Արեւմտյան հանրությունը հետաքրքրված է միջազգային իրադարձություններին տեղեկանալ նաև ռուսական լրատվամիջոցներից

Արեւմտյան հանրությունը հետաքրքրված է միջազգային իրադարձություններին տեղեկանալ նաև ռուսական լրատվամիջոցներից

«Սպուտնիկ. կարծիքներ» ու ICM Research բրիտանական հայտնի գործակալության անցկացրած հարցման արդյունքում պարզվել է, որ ԱՄՆ-ի ու Եվրոպայի բնակչության մեծամասնությունը հետաքրքրություն է հայտնել միջազգային խոշոր իրադարձություններին տեղեկանալ նաև այլընտրանքային լրատվամիջոցներից: Նրանք, մասնավորապես, հետաքրքրություն են հայտնել ռուսական ԶԼՄ-ների վերաբերյալ:

«Հետաքրքի՞ր է արդյոք ձեզ՝ միջազգային կարևոր իրադարձությունների մասին տեղեկանալ այլընտրանքային ԶԼՄ-ներից՝ օրինակ ռուսական» հարցին, եվրոպացի ու ամերիկացի հարցվածների 60 տոկոսը պատասխանել է, որ կցանկանային ԶԼՄ-ներում տեսնել տարբեր կարծիքներ՝ զանազան միջազգային իրադարձությունների վերաբերյալ:

Հարցումը կատարել է ICM Research գործակալությունը՝ «Սպուտնիկ» լրատվական գործակալության համար, մարտի 20-ից ապրիլի 9-ը Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում եւ Հունաստանում: Հարցմանը մասնակցել է 5001 մարդ: Այլընտրանքային ԶԼՄ-ների նկատմամբ առավել մեծ հետաքրքրություն ունեն Հունաստանի բնակիչները՝ հարցվածների 81 տոկոսը հետաքրքրված է նման հնարավորությամբ: Մեծ է հետաքրքրությունը ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում, որտեղ բնակչության, համապատասխանաբար, 57 և 55 տոկոսը ցանկանում է միջազգային իրադարձությունների մասին տեղեկանալ նաև ռուսական մամուլից: Ֆրանսիայում հարցվածների 49 տոկոսն է հետաքրքրված այլընտանքային լրատվամիջոցներով:

2014-ի հուլիսին մեկնարկած «Սպուտնիկ. կարծիքներ» ծրագրի շրջանակում մշտապես անցկացվում են սոցհարցումներ՝ ԱՄՆ-ի եւ Եվրոպայի երկրներում սոցիալական ու քաղաքական արդի հարցերի վերաբերյալ: 

Հարցման արդյունքներից ելնելով՝ հնարավո՞ր է ենթադրել, որ ամերիկյան ու եվրոպական հասարակություններում այս մոտեցումը բերել է կարծիքի փոփոխման: «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում, մեկնաբանելով հարցման արդյունքները, քաղաքագետ Նարեկ Գալստյանը նշում է՝ նախ ի՞նչ տիպի այլընտրանքային լրատվամիջոցներ են նախընտրում այդ երկրների բնակիչները:

«Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ, հիմա այդպիսի լրատվամիջոցների սպեկտորը բավական մեծ է: Միջազգային թատերաբեմում միշտ էլ լինում են հետաքրքիր զարգացումներ, ճգնաժամեր, որոնց վերաբերյալ պետական կամ ստանդարտ լրատվամիջոցները միշտ չէ, որ կարծիքների բազամազան սպեկտոր են ներկայացնում: Հետևաբար՝ միջազգային իրադարձություններով հետաքրքրված մարդիկ, փնտրում են այլընտրանքային ուղիներ: Ուստի, չեմ կարծում, որ այստեղ տարօրինակ կամ զարմանալի տվյալներ են: Եթե մարդը հետաքրքրվում է միջազգային իրադարձություններով, բնականաբար, չի բավարավի միայն ստանդարտ լրատվամիջոցներով, այլ կփորձի գտնել նաև այլ տեսակետ ներկայացնող լրատվություն»,-մեկնաբանել է նա:

Քաղաքագետի պարզաբանմամբ՝ որքան շատ է խոսում ինչ-որ երևույթի մասին, անկախ նրանից, թե ինչպես են դա բնութագրում լրատվամիջոցները, այնքան աճում է դրա նկատմամբ հետաքրքրությունը, սրան էլ զուգահետ մեծանում է այն մարդկանց թիվը, որոնք ցանկանում են այլընտրանքային տեղեկություններ ստանալ: Հարցումների արդյունքների տարբերությունը՝ տվյալ երկրի մեդիադաշտի առանձնահատկության խնդիրն է, մյուս կողմից էլ՝ սա կարող է նաև քաղաքական մշակույթի հետ կապ ունենալ: Պետք է խորքային ուսումնասիրություն անցկացվի, որ հասկանանք, թե ինչո՞ւ, օրինակ, ֆրանսիացիների մոտ մի ձեւով է դրսևորվում, բրիտանացիների մոտ՝ մեկ այլ:

Գալստյանն այս համատեքստում օրինակ է բերում նաեւ հայերին եւ ընդգծում. «Մենք բավական ակտիվորեն ենք հետաքրքրվում նաև խոշոր միջազգային իրադարձություններով, ինչը որոշ չափով նաև ազգային առանձնահատկություն է: Խնդիրն այն է, թե որքանով են մարդիկ կարևորում այլընտրանքային ինֆորմացիան, այսինքն, հարցը միայն հետաքրքրվածության մասին չէ, այլ թե որքանով են նախընտրում այլընտրանքային ինֆորմացիա ստանալը: Եթե ազգային լրատվամիջոցները բավարարում են, ապա, գուցե, մարդիկ հակված չլինեն այլընտրանքային աղբյուրներ գտնելուն: Բոլոր դեպքերում, ազգային առանձնահատկությունները միշտ մեծ դեր են խաղում տեղեկատվության նկատմամբ հետաքրքվածության մեջ»,-ասել է Գալստյանը:

Հնարավո՞ր է՝ քաղաքական և տնտեսական ուղղվածության որոշակի փոփոխության արդյունքում, հանրությունը հետաքրքրվի այլընտրանքային, մասնավորապես՝ ռուսական լրատվամիջոցների տեղեկատվությամբ: Այս դիտարկմանն ի պատասխան քաղաքագետն ընդգծում է՝ տեղեկատվական կոնկրետ ժամանակաշրջանում լրատվամիջոցները կենտրոնանում են կոնկրետ միջազգային իրադարձության վրա: «Լրատվական այս ժամանակաշրջանում հիմնական առարկան Ռուսաստան-Արևմուտք դիմակայությունն է, և դրա հետ կապակցված այլ երևույթներ»,- նկատել է նա:

Հունաստանում, օրինակ, այն հեռուստաընկերությունները, որոնք ցուցադրել էին մոսկովյան հաղթանակի շքերթը, գրանցել էին մեծ դիտողականություն: Այս իրողությանը քաղաքագետն արձագանքում է՝ Հունաստանում ավանդաբար շատ մեծ հեղինակություն ունի Ռուսաստանը, ուստի՝ բոլորովին զարմանալի չէ, որ հենց Հունաստանում հետաքրքրված են եղել այդ իրադարձություններով: «Արևմտյան լրատվամիջոցները խորապես չեն ներկայացնում այդ իրադարձությունը և ոչ էլ թույլատրում են այլընտրանքային տեսակետներն ու մոտեցումները ճշտել, մեկնաբանել: Հետեւաբար՝ Հունաստանի արդյունքները սպասելի էին: Նույն պատկերը կլինի նաև Կիպրոսում»,-եզրափակել է Նարեկ Գալստյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում