«Մերիդիան» ազատ տնտեսական գոտում այս տարի 10 ընկերություն կստեղծի 300- 500 նոր աշխատատեղ

«Մերիդիան» ազատ տնտեսական գոտում այս տարի 10 ընկերություն կստեղծի 300- 500 նոր աշխատատեղ

«Մերիդիան» ոսկերչական ազատ տնտեսական գոտում մինչ տարեվերջ գործությունեություն կծավալի առնվազն 10 ընկերություն: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) ծրագրի ղեկավար Նիկա Մանուկովան: ««Մերիդիան» ազատ տնտեսական գոտու մեկնարկը հայտարարված է, մենք պատրաստ ենք պոտենցիալ ներդրողների ու շահագործողների կողմից կառավարությանը փաթեթներ ներկայացնելու համար: Մենք բանակցություններն սկսել ենք մինչ մեկնարկը հայտարարելը, և արդեն խնդիրները հստակեցվում են, պլանները` որոշակիանում: Մեր կանխատեսումով` մինչ տարվա վերջ կունենանք մինիմում 10 շահագործող ընկերություններ, որոնք կստեղծեն 300-500 նոր աշխատատեղեր»,- ասաց Նիկա Մանուկովան:

Նրա խոսքով` «Մերիդիանում» աշխատանքի թույլտվություն ստանալու համար դիմած ընկերություններն արտասահմանյան են, իսկ ներդրումները` օտարերկրյա: «Հայկական ընկերություններ չկան: Հայկական ընկերությունը, եթե ցանկություն կհայտնի ազատ տնտեսական գոտում աշխատել, պետք է փաթեթ ներկայացնի կառավարություն, թույլտվություն ստանա, բայց դա չի նշանակում, որ պետք է իր գործող բիզնեսը փակի ու տեղափոխվի ազատ տնտեսական գոտի: Այլ դա նշանակում է, որ նոր ներդրում պետք է իրականանցի, նոր շուկաներ ունենա, որոնք բացառապես արտահանման ուղղված կլինե ն»,-հայտնեց Նիկա Մանուկովան` հավելելով, որ ազատ տնտեսական գոտու տարածքում վաճառք չի նախատեսվում:

Ինչ վերաբերում է նրան, թե կոնկրետ որ ընկերություններն են գործելու ոսկերչական ազատ տնտեսական գոտու տարածքում, Նիկա Մանուկովան խոստացավ հարցին պատասխանել ամենաշատը երկու ամսից, երբ ՀՀ կառավարությունը տրամադրած կլինի աշխատանքի թույլտվությունները: «Մի քանի ընկերություններ հայտ են ներկայացրել: Ամեն մեկն իր շուկայում հայտնի է, բայց քանի որ կառավարության որոշմամբ նախատասեված է, որ 36 աշխատանքային օրվա ընթացքում են թույլտվություն տալու, մենք անունները կհայտնենք թույտվություն ստանալուց հետո»,-ասաց նա:

«Մերիդիան» ԱՏԳ ծրագրի ղեկավարը հայտնեց, որ մինչև տարեվերջ ակնակալում են 300 աշխատատեղեր, որտեղ կկարողանան աշխատել հայ մասնագետները: Հարցին ի պատասխան` արդյոք «Մերիդիան» ԱՏԳ-ի տարածքում գործող ընկերությունները պարտավորվում են միայն Հայաստանի աշխատուժը ներգարվել աշխատանքներում` Նիկա Մանուկովան նշեց. «Օրենքով սահմանափակում չկա, բայց մեր նպատակը նոր աշխատատեղեր ստեղծելն է: Մենք ունենք ազատ տնտեսական գոտուն կից գործող Հայ ոսկերիչների ոսկերչական դպրոցը, բանակցություններ ենք տանում որոշ քոլեջների ու կրթական հաստատությունների հետ, որպեսզի ոսկերչությունն ու ադամադագործությունը դասավանդվի: Պայմանագիր ունենք Կրթության ու գիտության նախարարության հետ` ոսկերչությունն ու ադամադագործությունը որպես հատուկ մասնագիտություն դասավանդելու համար: Հայ ոսկերիչների ասոցիացիան կից ունի հայ ոսկերիչների ֆոնդը, որը հովանավորել է մի քանի մասնագետների վերապատրաստվել արտասահմանում, այսինքն` մեր ուսանողները նոր տեխոնոլոգիաներ յուրացնելու հնարավորություն են ստանում: Եվ հույս ունենք, որ նրանք կարող են աշխատել նորաբաց աշխատատեղերում»:

«Ոսկերչական տուն Հռիփսիմե» ընկերությունը, որը «Մերիդիանում» աշխատելու հայտ է ներկայացրել, հայտնի է յուրահատուկ զարդերով, որոնք կրում են հանրահայտ դերասաններ, քաղաքական և արվեստի գործիչներ: Ընկերության հիմնադիր Հռիփսիմե Մելիքյանը ներկայացրեց պատճառը, թե ինչու որոշեցին գործել «Մերիդիանում». «Հարկային արտոնությունները թույլ են տալու միջոցներն ուղղել սեփական բրենդի զարգացմանը, արտադրության ծավալմանը, սա շատ մեծ օգնու թյուն է բիզնեսին»: Ինչ վերաբերում է այս ընկերության շուկաներին, ապա Հռիփսիմե Մելիքյանը հայտնեց, որ հիմնական գործընկերը Ռուսաստանն է, բայց որպես ուղղություններ դիտարկվում են բարեկից երկրները: Արտահանման ուղղություն կլինի Ղազախստանը, ԱՄՆ, Մերձավոր Արևելքը:

«Մերիդիան» ոսկերչական ազատ տնտեսական գոտու ռեզիդենտների ներգրավման բաժնի ղեկավար Գայանե Աղասյանը հայտնեց, որ «Մերիդիան» ազատ տնտեսական գոտում գործունեություն ծավալելու թույտվություն ստացողները կազատվեն հարկերից: «Նրանք ազատվում են նաև ներմուծման ու արտահանման մաքսային հարկերից, որը միջազգային շուկայում նրանց դարձնում է մրցունակ, գնային առավելություն է տալիս»,-ասաց Գայանե Աղասյանը: Նա նաև ընդգծեց այն հանգամանքը, որ մեկ հարկի տակ են հավաքվելու մի քանի առաջատար ընկերություններ, որոնք կարող են համագործակցել` միմյանց պատվերներ տալով կամ մեկ միասնական բրենդ ձևավորելով: Ազատ տնտեսական գոտում ստեղծված արտադրանքը «Made in Armenia» անվանումով է շուկա դուրս գալու:

Հետևեք մեզ նաև Telegram-ում