Նրանք այս օրն ազատեցին Շուշին

Նրանք այս օրն ազատեցին Շուշին

«Քաղաքը բոլոր կողմերից պատենք,

Այսօր մենք պիտի Շուշին ազատենք․․․»

Ամենասիրելի երգերիցս մեկն է։ Խորը հպարտություն ու հուզմունք եմ ապրում՝ այսօր մենք պիտի Շուշին ազատենք, ասացին ու ազատեցին։ 1992 թ․ մայիսի 8-9 ազատագրվում էր Հայոց Շուշին, որ դարերով գերի էր օտարների ձեռքում։ Ազատագրվում էր Հայոց Բերդն իր դարավոր մշակույթի պատառիկներով, իր Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցվով, Կանաչ Ժամով։ Շուշին, որ իր մեջ մշակութային ու կրթված հայի բնավորությունն է կրում, Շուշին, ուր առաջին տպարանն է եղել, Շուշին, որ այսօր չնայած դեռեւս որոշ չափով ավերված ու պատերազմի հետքը կրող, մշակութային է իր կոլորիտով ու բնավորությամբ։ Ազատվեց Շուշին, ու այն դարձավ Հայոց նոր վերածննդի բանալի, դարձավ հպարտության ու հույսի աղբյուր։ Ինչպես Դուշման Վարդանն էր ազատագրումից հետո մտնելու Ղազանչեցոց եկեղեցի, մոմ վառելու, այնուհետ լուսավառված մոմերը տանելու նախնյաց գերեզմաններին ու գոչելու՝ մեր պապեր, հայոց Շուշին ազատագրվեց, լույս իջավ ձեր տառապած հոգուն, հանգիստ ննջեք… Շուշիի ազատագրումը ազգային ուժի ու միասնության պոռթկում էր հայրենիք կորցնելու, ցեղասպանվելու, աքսորվելու երկար ու ձիգ դարերից հետո։ Հայ զինվորը զենքն առել էր ձեռքն ու որոշել՝ տեր է կանգնելու իր հողին, իր սուրբ հայրենիքն ազատելու է պիղծ քոչվորի ձեռքից։ Ու ամեն անգամ Ստեփանակերտից Շուշի բարձրանալիս մտածում եմ, որ անհնար էր այդ բարձունքը գրավել․․․ իսկ հնարավո՞ր էր դարերով կորցրած հայրենիքի ուրվականի հետ ապրել, հնարավո՞ր էր թույլ տալ, որ թշնամին Շուշվա բարձունքից շարունակի ռմբակոծել Ստեփանակերտն ու հյուծի֊կուլ տա մի բուռ դարձած Արցախը։ Հնարավոր չէր, ու անհնարինն արեցին մեր ազատամարտիկները․ ազատագրեցին անհավանական դիրքում գտնվող հնամենի քաղաքը, ու հարսանիք արեցին լեռներում՝ իրենց գործողությունը հենց այդպես կոչելով։ Մայր քաղաքը կարոտել էր իր հայ զավակին, ու ընդունեց նրան գրկաբաց, ու ընդունեց սիրով։

1992 թ․ այս օրերին կարեւորագույն մի բան էր տեղի ունենում․ հայը դառնում էր հաղթանակած, հայը դառնում էր Շուշին ազատած․․․ ու այսօր, 23 տարի անց, քաղաքում հայեր են ապրում, շենքեր են վերականգնվել, այստեղ է գտնում Արցախի մշակույթի եւ երիտասարդության նախարարությունը (էլ որտե՞ղ, եթե ոչ այստեղ, ամենամշակութային քաղաքում), Սուրբ Ամենափրկիչն իր հարկի տակ է հավաքում հավատացյալներին, այստեղ շուշեցի բալիկներ են ծնվում, ովքեր հպարտ ու ազատ են մեծանալու ու դառնալու են Ազատ Հայաստանի Ազատ Շուշվա քաղաքացիները՝ վառ պահելով 1992 թ․ այս օրերին հրաշք գործած ազատամատիկների փառքն ու հիշատակը, շարունակելով հայրենաստեղծման նրանց սրբագույն գործը․․․

Թամարա Գրիգորյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում