Փառատոնները նպաստում են համաշխարհային զբոսաշրջային շուկայում Հայաստանի ինտեգրմանը

Փառատոնները նպաստում են համաշխարհային զբոսաշրջային շուկայում Հայաստանի ինտեգրմանը

Ամենամյա զբոսաշրջային փառատոնների անցկացումը նպաստում է պետական քաղաքականության մի շարք կարևոր խնդիրների լուծմանը, համայնքներում զբոսաշրջության զարգացմանը, ինչպես նաև Երևանից դեպի մարզեր զբոսաշրջության ապակենտրոնացմանը:

Այս մասին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում կայացած ասուլիսում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը: «Ավանդական դարձած փառատոնները լուրջ խթան են շրջակա համայնքների գործարար պոտենցիալի և նրանց կողմից արտադրվող ապրանքների և ծառայությունների ներկայացմանը թե ներքին, թե արտաքին շուկաներին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նա և հավելեց, որ ամենամյա փառատոնները նպաստում են համաշխարհային զբոսաշրջային շուկայում Հայաստանի ինտեգրմանը:

Նա նկատեց, որ զբոսաշրջիկների շրջանում ամենահայտնի փառատոնները Ախթալայի սեպտեմբերի առաջին շաբաթ օրը կազմակերպվող խորովածի և հոկտեմբերի առաջին շաբաթ օրը տեղի ունեցող Արենի գինու փառատոններն են: «Ես պետք է նշեմ, որ վերոնշյալ փառատոնները ժամանակին գովազդվել են «ՄԻՐ», «CNN», ռուսական «Առաջին» և տարածաշրջանային այլ հեռուստաընկերություններով, ինչը նպաստել է զբոսաշրջության զգալի աճին»,- շեշտեց Մեխակ Ապրեսյանը և հավելեց, որ 2014 թվականին զբոսաշրջիկների քանակը ավելացել է 11.3 տոկոսով և կազմել է մեկ միլիոն 203 հազար զբոսաշրջիկ, ինչը 120 հազարով ավելի է նախորդ` 2013 թվականի ցուցանիշից:

Իր հերթին «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը նշեց, որ ժամանակները փոխվում են, և կգա մի ժամանակ, երբ տուրիզմը կդառնա թեմատիկ և այդ առումով մենք պետք է կարողանանք Հայաստանը ներկայացնել փառատոնների միջոցով: «Փառատոնների ընթացքում մենք հնարավորություն ենք ստանում ցուցադրել մեր մշակույթը, և բազմաթիվ զբոսաշրջիկներ կարողանում են ծանոթանալ մեր հայկական ուտեստներին ու ավանդույթներին: Արենի գինու փառատոնը այնքան հայտնի է դարձել, որ մեր հիմնադրամին տարբեր երկրներից զբոսաշրջիկները հայտեր են ուղարկում այդ օրվա համար»,-ընդգծեց նա և հավելեց, որ տարվա ընթացքում Արենի գինու փառատոնը լինում է տարբեր գյուղերում՝ Արենիում, Մալիշկայում, Խաչիկ համայնքում, իսկ Արենիում գինու փառատոնը ավանդաբար տեղի կունենա հոկտեմբերի առաջին շաբաթ օրը: «Այս տարի Արցախում` հունիսի վերջին շաբաթ օրը, առաջին անգամ տեղի է ունենալու թթի փառատոն, իսկ հուլիսի առաջին շաբաթը օրը Գորիսում կանցկացվի «Սյունյաց ավանդույթներ» փառատոնը, որոնց ավելի մանրամասն կանդրադառնանք հետագայում»,-հայտնեց Նունե Մանուկյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում