Դամասկոսում Հայոց ցեղասպանության զոհերի նոր հուշարձան կկառուցվի

Դամասկոսում Հայոց ցեղասպանության զոհերի նոր հուշարձան կկառուցվի

Դամասկոսում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հուշարձան կկանգնեցվի` Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հովանու ներքո: Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեսանյութ և լուսանկարներ է հրապարակել Դամասկոսում ապրիլի 26-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հուշարձանի հիմնաքարի տեղադրվելու վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հուշարձանը կկառուցվի վերջերս «Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների» անվանակոչված հրապարակում՝ Բաբ Շարկի թաղամասում: Կառուցվելիք հուշարձանի մոտ տեղադրված ցուցանակի վրա երկու լեզվով՝ հայերեն և արաբերեն, նշված է. «Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Հաֆեզ ալ Ասադի հովանու ներքո և ի նշանավորում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Դամասկոսի քաղաքապետ Բըշր Սաաբանը զետեղեց Հայոց ցեղասպանության Սրբոց նահատակաց հուշարձանի հիմնաքարը` օրհնությամբ Դամասկոսի երեք հայ համայնքապետերի: Կիրակի, 26 ապրիլ 2015»:

Մեծ եղեռնի զոհերի հիշատակի մյուս հուշարձանը գտնվում է Հայ Առաքելական Սուրբ Սարգիս եկեղեցու բակում:

Հիմնաքարի տեղադրման արարողությանը ներկա են գտնվել Սիրիայի հայազգի նախարար Նազիրա Սարգիսը, Դամասկոսի քրիստոնյա համայնքի ներկայացուցիչներ, ղեկավարներ, խորհրդարանի պատգամավորներ, իսլամական կրոնի ներկայացուցիչներ, Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը:

Դամասկոսի թեմի առաջնորդ Գերշ. Տ. Արմաշ Եպս. Նալբանդյանը կոչ է արել աշխարհի երկրներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը և դատապարտել այն որպես մարդկության դեմ իրագործված հանցագործություն: Նա նաև Թուրքիայից պահանջել է ճանաչել Ցեղասպանությունը, որն իրագործել են օսմանցիները: Անդրադառնալով Սիրիային՝ նա նշել է, որ այն դարձել է հայերի համար ապաստան ու փրկության վայր: Սրբազան Հայրն իր շնորհակալությունն է հայտնել Դամասկոսի բոլոր եկեղեցիներին, որոնց զանգերն ապրիլի 23-ին ղողանջել են հարյուր անգամ՝ ի նշան զորակցության:

Ավելի վաղ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին, Դամասկոսի քաղաքապետարանը որոշում է կայացրել մայրաքաղաքի հրապարակներից մեկն անվանել «Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների» հրապարակ, որը գտնվում է Հին Դամասկոսում՝ քրիստոնեական Բաբ Շարկի թաղամասում, Հայ առաքելական Սբ Սարգիս եկեղեցու մերձակայքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում