Հայաստանը կմասնակցի Բաքվում կայանալիք միջազգային քիմիական օլիմպիադային, եթե անվտանգության երաշխիքներ տրվեն

Հայաստանը կմասնակցի Բաքվում կայանալիք միջազգային քիմիական օլիմպիադային, եթե անվտանգության երաշխիքներ տրվեն

Հայաստանը կմասնակցի Բաքվում կայանալիք Միջազգային քիմիական օլիմպիադային, եթե պատվիրակության համար անվտանգության երաշխիքներ տրվեն:

Այս մասին մայիսի 4-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը նշեց, որ օլիմպիադան տեղի է ունենալու այս տարվա հուլիսին:

«Ստանալով միջազգային կազմկոմիտեի առաջարկությունը՝ մենք նախնական դրական պատասխան ենք տվել: Մեր հավաքականը պատրաստ է մասնակցել Բաքվում կայանալիք միջազգային քիմիական օլիմպիադային, եթե հետագայում ստանանք պատվիրակության համար անվտանգության երաշխիքներ: Ամենայն հավանականությամբ, եթե գնանք, մեր պատվիրակությունը կուղեկցեմ ես»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Արմեն Աշոտյանը:

Նախարարի խոսքով՝ ինքը և՛ բացման, և՛ փակման արարողություններին կլինի երեխաների հետ: «Նորից կրկնեմ՝ մենք ուզում ենք մասնակցել, որովհետև իրադարձությունը միջազգային է, մեր աշակերտներին զրկել այս հնարավորությունից մենք չենք ցանկանում և չենք կարող, բայց նաև պետք է ստանանք անվտանգության երաշխիքներ և փորձենք մեդալներով վերադառնալ»,-հավելեց Աշոտյանը:

Տասնհինգ երկրների 92 աշակերտ Հայաստանում այս օրերին մասնակցում են մեկ այլ՝ «Քիմիա» առարկայի դպրոցականների Մենդելեևյան միջազգային 49-րդ օլիմպիադային: Իրադարձությունն անցկացվում է մայիսի 3-10-ը Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում