Բունդեսթագի հանձնաժողովում Հայոց ցեղասպանության մասին բանաձևերի քննարկումը կկայանա մայիսի 6-ին

Բունդեսթագի հանձնաժողովում Հայոց ցեղասպանության մասին բանաձևերի քննարկումը կկայանա մայիսի 6-ին

Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մայիսի 6-ին քննարկման կդնի Հայոց ցեղասպանության մասին խորհրդարանի երեք խմբակցությունների բանաձևերը: «Արմենպրես»-ի հետ զրույցում գերմանացի ցեղասպանագետ Թեսա Հոֆմանը հայտնեց, որ դեռևս հայտնի չէ` իշխող երկու կուսակցությունների և ընդդիմադիրների կողմից առաջ քաշված երեք բանաձևի քննարկման արդյունքում Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը որոշում կկայացնի՞ ստեղծել մեկը, թե` ոչ:

«Մենք, իհարկե, չորս խորհրդարանական խմբակցությունների կողմից լսեցինք ազդեցիկ և խրախուսական հայտարարություններ ապրիլի 24-ին: Սակայն դրանք շարունակում են մնալ անձնական տեսակետներ այնքան ժամանակ, քանի դեռ գերմանացի օրենսդիրները չեն քվեարկել բանաձևի օգտին (որն, ի դեպ, լինելու է ոչ օրենսդրական կամ ոչ պարտադիր): Սակայն մենք անհապաղ կարիք ունենք նման բանաձևի` և դա ոչ միայն Գերմանիայի հայ համայնքի ակնկալիքները բավարարելու համար: Մեզ համար դա անհրաժեշտ է դպրոցներում ցեղասպանության մասին իրազեկությունը բարձրացնելու համար, քանի որ այն ներկայում կենտրոնացած է միայն Հոլոքոստի դեպքի վրա, մինչդեռ մեր հասարակությունն աստիճանաբար ավելի բազմէթնիկ է դառնում ներգաղթյալների մեծ խմբերի շնորհիվ, որոնք գալիս են Մերձավոր Արևելքից (Թուրքիա, Սիրիա, Լիբանան, Իրաք), որտեղ բնակվում են հայերի և քրիստոնյաների լայն զանգվածներ»,- «Արմենպրես»-ին ասաց Հոֆմանը` նշելով, որ այս պատճառներից ելնելով իրենք փորձում են կենդանի պահել իրազեկությունը:

Գերմանացի ցեղասպանագետն ուշադրություն հրավիրեց նաև նրա վրա, որ Գերմանիայի Դաշնային կառավարությունը որևէ բարձրաստիճան պաշտոնյայի ապրիլի 24-ին չուղարկեց ո’չ Երևան, ո’չ էլ Թուրքիա` Գալիպոլի: «Սա մեկ այլ ցուցիչն է այն փաստի, որ Գերմանիան խուսափում է հստակ դիրքորոշում որդեգրելուց»,- նշեց Հոֆմանը:

Բունդեսթագի` ապրիլի 24-ի լիագումար նիստում որոշվեց արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քննարկմանն ուղարկել 1915թ. Հայոց մեծ եղեռնը Ցեղասպանություն որակող բանաձևերի նախագծերը: Ապրիլի 24-ին Բուդեսթագի նիստում հնչեցին 9 ելույթներ, որոնցից 7-ում պատգամավորները Ցեղասպանություն էին անվանում 20-րդ դարասկբին Օսմանյան Թուրքիայի կողմերից հայերի, հույների եւ ասորիների բնաջնջումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում