Կարևոր որոշումներ Կառավարության նիստում

Կարևոր որոշումներ Կառավարության նիստում

Այսօրվա Կառավարության նիստում, հասարակության հուզող առնվազն երկու հարցեր կարծես թե լուծում են ստանում: Առաջինը անուղղակիորեն կապված էր այն դեպքի հետ, երբ հայ-ադրբեջանական սահմանին 4 տարի առաջ ծանր վիրավորված զինվորի ընտանիքը չուներ համապատասխան գումար արտասահմանում վերականգնողական բուժում ստանալու համար: Օրենսդրական բացը թույլ չէր տալիս պետությանը պարտավորություն վերցներ այսպիսի դեպքերի համար արտասահմանում բուժման ծախսերը ֆինանսավորելու համար:

Այսօրվա նիստում, Կառավարությունը դրական համաձայնություն է տվել ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից ներկայացվող օրենսդրական փոփոխությանը, որի համաձայն զինծառայողի ստացած վնասվածքի կամ ծագած հիվանդության` ՀՀ տարածքում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժման (հետազոտության) անհնարինության դեպքում` զինծառայողի բուժումն իրականացվում է օտարերկրյա պետությունում: Բուժման, կացության և ճանապարհածախսի գումարը հատկացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին՝ կառավարության սահմանած կարգի համաձայն:

Երկրորդ կարևոր իրադարձությունը, դա Վարչապետի հանձնարարությունն է, որ կապված է հիպոտեքային վարկերի սպասարկման տոկոսների վճարման կարգի հետ: Ըստ հանձնարարականի, հաշվի առնելով մեխանիզմների անհստակությունը, ֆինանսների նախարարությանը հանձնարարվում է կարճ ժամանակում ուսումնասիրել գործընթացի իրականացման խոչընդոտող պատճառները և մեխանիզմների պարզեցնելու առաջարկներ ներկայացնել:

Օգտվելով այն հանգամանքից, որ Հովիկ Աբրահամայանը, հասարակության հուզող հարցերին փորձում է օպերատիվ արձագանքել և լուծում տալ, կցանկանայինք, մեկ այլ հարց ևս Վարչապետին ուշադրությանը դարձնել: Դա կապված է ԲՈՒՀ-երի (բարձրագույն ուսումնական հաստատությունների) աշխատակիցներին նույնպես սոցիալական փաթեթի օգտվողների ցանկում ընդգրկելու հարցի հետ:

Հիշեցնենք, որ կրթության, մշակույթի և գիտության ոլորտների պետական կազմակերպություններից օգտվողների ցանկում ներառված են այնպիսի պետական ոչ առևտրային կազմակերպությունները, ինչպես օրինակ՝ հանրակրթական դպրոցները, հատուկ հանրակրթական դպրոցները, նախնական մասնագիտական ուսումնական հաստատությունները, գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում ներառված ՊՈԱԿ-ը, Կառավարության, դատախազության և որոշ նախարարություններին առընթեր ուսումնական կենտրոնները և դպրոցներ և այլ կառույցներ, սակայն Կրթության նախարարության համակարգում ընդգրկված բուհերը՝ համալսարանները, հիմնադրամները և ինստիտուտները անհասկանալի պատճառներով ընդգրկված չեն:

Համենայն դեպս, նշված բարձրագույն ուսումնական հաստատությունների աշխատակիցները հուսով են, որ Վարչապետի նախաձեռնությամբ գալիք տարի, նույնպես ԲՈՒՀ-երը ընդգրկված կլինեն այդ ցանկում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում