ԾԻԳ-երը՝ գործադրի խոշորացույցի տակ

ԾԻԳ-երը՝ գործադրի խոշորացույցի տակ

Ապրիլի 30-ին Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ծրագրերի իրականացման գրասենյակների 2015 թվականի առաջին եռամսյակի գործունեության հաշվետվությունների վերաբերյալ քննարկում:

Ինչպես հայտնի է ԾԻԳ-երը ստեղծվել են Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված արտասահմանյան վարկային միջոցների արդյունավետ օգտագործման, վարկային ծրագրերով նախատեսված աշխատանքների կազմակերպման նպատակով: ԾԻԳ-երը գործում են վարկային համաձայնագրի շրջանակներում ՀՀ կառավարության կողմից լիազորված նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին կից և ունեն իրավաբանական անձի կարգավիճակ: ԾԻԳ-երի պահպանման ծախսերի ֆինանսավորումը, հիմնականում, իրականացվում է համապատասխան վարկային միջոցների հաշվին:

Այսօր գործում են տասնյակ գրասենյակներ, որոնք կոչված են տարբեր բնագավառներում՝ կրթությունից մինչև գյուղատնտեսություն, օրենսդրական բարեփոխումներից մինչև համայնքային զարգացում, գյուղական տարածքների տնտեսական զարգացում, մարդու իրավունքների պաշտպանություն և այլ ոլորտների բարեփոխումների աջակցմանն ու իրականացմանը:

Քննարկմանը ԾԻԳ-երի ղեկավարներն անդրադարձել են իրենց կողմից կատարված աշխատանքների կատարողականներին, տարվա ընթացքում նախատեսվող ծրագրերին և առկա խնդիրներին: Վարչապետ Աբրահամյանը կարևորել է ԾԻԳ-երի արդյունավետ գործունեությունը և պահանջել ներդնել բոլոր ջանքերը՝ նախատեսվող ծրագրերը բարձր որակով կյանքի կոչելու համար:

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ԾԻԳ-երի աշխատանքները գտնվելու են իր ուշադրության կենտրոնում և ոչ օբյեկտիվ պատճառներով թերի կատարված աշխատանքների պատասխանատուները կենթարկվեն համապատասխան պատասխանատվության: Վարչապետը նշել է, որ կառավարությունը պատրաստ է բոլոր ԾԻԳ-երին ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն՝ իրենց առջև դրված խնդիրները լուծելու համար:

Միաժամանակ, Հովիկ Աբրահամյանը պահանջել է ԾԻԳ-երի ներկայացուցիչներից զերծ մնալ որևէ տեսակի կոռուպցիոն դրսևորումներից և ընդգծել, որ այս հարցում ևս լինելու է առավելագույնս հետևողական: Վարչապետը կարևորել է ծրագրերի իրականացման բոլոր գործընթացների թափանցիկությունը և արդյունավետությունը:

Ինչ խոսք՝ ԾԻԳ-երի կողմից միայն արդյունավետ և թափանցիկ աշխատանքը կապահովի միջազգային կառույցների կողմից տրամադրված վարկային միջոցների նպատակային օգտագործմանը, և այստեղ կարևոր է աշխատանքների իրականացման թափանցիկությունը՝ ապահովելով հասարակական վերահսկողություն և հետևողականություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում