Հայաստանցի գործարարների ներդրումները Վրաստանում 2014թ-ին աճել են 139 տոկոսով

Հայաստանցի գործարարների ներդրումները Վրաստանում 2014թ-ին աճել են 139 տոկոսով

Օրերս վարչապետ Հովիկ Աբրահամյանը Բաթումի քաղաքում աշխատանքային հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ, որի ժամանակ քննարկվել են երկկողմ տնտեսական համագործակցության զարգացմանն ու խորացմանն առնչվող մի շարք հարցեր՝ կարևորելով տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնմանն ուղղված ծրագրերը:

Վրաստանը առանցքային նշանակություն ունի Հայաստանի տնտեսության համար, և այդ դերը նախևառաջ պայմանավորված է նրա ընձեռած կոմունիկացիոն հնարավորություններով: Բազմիցս է շեշտվել, որ թյուրքական երկու հարևանների հետ փակ սահմանների առկայությամբ և Իրանի վրա կիրառվող տնտեսական սանկցիաների ադյունքում Վրաստանը կարծես թե մոնոպոլ դիրք է ստանում Հայաստանի` արտաքին աշխարհի հետ ցամաքային կապ հաստատելու գործընթացում: Վրաստանի տարածքով է անցնում երկաթգիծ, որը Հայաստանը կապում է սևծովյան Բաթում և Փոթի նավահանգիստների հետ: Ռուսաստանի հետ մեր ցամաքային կապն ապահովվում է Վերին Լարսի ավտոճանապարհով: Այս ավտոճանապարհը, աբխազական երկաթուղու աշխատանքների դադարեցումից հետո միակ ուղին է, որով կապվում են Հայաստանն ու Ռուսասատանը, սակայն եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով երթուղու գործունեությունը երբեմն խաթարվում է: Վերջերս հայ-վրացական հարաբերությունների դիսկուրսում ակտիվացել է այլընտրանքային ավարա-կախեթական ճանապարհի վերակառուցման հարցը, որը գոյություն է ունեցել դեռևս 19-րդ դարում: Այդ ճանապարհը կապում է Վրաստանը և Դաղստանը, և գործարկումից հետո լրացուցիչ հաղորդակցային հնարավորություններ կընձեռի, ինչպես Հայաստանին, այնպես էլ Վրաստանին և կթուլացնի Վերին Լարսից կախումը:Վրաստանի տարածքով է անցնում նաև «Հյուսիս-Հարավ» գլխավոր գազատարը,որով ռուսական գազը մատակարարվում է Հայաստանին:

Ներկա պահին Հայաստանը տրանսպորտային հարավային հանգույցներին կապվելու տեսանկյունից հետաքրքրություն չի ներկայացնում Վրաստանի համար, սակայն իրավիճակը կարող է փոխվել Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի կառուցումից հետո, երբ 556 կմ ընդհանուր երկարությամբ Մեղրի-Երևան-Բավրա ավտոճանապարհը կապահովի Հայաստանի հարավային սահմանից երթևեկությունը մինչև Վրաստանի սահման, ապա նաև դեպի Սևծովյան նավահանգիստներ:

Վրաստանը ոչ պակաս հետաքրքրված է նաև Իրան-Հայաստան երկաթուղու կառուցմամբ, որը նրան հնարավորություն կտա դուրս գալ դեպի իրանական բազմամիլիոնանոց շուկա և Պարսից ծոց, ինչը Իրան-Արևմուտք կարգավորվող հարաբերությունների հեռանկարում մեծ գրավչություն ունի: Բացի այդ այն կարող է այլընտրանք դառնալ «Silk Wind» նախագծին, որը «Չինաստան-Ղազախստան-Կասպից ծով-Կովկաս-Թուրքիա-Եվրոպա» ուղղությամբ նոր տրանսպորտային ուղի է լինելու: Իրան-Հայաստան երկաթուղին հնարավորություն կտա Կովկասը Չինաստանին կապել նաև Իրանի միջոցով: Այս նկատառումներով շատ կարևոր է, որ Հայաստանի ենթակառուցվածքային համակարգը բազմազանեցվի և օգտագործվի հարևանների հետ կապվելու զանազան միջոցները. այս կերպ Հայաստանը այլընտրանքային ուղի կդառնա տարածաշրջանային այն ծրագրերի համար, որոնց նպատակը Հայաստանը շրջանցելն ու մեր պետությունը մեկուսացնելն է: Կմեծանա նաև Հայաստանի գրավչությունը, որպես տրանզիտ երկիր, այն հարևաննների համար, որոնց հետ մենք ունենք կոմունիկացիոն կապ:

Հայ-վրացական հարաբերությունների կարևոր բաղկացուցիչն է առևտրա-տնտեսական համագործակցությունը և այդ համագործակցության խորացումը, որի համար լավ նախադրյալներ են ստեղծվել դեռևս 2012թ, երբ Հայաստանի և Վրաստանի վարչապետերի միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում ձևավորվեց Առևտրատնտեսական հարցերով հայ-վրացական աշխատանքային խումբը:

Այս խմբի առաջին նիստը կայացել է 2014թ.-ի մարտին Թբիլիսիում, իսկ երկրորդը` նույն թվականի դեկտեմբերին` Երևանում: Հայ-վրացական տնտեսական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ և չօգտագործված հնարավորությունների մեծ պաշար ունի: Չնայած երկկողմ սերտ համագործակցությանը, երկու երկրների տնտեսություններում հարևան երկրի կապիտալի ներկայացվածությունը բավականին փոքր էր: Հայաստանի և Վրաստանի միջև դեռևս 1996թ. ստորագրվել և 1999-ին ուժի մեջ է մտել ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության համաձայնագիրը: Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության տվյալներով 2013-2014 թվականներին հայկական ներդրումների ծավալը Վրաստանում կազմել է ավելի քան 20 միլիոն դոլար: 2013-ի հետ համեմատած՝ անցյալ տարի հայաստանցի գործարարների ներդրումները Վրաստանում աճել են 139 տոկոսով: Վրաստանի 548 ձեռնարկություններում 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ հայկական կապիտալ կա: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս Թուրքիան և Ադրբեջանը Վրաստանի առաջնային և առանցքային առևտրային գործընկերներն են և այդ երկու պետությունները ներդրումների ծավալով մեծ դերակատարություն ունեն վրացական տնտեսության մեջ , որը լրացուցիչ ազդեցության լծակներ է տալիս նրանց, կարևոր է, որ հայկական կապիտալը ևս ներկայացված լինի և գնալով ծանրակշիռ դեր ունենա վրացական տնտեսությունում: Հայկական կապիտալի արտահոսքը կոմպենսացնելու համար կարևոր է, որ մեր տնտեսության մեջ ևս վրացական ներդրումների մասնաբաժինը մեծանա, ինչի միտումներն առայժմ չեն նկատվում: 2014 թվականի սեպտեմբերի վերջն ընկած ժամանակահատվածում ՀՀ տնտեսության իրական հատվածում Վրաստանից կատարված ներդրումների համախառն հոսքերը կազմել են 22.2 հազ. ԱՄՆ դոլար, որից ուղղակի ներդրումներ են եղել 22.2 հազ. ԱՄՆ դոլար: Հայաստանում վրացական կապիտալի մասնակցությամբ գործում է ընդամենը 195 ձեռնարկություն: Անշուշտ, այս առումով հայկական կողմը դեռևս շատ անելիքներ ունի անելու` բարձրացնելու մեր երկրի ներդրումային գրավչությունը:

Հայ-վրացական հարաբերություններում վերջին երեք տարիներին  դրական աճ է նկատվում ապրանքաշրջանառության մեջ: Օրինակ` 2011թ. արտահանման և ներմուծման ծավալները գրեթե հավասար էին համապատասխանաբար` 61.852 և 60.173 միլիոն դոլար: Իսկ ահա 2013թ. արտանման ծավալներն աճել են` հասնելով 86.108 միլոն դոլարի, իսկ ներմուծումը դարձել է 65.834 միլիոն դոլար: Հարկ է փաստել, որ Հայաստանի և Վրաստանի վիճակագրական ծառայությունները ներմուծման և արտահանման տարբեր տվյալներ են տալիս, ինչը բացատրվում է, ամենայն հավանականությամբ, ոչ միայն հաշվարկների տարբերությամբ և մեթոդիկայով, այլև նրանով, որ տարանցիկ ապրանքաշրջանառության մի մասը վրացական կողմը հաշվում է սեփական ներմուծման տողում։ Ներմուծման մեջ հսկայական տեղ է զբաղեցնում օգտագործված մեքենաները, և այս առումով Հայաստանը Վրաստանի համար երկրորդ գործընկերն է, որտեղ իրացվում են այդ մեքենաները: Իսկ Հայաստանից հիմնականում արտահանվում է լեռնարդյունահանող սարքավորումներ, բուսաբուծական և թռչնաբուծական ապրանքներ գյուղմթերք, սննդի արդյունաբերության արտադրանք: Հարկ է փաստել, որ Վրաստանն ու Հայաստանը մրցակցային շուկաներ են, այլ ոչ թե միմյանց փոխլրացնող, այդ պատճառով էլ արդյունաբերական, գյուղատնտեսական ոլորտներում որոշակի սահմանափակումներ կան:

Հայ-վրացական հարաբերություններում մեկ այլ ոլորտ, որտեղ ասեմետրիկ զարգացումներ են առկա, զբոսաշրջությունն է: 2014 թվականին շուրջ 1 միլիոն 325 հազար 635 հայաստանցի այցելել է Վրաստան, որը 2,6 տոկոսով ավելին է 2013-ի ցուցանիշից, մինչդեռ հայաստանյան զբոսավայրերում հազվադեպ կարելի է հանդիպել վրացի զբոսաշրջիկների: Հայաստանյան զբոսաշրջիկների նման մեծ հոսքը պայմանավորված է Վրաստանում ծովի առկայությամբ և առաջարկվող հարմար պայմաններում: Մինչդեռ Հայաստանը, որպես լեռնային երկիր չի շարժում վրացի զբոսաշրջիկների հետաքրքրությունը, քանի որ լանդշաֆտային նման պայմաններ կարելի է գտնել նաև Վրաստանում:

Չնայած հայ-վրացական հարաբերություններն ունեն դարերի պատմություն և երկու հարևան ժողովուրդները կողք կողքի ապրել են բավականին երկար, սակայն ներկայումս դրանց նոր շունչ հաղորդելու, սոցիալական, քաղաքական, տնտեսական մակարդակներում երկկողմ կապերն ամրապնդելու և վստահությունը խորացնելու ժամանակաշրջանն է: Հայաստանը, հաշվի առնելով թուրք-ադրբեջանական պատկառելի ներկայությունը վրացական տնտեսության մեջ,  պետք է փորձի էլ ավելի սերտացնել Վրաստանի հետ  քաղաքա-տնտեսական կապերը, սակայն  կարևոր է  նաև վրացական  կողմի համար մեծացնել Հայաստանի տնտեսական գրավչությունը, որպեսզի հարաբերությունները միակողմանի չզարգանան:

ԱՆնա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում