Ահազանգ: Լոռու մարզպետարանը ճնշում է Ալավերդու ուսուցիչներին

Ահազանգ: Լոռու մարզպետարանը ճնշում է Ալավերդու ուսուցիչներին

Լոռու մարզի Ալավերդի քաղաքի ուսուցիչներն ահազանգում են այն մասին, որ հունիսի 7-ին սպասվող համայնքի ղեկավարի ընտրությունների կապակցությամբ Լոռու մարզպետարանը ճնշում է գործադրում իրենց վրա: Ըստ մեր զրուցակիցների, դպրոցների տնօրենները պահանջում են, որպեսզի ուսուցիչները կազմեն այն մարդկանց ցուցակները, ովքեր պիտի քվեարկեն Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հովանավորյալ Կարեն Փարեմուզյանի օգտին:

Times.am-ի հետ զրույցում Ալավերդու համար 2 միջնակարգ դպրոցի ուսուցիչներն ասել են, որ երկու օր առաջ հավաքվել են քաղաքի բոլոր դպրոցների և բուհերի մանկավարժների անձնագրերը և տարվել Վանաձոր: «Ասում են, տանում ենք ստուգենք, թե արդյո՞ք ուսումնական տարվա ընթացքում Վրաստան գնացել ենք, թե ոչ», – ասում է ուսուցիչներից մեկը՝ հավելելով, որ այլ բացատրություն նրանց չի տրվել:

Դեպքի մանրամասները ճշտելու համար Times.am-ի թղթակիցը փորձել է կապվել Լոռու մարզպետարան, սակայն աշխատակիցներից մեկն մեզ տեղեկացրեց, որ համապատասխան պաշտոնյաներից ոչ ոք տեղում չէ:

ՀՀ Կրթության և գիտության նախարարությունում դեպքի մասին տեղյակ չեն: Times.am-ի հետ զրույցում գերատեսչության Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության ղեկավար Արթուր Բաղդասարյանը նշեց, որ նման ստուգումների մասին որևէ տեղեկատվություն չունեն՝ խոստանալով հարցն ուսումնասիրել, պարզել բոլոր հանգամանքները և տեղեկացնել մեր լրատվամիջոցին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում