Ռուբեն Հակոբյան. էլեկտրաէներգիայի թանկացման հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելը նպատակահարմար չէ

Ռուբեն Հակոբյան. էլեկտրաէներգիայի թանկացման հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելը նպատակահարմար չէ

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը չի միացել էլեկտրաէներգիայի թանկացման հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը, քանի որ այդ հարցը իր հետ նախօրոք չեն քննարկել:

Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ չի միացել ՀԱԿ-ի նախաձեռնած ստորագրահավաքին, Հակոբյանն ընդգծեց, որ բազմաթիվ անգամ ասել է, որ երբ որևէ քաղաքական ուժ ցանկանում է ինչ-որ բան նախաձեռնել, պետք է այդ հարցը քննարկի մյուս քաղաքական ուժերի հետ:

«Ես միշտ ասել եմ, որ այդ առաջ ընկնելու գործելաոճը, ցույց տալը, թե իրենք ամենաուժեղ ընդդիմությունն  են, ճիշտ ճանապարհ չէ: Իհարկե, ես չեմ միացել ստորագրահավաքին, սակայն հետո բացատրել եմ իմ գործընկերներին, որ էլեկտրաէներգիայի թանկացման հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելը նպատակահարմար չէ, քանի որ դրա համար ժամանակ է հարկավոր, իսկ էլեկտրաէներգիայի թանկացումն օրերի հարց է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հակոբյանը:

Ռուբեն Հակոբյանը նախընտրում է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցը քննարկել խորհրդարանական լսումների միջոցով, ինչն առավել նպատակահարմար է, քան հանձնաժողով ստեղծելը:

«Ես կարծում եմ, որ որևէ քայլ ձեռնարկելուց առաջ հարկավոր է նախ հասկանալ, թե որքանով դա արդյունավետ կլինի: Տվյալ դեպքում հանձնաժողովի ստեղծումն արդյունավետ չի լինի, իսկ ահա խորհրդարանական լսումների միջոցով մենք կարող ենք առարկայական քննարկումներ անցկացնել, հասկանալ իրավիճակը, բարձրաձայնել մեզ և հանրությանը հուզող հարցերի մասին»,- ասաց Հակոբյանը:

Պատգամավորը ևս մեկ անգամ կոչ արեց քաղաքական ուժերին որևէ նախաձեռնություն սկսելուց առաջ այն քննարկել այլ քաղաքական ուժերի հետ:ԱԺ ՀԱԿ խմբակցությունը ստորագրահավաք էր սկսել էլեկտրաէներգիայի թանկացման հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու համար, սակայն նախաձեռնությունը տապալվել էր բավարար ստորագրություններ չլինելու պատճառով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում