվում բուժօգնությունը՝ ընդհուպ մինչեւ բարդ ներգանգային վիրահատությունները: Ապրիլի 28-ին սպասվում է միանգամից մի քանի փրկարարական խմբերի ժամանումը, փլատակների հավաքման աշխատանքները շարունակվում են:

Ապրիլի 27-ին եղանակը լավացել է, ինչի շնորհիվ Էվերեստի վրա գտնվող բազային ճամբարից ուղղաթիռներով տարահանվել են այնտեղ մնացած 210 ալպինիստները:

Երկրաշարժի էպիկենտրոն՝ Կատմանդուից հյուսիս-արեւմուտք ընկած շրջան, տանող ճանապարհներն արդեն մաքրված են եւ այնտեղ են ուղարկվում փրկարարների խմբեր:

Կատմանդուում փրկարարները շարունակում են ավերված շենքերի փլատակներից դուրս բերել զոհվածների մարմինները:

Իշխանությունները նախազգուշացնում են, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ փրկարարները դեռեւս չեն հասել Նեպալի արեւմտյան մասի դժվարամատչելի բազմաթիվ գյուղեր:

Ստացվող հաղորդագրությունների համաձայն՝ շատ գյուղերում լուրջ սողանքներ են տեղի ունեցել:

Նեպալ փրկարարներ եւ հումանիտար օգնություն է գալիս արտասահմանից՝ Հնսկաստանից, Չինաստանից, Իսրայելից, Ռուսաստանից եւ այլ երկրներից:

Երկրաշարժից տուժած շրջաններ իրենց խմբերն են ուղարկել նաեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, Oxfam միավորումը, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը եւ «Քրիստոնեական օգնություն» բրիտանական կազմակերպությունը:

Փրկարարների աշխատանքը դժվարանում է, քանի որ երկրաշարժի պատճառով Համացանցը եւ բջջային կապը խափանումներով է աշխատում, ավերված են բազմաթիվ ճանապարհներ:

«Էլեկտրականությունն անջատված է, կապի համակարգերը գերբեռնված են, հիվանդանոնցները լեփլեցուն են, դրանցում տեղերը չեն բավականացնում զոհվածների մարմինները պահելու համար»,- Agence France-Presse-ին ասել է Oxfam կազմակերպության ղեկավարը:

7,9 մագնիտուդով երկրաշարժը Նեպալում տեղի է ունեցել ապրիլի 25-ի առավոտյան: Դրա էպիկենտրոնը գտնվում էր երկրի մայրաքաղաք Կատմանդուից 82 կիլոմետր հյուսիս-արեւմուտք ընկած շրջանում: Դրան հաջորդել են հարյուրից ավելի հետցնցումներ, որոնցից ամենահզորը՝ 6,7 մագնիտուդով, գրանցվել է ապրիլի 26-ին: Տեղի բնակիչները պատահածն արդեն համարել են ամենաավերիչը 1934 թվականից ի վեր, երբ զոհվել էր 8,5 հազար մարդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում