ԼՂՀ-ի շուրջ անվտանգության գոտին Ադրբեջանի այս սպառազինվածության պայմաններում մեզ համար այլևս բավարար չէ. Դ. Տոնոյանը՝ Tert.am-ին

ԼՂՀ-ի շուրջ անվտանգության գոտին Ադրբեջանի այս սպառազինվածության պայմաններում մեզ համար այլևս բավարար չէ. Դ. Տոնոյանը՝ Tert.am-ին

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի ԶՈւ հնարավոր գործողություններին, նշեց, որ Ադրբեջանը միանշանակ գնում է սահմանի երկայնքով և շփման գծում իրավիճակի սրման, ապա հետևյալ հարցադրումն արեց. «Իսկ ո՞վ է ասում, որ ԼՂՀ-ի շուրջը ձևավորված անվտանգության գոտին մեզ համար բավարար է: Ո՞ւմ գնահատականն է, մեր գնահատականով՝ Ադրբեջանի այսօրվա սպառազինվածության պայմաններում այն արդեն իսկ բավարար չէ: Բաքվում կանցկացվեն օլիմպական խաղերը, հայկական ուժերը ի ցույց կդնեն իրենց զսպվածությունը մինչև դրանց ավարտը…»։

-Տարեսկզբին ՊՆ մամուլի խոսնակը, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ու շփման գծում ամեն օր տեղի ունեցող միջադեպերին, գրեց. «Մենք դանդաղ պատերազմի մեջ ենք»: Այս իմաստով էլի այդ նույն դանդաղ պատերա՞զմն է, թե ինչ-որ բան է փոխվել:

 -Պատերազմի վերսկսման հավանականությունը մեզ անհրաժեշտ է գնահատել Ադրբեջանի տեսանկյունից, ինչի մասին նրանք պարբերաբար արտահայտվում են: Ընդ որում, հայտարարում են պաշտոնապես ու ամենաբարձր մակարդակով:

-Որ «պատրաստվում են և գնալու են տարածքներն ազատագրելու», որ «սպանելու ենք հայերին», որ «ադրբեջանցի զինվորների պարտքն է դա անելը» և այլն: Իրենց նախարարի խոսքերից եմ մեջբերում:

-Այո, և դա պայմանավորված է բանակցային գործընթացի արդյունքների հետ իրենց անհամաձայնությամբ: Իրենց ոչ շահեկան վիճակը բանակցություններում փորձում են փոխհատուցել կոշտ դիրքորոշմամբ և պարբերական անթաքույց սադրանքներով: Հակամարտության էսկալացիայի մասին է վկայում այն, որ սկզբում դիպուկահարներ էին կիրառում, հետո՝ դիվերսիոն խմբեր, հիմա էլ ավելացել է ականանետային կրակը… Եվ այսպես ամեն օր: Մենք հրավիրել ենք միջնորդների և դաշնակիցների ուշադրությունն այս հանգամանքին: Միաժամանակ իրենց կողմից խստացվում են հակահետախուզական , վարչական-հակահետախուզական ռեժիմները մերձսահմանային գոտում, որտեղ լրագրողների մուտքը և անվտանգության իրավիճակի վերաբերյալ լրատվության հրապարակումն արգելված է: Այսինքն` իրենք գնում են ռազմական գործողությունների նախապատրաստման բոլոր առումներով: Իսկ կանցնե՞ն լայնածավալ գործողությունների, թե՞ կշարունակեն տեղային գործողությունների աստիճանական ընդլայնման մարտավարությունը, երկու տարբերակն էլ հավանական է, և երկուսին էլ պատրաստ ենք: Կարևոր մի հանգամանք ևս. ադրբեջանական իշխանությունները իրենց հայտարարությունների գերին են դարձել, ի տարբերություն Հայաստանի. ո՛չ ՀՀ Նախագահը, ո՛չ պաշտպանության նախարարը նման հռետորաբանություն չեն օգտագործում:

Եվ այս համատեքստում ցանկանում եմ հռետորական հարց հնչեցնել. իսկ ո՞վ է ասում, որ 1994թ. ստեղծված անվտանգության գոտին Ադրբեջանի ներկայիս սպառազինվածության պայմաններում բավարար է իր դերը կատարելու համար: Իսկ ո՞վ է ասում, որ ԼՂՀ-ի շուրջը ձևավորված անվտանգության գոտին մեզ համար բավարար է: Ո՞ւմ գնահատականն է։ Մեր գնահատականով՝ Ադրբեջանի այսօրվա սպառազինվածության պայմաններում այն արդեն իսկ բավարար չէ: Բաքվում կանցկացվեն օլիմպական խաղերը, Հայկական ուժերը ի ցույց կդնեն իրենց զսպվածությունը մինչև դրանց ավարտը…: Եվ այսօր էլ զսպվածություն են ցուցաբերում , ինչը ակնհայտ տեսանելի է՝ մենք չենք սադրում, չենք սրում իրավիճակը: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում