Վրաստանը սովորեցնում է` ինչպես արձագանքել իրենց հակահայկական գործողություններին

Վրաստանը սովորեցնում է` ինչպես արձագանքել իրենց հակահայկական գործողություններին

Հայ-վրացական հարաբերությունները, որոնք բնութագրվում են ուղղաձիգ զարգացմամբ և առանց տեսանելի լարվածությամբ, կարծես թե զիգզագաձև դառնալու միտումներ են ցույց տալիս: Իսկ պատճառը ՀՀ ԱԺ-ի նախագահ Գալուստ Սահակյանի լուսանկարն է Հարավային Օսիայի խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբիլովի հետ: Հանդիպումը կայացել է Արցախում, երբ չճանաչված հանրապետության խոսնակը մասնակցել էր ԱՀ-ում կայացած խորհրդարանական ընտրություններին:

Այս հանգամանքը հարուցել էր Վրաստանի իսկական զայրույթը: Փոքրիկ միջադեպը կարծես թե դարձել է հայ-վրացական անխափան հարաբերություններում սկանդալային արձագանքի պատճառ: Այս կապակցությամբ Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը կանչվել է այդ երկրի ԱԳՆ, որտեղ փոխարտգործնախարար Գիգի Գիգիաձեն իր ծայրահեղ անհանգստությունն է հայտնել Սահկյան-Բիբլիով հանդիպման կապակցությամբ և ընգծել, որ այդ փաստը հակասում է հայ-վրացական հարաբերություններին և բարեկամական միասնությանը:

Չնայած այն հանգամանքին, որ հայկական կողմից պաշտոնական բացատրություն է տրվել և նշվել, որ հանդիպումը մասնավոր բնույթ է կրել և չեն քննարկվել պետական հարցեր, այնուամենայնիվ, վրացական կողմը կարծես թե հանգստանալու միտում չունի: Իր հերթին էլ հայկական պաշտոնյաները մեկը մյուսի ետևից փորձում են արդարանալ և արդարացնել Գալուստ Սահակյանի այդ քայլը: Արդյունքում, ՀՀ-ը վարչապետը օրեր առաջ հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի իր գործընկերոջ հետ, որի ժամանակ նա վերահաստատել է Հայաստանի քաղաքական դիրքորոշումների անփոփոխությունը և Վրաստանի հետ բարեկամական կապերի զարգացման նպատակաուղղվածությունը: Մեղայականով հանդես եկավ նաև Գալուստ Սահակյանը, ՀՀ ԱԺ-ի Հանրապետական խմբակցության նախագահ Վահրամ Բաղդասարյանը, ով նշեց, որ Բիբլիովն ընդամենը 5 րոպե ցավակցել ու գնացել է` առանց պաշտոնական զրույցների:

Հիշեցնենք, որ Հարավային Օսիայի խորհրդարանի պաշտոնական էջում այդ ամենը ներկայացվել էր` որպես պաշտոնական հանդիպում ՀՀ-ի և Հվ. Օսիայի խոսնակների միջև: Հայկական կողմի պահանջով Հարավային Օսիայի խորհրդարանի կայքում նշվեց, որ Գալուստ Սահակյանի հետ հանդիպման վերաբերյալ իրենց տարածած տեղեկատվությունը անճշտություն է պարունակում, որի համար ներողություն են խնդրել և հեռացրել դա կայքից: Հարկ է փաստել նաև, որ Բիբլիովը նման հանդիպման միջոցով փորձել է բարձրացնել սեփական հեղինակությունը. չէ որ առջևում հարավօսական նախագահական ընտրություններն են:

Իհարկե, վրացական իշխանությունների նման կտրուկ արձագանքի պատճառը պետք է համարել նաև ընդդիմության կողմից ճնշումը: Վրացական ընդդիմությունը, որը փորձեց միջադեպը որակել, որպես սեփական իշխանությունների թուլություն ի վերջո հասավ նրան, որ վրացական կառավարող հարթակները բավականին կոշտ արձագանք տվեցին այս ամենին: Հայ-վրացական դիվանագիտական այս փոքրիկ, սակայն տհաճ միջադեպը վրացական ընդդիմության պրովոկացիայի արդյունքն էր նաև:

Վրաստանի դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր Սոսո Ցինցաձեն, մեկնաբանելով կատարվածը, նկատել էր, որ երկրի դիվանագիտությունն այնքան է կաղում, որ ոչ միայն ՀՀ ԱԺ-ի նախագահը հանդիպում է Բիբլիովի հետ, այլ նաև հետախուզման մեջ գտնվող երկրի նախկին նախագահ Սաակաշվլին Ադրբեջանում հանդիպում է ունենում Ալիևի հետ, որը ևս համանման ոչ բարեկամական քայլ էր: Սակայն Ադրբեջանի պարագայում վրացական կողմը արձագանք չտվեց:

Հայաստանի համար կարևոր է, որ երկրի բարձրագույն ղեկավարությունն ավելի աչալուրջ գտնվի և խուսափի բոլոր այն դեպքերից, որը հնարավոր է դիմացինի կողմից սեփական շահերին ծառայեցվի և շահարկումների տեղիք տա: Սակայն զարմանալի, որ նույնիսկ նման միջադեպից հետո հայկական կողմը սկսում է արդարանալ: Այո՛, Վրաստանը մեզ համար ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող հարևան է, այո՛, մեր արտաքին առևտրաշրջանառության յոթանասուն տոկոսը կատարվում է Վրաստանի տարածքով, սակայն դա չի նշանակում, որ ՀՀ-ն իր արտաքին դիվանագիտական հարաբերություններում պետք է տուրք տա Վրաստանի քմահաճույքներին: Չպետք է մոռանանք, որ Վրաստանի համար ևս շահավետ է, որ ՀՀ-ի արտաքին առևտրաշրջանառության մեջ ունի մոնոպոլ դիրք: Դրանք կախյալ հարաբերություններ չեն, այլ փոխշահավետ համագործակցություն:

Վրացական կառավարության արձագանը Հայաստանի Հանրապետության և նրա պաշտոնյաների համար փայլուն օրինակ է, թե ինչպես կարելի է այլ պետությունների հետ հարաբերություններում առաջնայնությունը տալ ազգային շահին:

Այսպես, անկախությունից ի վեր Վրաստանի կողմից բազմաթիվ քայլեր են կատարվել, որոնք, մեղմ ասած, կարելի է բնութագրել` որպես ոչ բարեկամական, սակայն հայկական կողմը, առաջնությունը տալով հայ-վրացական կայուն հարաբերություններին, զգուշավոր կերպով է բարձրաձայնել դրանց մասին, իսկ հաճախ նաև լռել է:

Գաղտնիք չէ, որ օգոստոսյան հնգօրյա պատերազմից հետո վրացական արտաքին քաղաքականության մեջ կարևոր դերակատարում ունի Թուրքիայի և Ադրբեջանի հետ գործակցությունը, որի շատ դրույթներ ուղղված են Հայաստանի դեմ: Հայաստանը նույնիսկ մտահագություն չհայտնեց, որ երեք երկրները պատրաստվում են համատեղ բանակ ստեղծել` ենթակառուցվածքների պաշտպանության համար, իսկ այդ զորքերի մի մասը տեղակայվելու են հենց հայկական Ջավախքում: Հայաստանը պաշտոնական մակարդակով խուսափում է բարձրացնել նաև Ջավախքի թեման, որտեղ հայ փոքրամասնությունը ենթարկվում է խտրականության և հետզհետե զրկվում է սեփական լեզվով կրթություն ստանալու հնարավորությունից: Հայաստանը չի խոսում նաև այն մասին, որ Վրաստանաը կտրականապես արգելում է հայկական գրականություն և նույնիսկ մեկ գիրք փոխադրել Ջավախք: Հայաստանը լռում է նաև այն պարագայում, որ Թբիլիսիում փակվում են հայկական դպրոցները, հայկական եկեղեցիների մեծամասնությունը գտնվում է անմխիթար վիճակում, հայկական գերեզմանատները քանդվում են, վերացվում են հնամյա հայկական հետքերը: ՀՀ-ն այնքան բարձր է գնահատում Վրաստանի հետ հարաբերությունները, որ երբ Վրաստանն ու Թուրքիան հանցավոր համաձայնության են գալիս վրացականացնելու Անիի հայկական մշակութային ժառանգությունը, Հայաստանի կողմից համապատասխան արձագանք չի լինում: Մենք նաև ըմբռնումով ենք մոտենում, որ Վրաստանը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, իսկ միջազգային ատյաններում մշտապես պաշտպանում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից առաջ քաշված հակահայկական բանաձևերը:

Ի պաստասխան այս ամենի մենք արդարանում ենք ինչ-որ մասնավոր հանդիպման համար: Չե՞ք կարծում, որ եկել է պատասխան պահանջելու, այլ ոչ թե տալու ժամանակը: Վրաստանի իշխանությունները մեզ սովորեցրեցին ինչպիսին պիտի լինի այն:

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում