Փերինչեքի գործով դատավարությանն առաջին անգամ Հայոց ցեղասպանության հարցը քննարկվեց իրավական հարթության մեջ. Գևորգ Կոստանյան

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի քննությունը կարևորում է այն առումով, որ առաջին անգամ Հայոց ցեղասպանության հարցը քննարկվել է իրավական հարթության մեջ: Ազգային ժողովում պատասխանելով ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի հարցին, նշեց, որ մինչ այդ Հայոց ցեղասպանության հարցը միջազգային իրավական հարթության մեջ քննարկման առարկա չի դարձել:

«Եվ հենց այդ հարցն է, որ մեզ համար հատուկ կարևորություն ունի, նկատի ունենալով, որ վիճարկվում է այն հանգամանքը, որ Հայոց ցեղասպանությունը, թեև ունի որոշակի միջազգային հանրային ճանաչում, չի կարող համադրվել Հոլոքոստի հետ, քանի որ Հոլոքոստը Նյուրնբերգյան դատավարության արդյունքում արդեն իրավաբանորեն ճանաչված փաստ է: Սա նշանակում է, որ Հայոց ցեղասպանության հարցը Եվրոպական դատարանում քննարկման առարկա է դարձել բացասական իմաստով, ինչը անհրաժեշտություն առաջացրեց, որ մենք միջամտենք տվյալ գործի քննությանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Կոստանյանը:

Այնուհետ շարունակեց, որ Եվրոպական դատարանին ներկայացվել են այն փաստերը, որոնք կոնվենցիայի իմաստով հայերի ջարդերը որակում էին որպես ցեղասպանություն.

«Այսինքն, մենք ներկայացրեցինք նաև իրավական այն բոլոր հիմքերը, որոնք մեզ հիմք տվեցին պնդել մեր դիրքորոշումը, որ մենք ունենք իրավաբանորեն ցեղասպանության փաստ: Մեր խնդիրն այն էր, որպեսզի Եվրոպական դատարանը, ինչպես նաև միջազգային այլ կազմակերպությունները, որոնք օժտված չեն համապատասխան մանդատով այս կամ այն կոտորածները ցեղասպանություն որակելու կամ չորակելու մանդատով, ձեռնպահ մնան նման հայտարարություններից: Եվ մենք իրավական տեսանկյունից ներկայացրել ենք, որ մենք 1915թ. ցեղասպանության ենք ենթարկվել: Մենք առաջին անգամ ներկայացրեցինք իրավական փաստեր»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում