ԻՊ-ն Թադմուր քաղաքում 17 մարդու մահապատժի է ենթարկել

ԻՊ-ն Թադմուր քաղաքում 17 մարդու մահապատժի է ենթարկել

«Իսլամական պետությունը» մայիսի 21-ին Թադմուր քաղաքում 17 մարդու մահապատժի է ենթարկել, որոնց թվում սիրիական ուժերի անդամներ և խաղաղ բնակիչներ են եղել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նրանցից ոմանք գլխատվել են: Սիրիացի ակտիվիստների խոսքով՝ իսլամիստները խուզարկում են բնակիչների տները: ԻՊ-ի ահաբեկիչներին հաջողվել է գրավել սիրիա-իրաքյան սահմանային «Թանֆ» անցումը այն բանից հետո, երբ կառավարական ուժերը նահանջել են այնտեղից: Ավելի վաղ իսլամիստները իրենց ձեռքն էին վերցրել ռազմական օդանավակայանը, բանտը և անվտանգության ուժերի շտաբը: Թադմուրի համար մարտերն սկսվել են մայիսի 13-ին: Թեժ մարտերի ընթացքում 460 մարդ է զոհվել, նրանցից 49-ին ԻՊ-ն մահապատժի է ենթարկել: Արդյունքում իսլամիստները կարողացել են առավելության հասնել սիրիական բանակի հանդեպ և վերահսկողություն հաստատել քաղաքի վրա:

Թադմուրի (Պալմիրա)` բաց երկնքի տակ թանգարան համարվող ավերակները, որոնք ձգվում են շուրջ երեք կիլոմետր, ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Քաղաքը գտնվում է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսից 204 կմ հեռավորությամբ: Հնությունների և թանգարանների վարչության պետ Մաամուն Աբդ ալ Քերիմն ավելի վաղ դիմել էր Սիրիայի օդային ուժերին և միջազգային հանրությանը` կոչ անելով պահպանել «սիրիական անապատի մարգարիտը»: Մտավախություն կա, որ հնագույն Թադմուր քաղաքի ավերակները ահաբեկիչների հերթական զոհը կդառնան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում