Երվանդ Զախարյանը ներկայացրել է ընդերքօգտագործման խնդիրները և օրենսդրական բարեփոխումները

Երվանդ Զախարյանը ներկայացրել է ընդերքօգտագործման խնդիրները և օրենսդրական բարեփոխումները

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը ներկայացրել է ընդերքի բնագավառում իրականացված աշխատանքները, ինչպես նաև ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները: Մայիսի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը նախարարն ընդգծեց, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը մշակել և ՀՀ ազգային անվտանգության խորհրդում ստեղծված հանձնաժողով է ներկայացրել «Հայաստանի Հանրապետությունում օգտակար հանածոների կառավարման ազգային ռազմավարության» նախագիծը: «Վերջին մեկ տարվա ընթացքում ստուգումներ են անցկացվել 191 տնտեսվարող սուբյեկտների մոտ: Կազմվել են 109 ստուգման արձանագրություններ, որոնք ներկայացվել են Ֆինանսների նախարարության համապատասխան տարածքային հարկային տեսչություններ: Ստուգումների արդյունքում կազմվել են նաև հայտնաբերված խախտումների վերաբերյալ արձանագրություններ, որոնց հիման վրա 109 ընդերքօգտագործողների նկատմամբ կայացվել են վարչական տույժ նշանակելու մասին որոշումներ, և հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջե է մուտքագրվել 10 միլիոն 700 հազար դրամ: Հայտնաբերվել է ապօրինի ընդերքօգտագործման 44 դեպք, որոնց վերաբերյալ սահմանված կարգով համապատասխան տեղեկատվություն է ներկայացվել իրավասու մարմիններին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:

Նրա խոսքով՝ չնայած կատարված աշխատանքներին, ոլորտում դեռևս կան թերություններ և բացթողումներ: Երվանդ Զախարյանը նշեց, որ ընդրեքը հաճախ օգտագործվում է ոչ արդյունավետ ու նորմատիվային դաշտի կոպիտ խախտումներով: «Բազմաթիվ են դեպքերը, երբ ուսումնասիրման համար տրամադրված տարածքներում կամ աշխատանքներ չեն արվում կամ արվում են չնչին ծավալներով: Ստեղծված իրավիճակը, ինչպես նաև պայմանագրային պարտավորությունների կատարման խնդիրները քննարկելու նպատակով հանդիպումներ են կազմակերպվել հանրապետության տարածքում մետաղական օգտակար հանածոների ուսումնասիրման և արդյունահանման աշխատանքներ իրականացնող ընկերությունների ղեկավարների հետ»,- հայտնեց նա:

Ոլորտում առկա բացթողումներից է նաև ընդերքօգտագործման և օգտակար հանածոների վերամշակման արդյունքում գոյացած բազմաթիվ լցակույտերի և պոչամբարների առկայությունը, որոնք մինչ օրս ուսումնասիրված չեն և դրանց հիմնախնդիրներին անհրաժեշտ է տալ օրենսդրական լուծումներ: Նախարարի խոսքով՝ առկա բացթողումները և օրենսդրական անհամապատասխանությունները շտկելու նպատակով է մշակվել «Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը ներկայացվել է Համաշխարհային բանկի ուսումնասիրմանը՝ կարծիքի համար: Երվանդ Զախարյանը վստահեցրեց, որ ոլորտում իրականացվող օրենսդրական բարեփոխումներն ու ծրագրերը միտված են իրավիճակի շտկմանն ու Հայաստանի ընդերքի արդյունավետ օգտագործմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում