AM | RU
USD
EUR
RUB

Մարդիկ սկսել են վստահել հաշտարարի գրասենյակին. Փիրուզ Սարգսյան

 

ԱՊՀ երկրների շարքում Հայաստանն առաջիններից է, որ ներդրեց ֆինանսական համակարգի հաշտարարի ինստիտուտը: Գործունեության 6-րդ տարում արդեն գրասենյակն ստանում է հազարավոր դիմումներ, որոնք, Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի կարծիքով` գրասենյակի նկատմամբ վստահության ապացույցն են: Չնայած դրան` Փիրուզ Սարգսյանն արձանագրում է, որ հանրության շրջանում դեռևս ցածր է ֆինանսական կրթվածության մակարդակը, ինչի ուղղությամբ էլ շարունակվել են աշխատանքները: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը պատասխանում է այս և այլ հարցերի։

-Այս տարի, ինչպես և նախորդ տարիներին, բողոքների աճ է նկատվել ֆինանսական բոլոր կազմակերպությունների, հատկապես ապահովագրական ընկերությունների ու բանկերի դեմ: Ինչի՞ մասին է վկայում այս միտումը։

-Նախորդ տարվա նկատմամբ գրանցել ենք բողոքների աճ, ինչը շատ գոհացուցիչ է, որովհետև դա խոսում է այն մասին, որ մարդիկ սկսել են վստահել հաշտարարի գրասենյակին: Այս տարի ևս բողոքների ընդհանուր քանակում ամենաշատ բողոքները ապահովագրական ընկերությունների դեմ են, սակայն պետք է արձանագրենք, որ, ի տարբերություն նախորդ տարվա, ունեցել ենք բանկերի դեմ ուղղված բողոքների աճ։

-Ինչո՞վ եք դա պայմանավորում՝ զուտ իրենց գործունեության մակարդակո՞վ, թե՞ գուցե նրանով, որ մարդիկ ավել շատ ապահովագրողների հետ են շփվում։

-Եթե հաշտարարի գրասենյակում ավելանում է բողոքների թիվը, դա պայմանավորված չէ ֆինանսական կառույցների աշխատանքի մակարդակով: Ընդունված է դա պայմանավորել միջնորդության ավելացմամբ։ Օրինակ, եթե մենք վերլուծում ենք ապահովագրական ընկերությունների դեմ բողոքները, գերակշիռ մաս են կազմում ԱՊՊԱ համակարգի դեմ ուղղված բողոքները: Այսինքն՝ ֆինանսական այս պրոդուկտն ավելի տարածված է, հետևաբար բողոքներն ավելի շատ են: Մեզ ուղարկվող բողոքների տվյալների բազան ճկուն է, և մենք հատ առ հատ տեսնում ենք այն մարդկանց, ովքեր մեզ դիմում են: Ունենք նաև այսպես ասած «ֆանատներ», ովքեր կարող են տարբեր ոլորտների վերաբերող մի քանի բողոք բերել:

-Գրասենյակի հաշվետվության մեջ կա հետաքրքիր միտում. այնտեղ մեծ է բանկերի դեմ բողոքների թիվը, իսկ, օրինակ, գրավատների կամ փոխանակաման կետերի դեմ բողոքները փոքր թիվ են կազմում։

-Նման խնդիր կա, և դա միայն մեզ մոտ չէ: Մի քանի տարի առաջ Բոսնիայում ելույթի ժամանակ ես շեշտեցի, որ գրավատների, փոխանակաման կետերի և վարկային կազմակերպությունների դեմ բողոքները քիչ են։ Եվրոպական երկրների ներկայացուցիչները ևս ընդգծեցին, որ իրենց մոտ էլ է այդպես։ Բացատրությունները տարբեր են։ Կարծում եմ` մեր պարագայում բացատրությունն այն է, որ եթե գրավատան հետ ֆիզիկական անձինք խնդիր են ունենում, անմիջապես գրավատան ղեկավարի հետ են լուծում իրենց հարցերը, իսկ բանկերի պարագայում ամեն մեկը չէ, որ կարող է հասնել մինչև գործադիր տնօրեն։ Կա նաև երկրորդ պատճառը՝ մարդկանց մոտ մտավախություն կա, որ եթե իրենք բողոքեն, գուցե երկրորդ անգամ չկարողանան նույն ֆինանսական կազմակերպության հետ աշխատել։

-Եղե՞լ են նման դեպքեր:

-Եղել են։

-Ձեր պրակտիկայում նկատե՞լ եք, թե ո՞ր տարիքից են մարդիկ սկսում առնչվել ֆինանսական կառույցների հետ։

-Ֆինանսական կառույցի հետ առաջին շփումը սովորաբար տեղի է ունենում ուսանողական տարիներից: Այս փաստը հասկանալով` կան բուհեր, որ դիմում են մեզ և խնդրում իրենց ուսանողների հետ սեմինարներ անցկացնել։ Այսինքն՝ կա հետաքրքրվածություն` հասկանալու ֆինանսական պրոդուկտները, և մենք էլ փորձում ենք օգտակար լինել նման դեպքերում: Պետք է նշեմ, որ հաշտարարին դիմողների տարիքային և սեռային պատկանելությունը, ինչպես նաև նրանց սփռվածությունը շատ լայն են: Բոլոր մարզերից և Լեռնային Ղաբաբաղից ունենում ենք հաճախորդներ:

-Կենտրոնական բանկը վերջերս հետզոտություն էր կատարել սպառողների կրթվածության վերաբերյալ, որոնց արդյունքներն այդքան էլ ոգևորիչ չէին, քանի որ զգալի էր այն մարդկանց թիվը, ովքեր օգտվում են ֆինանսական ծառայություններից՝ անտեղյակ լինելով դրանց աշխատանքի մեխանիզմներին և առանձնահատկություններին: Ինչպե՞ս եք դուք գնահատում ֆինանսական գրագիտության մակարդակը երկրում։

-Իրոք, գոհացուցիչ չէին այն ցուցանիշները, որ ստացվեցին ԿԲ ուսումնասիրության արդյունքում: Մարզերում դարձյալ իրազեկվածության մակարդակը ցածր է մնում, թեև մենք արդեն մի քանի տարի իրականացնում ենք կրթական ծրագրեր: Կենտրոնական բանկը և ֆինանսական մյուս կառույցները ևս փորձում են իրենց հերթին նման ծրագրեր իրականացնել։ Կարծում եմ, հատկապես մարզերում պետք է ավելի ակտիվացնենք կրթական միջոցառումները։ Սպառողների կրթությունը պետք է սկսել դպրոցական տարիքից:

-Նախորդ տարեվերջին ֆինանսական շուկայում շոկային իրավիճակ ստեղծվեց, ինչի արդյունքում դոլարային վարկերի հետ կապված խնդիրներ էին առաջանում: Այդ ընթացքում նկատեցի՞ք, արդյոք, բողոքների աճ, կամ գուցե հաճախորդները փորձե՞լ են ձեր միջոցով խորհրդատվություն ստանալ։

-Այդ ընթացքում հեռախոսազանգեր ունեցանք, և մեր աշխատակիցների խումբը պատասխանում էր հաճախորդների հարցերին: Նրանց մանրամասն խոհրդատվություն էր տրվում: Արդյունքում ստացանք նաև բողոքներ ֆինանսական կառույցների դեմ, որոնց մի մասը դեռևս քննվում է:

-Ձեր մուտքը ֆինանսական շուկա որոշակիորեն թափանցիկություն մտցրեց սպառող և ֆինանսական կառույց հարաբերության մեջ, և վստահ եմ` բանկերն ու մյուս ֆինանսական կազմակերպություններն էլ որոշ չափով սթափվեցին: Կա՞ն, արդյոք, կազմակերպություններ, որ մշտապես խնդրահարույց իրավիճակներում են հայտնվում։

-Ուրախությամբ արձանագրեմ, որ այս տարիներին չեն եղել խնդրահարույց իրավիճակներ ֆինանսական կազմակերպությունների հետ։ Մենք ունենք գործընկերային հարաբերություններ և փորձում ենք միասին աշխատել հօգուտ հաճախորդների շահերի պաշտպանության: Երբեմն ֆորմալ դաշտում խնդիրը նկատելի չի լինում, սակայն դա չի նշանակում, որ խնդիր չկա: Նման դեպքերում դիմում ենք մեր գործընկերներին և համատեղ փորձում լուծում գտնել այդ խնդիրների համար:

-Այս տարվանից Հայաստանը դարձավ Եվրասիական տնտեսական միության անդամ, և արդեն խոսք է գնում այն մասին, որ ծառայությունների ոլորտը, այդ թվում նաև ֆինանսական ծառայությունների, միասնական է դառնալու: Սա որևէ կերպ անդրադառնալո՞ւ է հաշտարարի գրասենյակի աշխատանքի վրա:

-Աշխարհում արդեն գոյություն ունի նմանատիպ մոդել. Եվրոպական միության անդամ երկրներն ստեղծել են ֆինանսական օմբուդսմենների միասնական համակարգ: Օրինակ, եթե Գերմանիայի քաղաքացին Ֆրանսիայում ունենում է որևէ խնդիր, նրանք կարողանում են փոխհամագործակցել և աջակցել այդ քաղաքացուն: Եթե նման մոդել գործարկվի նաև ԵԱՏՄ տարածքում, մենք ևս անմասն չենք մնա դրանից: Մեր գրասենյակը ակտիվորեն աշխատում է ռուսական և ղազախական կողմերի, ինչպես նաև ԱՊՀ բոլոր երկրների հետ: Շատ պետություններում այս ինստիտուտը դեռևս կայացած չէ, և մենք փորձում ենք աջակցել նրանց ու կիսում ենք մեր փորձը:

-Հիշում եմ` նախորդ տարի ֆինանսական հաշտարարների համաժողովի ժամանակ ԱՊՀ պետությունների ներկայացուցիչները միաձայն նշում էին, որ Հայաստանում օմբուդսմենի գրասենյակը ակտիվ է աշխատում, և ցանկություն էին հայտնում համագործակցել ձեզ հետ: Ինչո՞վ է բացատրվում Հայաստանում այս կառույցի ակտիվությունը: Գուցե ֆինանսակայն շուկա՞ն է փոքր, թե՞ մենք արագ ընկալեցինք գրասենյակի անհրաժեշտությունը:

-Ճիշտ է, Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակը այսօր բարձր դիրքում է ԱՊՀ երկրների շարքում: Դա մի քանի բաղադրիչ ունի, սակայն առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ մեր օրենսդրությունը համապասխանեցվել է միջազգային չափանիշներին: Այսօր էլ տարբեր պետություններից հայտեր ենք ստանում, որ գան և մասնակցեն մեր կոնֆերանսին: Այս տարի այն անցկացվելու է մայիսի 19-20-ը: Բացի այդ, հաջորդ տարի ունենալու ենք խոշոր միջոցառում, որն առաջին անգամ է կազմակերպվում Հայաստանում: Ֆինանսական օմբուդսմենների ցանցը յուրաքանչյուր տարի հավաքվում է` քննարկելու ոլորտին վերաբերող խնդիրներ և հարցեր: Հերթական համաժողովը` INFO 2016-ն անցկացվելու է Հայաստանում: Մենք այդ ցանցի անդամ ենք 2009 թ., և դա լավ հարթակ է շփումների համար: 50-ից ավելի անդամներ ունեցող այս ցանցը հաջորդ տարի սեպտեմբերին կլինի Հայաստանում, իսկ մինչ այդ` Ֆինլանդիայում կայանալիք համաժողովի ժամանակ ես պաշտոնապես կհայտարարեմ այդ մասին:

 Հարցազրույցը՝ Գոհար Ավետիսյանի

Լրահոս
Որևէ պարտադիր զինծառայող առանց հնգամսյա պատրաստության չի ներգրավվում մարտական հերթապահության մեջ. Դավիթ Տոնոյան Այն, որ որևէ նախագիծը ներկայացրել է ընդդիմությունը, դա դեռ չի նշանակում, որ պետք է մերժվի. Նիկոլ Փաշինյան Արամ Սիմոնյանը հաղթեց. Էթիկայի հանձնաժողովը խախտում է արձանագրել Դավիթ Սանասարյանի վարքագծում Օդի ջերմաստիճանը կնվազի Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի ասուլիսը. ՈւՂԻՂ Իրանի հոգևոր առաջնորդը կոչ է արել պատժամիջոցների պայմաններում զարգացնել տնտեսությունը Բերդում ԿԳՆ երկու ՊՈԱԿ-ները կմիաձուլվեն Վահագն Վերմիշյանը նշանակվեց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Եթե կարող էինք՝ ինչի՞ չենք արել, մեկը թող բացատրի՝ ինչի՞ չենք արել. վարչապետը՝ Ավինյանին (Տեսանյութ) ԱԺ-ն մարտի 26-ին գումարվող հերթական նիստերից հետո կգումարի արտահերթ նիստ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության քրդական համայնքին Նավրոզի կապակցությամբ ԱՄՆ նախագահի թեկնածուն ընդգծել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտությունը Մայր Աթոռը հերքում է ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ «168 Ժամ». «Մենք ռիսկային գոտի ենք» «Ժամանակ». Ո՞վ է կաթողիկոսի թեկնածուն Կ.Պոլսի պատրիարքի ընտրություններում «Հրապարակ». Արայիկ Հարությունյանն իր թեկնածուին ցանկանում է տնօրեն կարգել «Ժողովուրդ». Դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություններ՝ Մանվել Գրիգորյանի գործով «Ժամանակ». Ինչու է Տիգրան Ուրիխանյանը մտադիր զբաղվել կենդանիների պաշտպանությամբ «Փաստ». Սվիտալսկին պայթեցրեց հերթական փուչիկը «Հրապարակ». Դատախազի հանդիպումը պատգամավորների հետ հետաձգվում է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մարտի 21 Արցախյան խնդրի լուծումը բանակցությունների սեղանին չէ ԵԱՏՄ տարածքում գյուղատնտեսական արտադրանքի ծավալն աճել է 19 տոկոսով Իսրայելի վարչապետը Սպիտակ տանը կհանդիպի Թրամփի հետ Իրաքում 6 ահաբեկիչ է ձերբակալվել. նրանք երկրի հյուսիսում հարձակում էին նախապատրաստում Իրանի ԶՈՒ-ն հերքել է Թուրքիայի հետ քրդերի դեմ գործողություն իրականացնելու մասին Անկարայի հայտարարությունը Փետրվարին հառակորդի կրակոցից ժամկետային զինծառայող է վիրավորվել ԱՄՆ Ալաբամա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Կանադայի Հայոց թեմի առաջնորդը հանդիպել է ԱՄԷ դեսպանի հետ Օպերայի տարածքում սկսել են մշակել հողը. Կանաչապատումը մոտ է (տեսանյութ) Ճապոնիայում սկսվել է G20-ի գագաթնաժողովի մեկնարկի ժամանակի հետհաշվարկը Եվրահանձնաժողովը 1,49 մլրդ եվրոյով տուգանեց Google-ին Visa PaySticker-ի առավելությունները Ավստրալիայի վարչապետ. «Էրդողանի արածը հանդգնություն է, նա պետք է հետ վերցնի իր խոսքերը» Ղազախստանի խորհրդարանը հավանություն է տվել Աստանան Նուրսուլթան անվանափոխելու նախաձեռնությանը Նազարբաևի ավագ դուստրն ընտրվել է Ղազախստանի խորհրդարանի սենատի խոսնակի պաշտոնում Հայկական ատոմակայանը շատ լավ հեռանկարներ ունի. Վլադիմիր Բրեդով (Տեսանյութ) Դմիտրի Մեդվեդևը ապրիլի 30-ին կայցելի Հայաստան Թուրքիայում տեղի է ունեցել 6.2 մագնիտուդով երկրաշարժ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan