Ես չէի ցանկանա, որ իմ սերունդներն ապրեին մի երկրում, որտեղ լիներ ստվերային իշխանություն. ՍԴ նախագահ

Ես չէի ցանկանա, որ իմ սերունդներն ապրեին մի  երկրում, որտեղ լիներ ստվերային իշխանություն. ՍԴ նախագահ

Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը  սահմանադրական  փոփոխությունների համատեքստում անդրադառնալով  կառավարման   մոդելի  նորացմանը, ակնարկեց, որ  խորհրդարանական կամ նախագահական համակարգի  ընտրությունը  քաղաքական  խնդիր է. ՀՀ նախագահը համաձայն է  ժողովրդավարության զարգացման  ուղղությամբ  գնալուն, բայց արտաքին և ներքին  անվտանգության երաշխիքների  պարագայում: Ըստ այդմ՝  Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն ավարտել է նոր Սահմանադրության նախագծի առաջին մասի մշակումը,  իսկ կառավարման  մոդելին վերաբերող  քննարկում դեռ չի եղել:

«Տրամաբանական չի լինի, որ նախաձեռնող սուբյեկտը ներկայացնի երկու տարբերակ և ասի՝ Ազգային ժողով, ես երկու տարբերակ եմ ներկայացնում, որն ուզում եք՝ ընտրեք: Այդ դեպքում կստացվի, որ նախաձեռնող սուբյեկտ է դառնում նաև Ազգային ժողովը: Իհա՛րկե, ոչ մի փուլում չի բացառվում, որ Ազգային ժողովն էլ կարող է իր տարբերակը ներկայացնել: Թե ինչ կլինի, որը կընտրվի, դա արդեն մասնագիտական հանձնաժողովի խնդիրը չէ»,-նշեց Գերագույն դատարանի ղեկավարը:

Այս ֆոնին Գագիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ հունիսի սկզբից մինչև հունիսի 12-ը  քաղաքական ուժերի հետ հանդիպումներ են լինելու`  հավելելով, որ սահմանադրական  բարեփոխումների նախագիծը քննարկելու  հայտ է  ներկայացրել  14  կուսակցություն: Ավելին, մինչ այս արդեն հանդիպումներ են եղել ՀՅԴ-ի և ԱԻՄ ներկայացուցիչների հետ, նաև մեկ   հանդիպում  ԲՀԿ-ի, սակայն հետագա   հանդիպումների հետ կապված ցանկություն  կուսակցությունը  դեռ  չի  հայտնել:

Ինչ վերաբերում է բարեփոխումների վերջնական տարբերակի  ժամկետին,  ՍԴ նախագահը զերծ մնաց կանխատեսումից, բայցև  նկատեց, որ իրենց մասով  աշխատանքներն աշնանն ավարտած կլինեն և դրանց հանրագումարը կներկայացնեն ՀՀ նախագահին:

Դիտարկմանը՝ ասում են, որ  սահմանադրական փոփոխություններն  իշխանություններն իրականացնում են վերարտադրվելու համար, Գագիկ Հարությունյանն արձագանքեց. «Եթե գործող իշխանությունը ցանկություն ունենա  վերարտադրության, ապա  դա  ավելի հեշտ կարող է անել  այսօրվա սահմանադրությամբ, քան՝ փոփոխությունների»:

Հակադարձմանը, թե  ՀՀ Սահմամանադրական դատարանը երբևէ կարո՞ղ է անվավեր ճանաչել նախագահական ընտրությունների արդյունքները, ՍԴ նախագահը  շեշտեց՝   միշտ կարող  է  անել,  եթե   համապատասխան սահմանադրական  հիմքերը  կան:

Վերադառնալով  Սահմանադրական փոփոխությունների նպատակահարմարությանը և  պետականության ամրապնդման հարցում  դերին,  Գագիկ Հարությունյանը  հայտարարեց. «Այս երկրի զարգացման ամբողջ պատմությունն իմ միջով է անցել, ես չէի ցանկանա, որ իմ սերունդների, թոռների  ճակատագիրը կախված լիներ մի սուբյեկտից: Ես չէի ցանկանա, որ նրանք ապրեին այնպիսի երկրում, որտեղ լիներ ոչ միայն ստվերային  տնտեսություն, այլև ստվերային իշխանություն»:

Թե ինչ ասել է ստվերային իշխանություն,  արդյո՞ք գործող սահմանադրական կարգը թույլ է տվել մեզ  ունենալ ստվերային իշխանություն,  ՍԴ ղեկավարը նկատեց, որ խոսքը վերաբերում է  լիազորությունների հստակեցման, դրանց  հակակշռող և զսպող մեխանիզմների և հայեցողության սահմաններին, որտեղ բացթողումներ կան.«Եթե բալանս եղավ, մենք կունենանք այլ որակ: Գործող Սահմանադրությամբ այդ որակը չկա»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում